2012.06.22,

Քննադատ

Մեր լեզվի կյանքը

Ես, մեր սերիալների լեզվի խնդիրներով տարվելով, մի ամբողջ նախընտրական ժամանակաշրջան շրջանցեցի, եւ իմ էս սերիալային էքսկուրսների հետ կապված ամենաարտառոցն էն է, որ, չնայած դրանց ահագին անդրադարձա ու դրանց մասին ահագին գրեցի, այդուհանդերձ, մեր սերիալների լեզվական խնդիրներին ոնց որ պետքն է չանդրադարձա, որովհետեւ հիմա եմ հասկանում, որ մենք մեր սերիալների լեզվի հետ կապված որեւէ առանձին խնդիր չունենք:

Մեր լեզվի հետ կապված մեր խնդիրները գլոբալ եւ համընդհանուր են, եւ եթե մեր սերիալների լեզվի հարցը համընդհանուր կոնտեքստից դուրս քննարկենք, հաստատ կսխալվենք: Եւ եթե մեր պատգամավորների նախընտրական ելույթների լեզուն առանձին քննարկենք, վերստին կսխալվենք, որովհետեւ մեր այսօրվա բանավոր ու խոսակցական լեզուն մեր գրավոր ու գրական լեզվից այնքան է կտրված ու հեռացած, որ վերջինն արդեն սպառնում է վերածվել գրաբարի, իսկ առաջինը` չգիտես, թե ինչի:

Ասածս ոչ միայն մեր սերիալների ու մեր պատգամավորների լեզվին է վերաբերում, այլեւ բոլորիս խոսակցականին ու գրականին, եւ մեր լրագրողների ու լրագրության լեզուն էլ բացառություն չի, եւ վաղուց ժամանակն է խոստովանել, որ մենք բոլորս մի լեզվով խոսում ենք եւ միանգամայն այլ լեզվով գրում: Կյանքում այլ լեզվով ենք խոսում, եթերում՝ միանգամայն այլ:

Խոսքս բոլորիս մասին է, ավելի ճիշտ` գրեթե բոլորիս, որովհետեւ, այնուամենայնիվ, մի քանի հոգու տեսել եմ, որոնք առօրյա կյանքում, եթերում, մամուլում ու պաշտոնական վայրերում նույն հայերենով են խոսել. ասածս վերաբերում է Վիկտոր Համբարձումյանին, Սիլվա Կապուտիկյանին եւ լեզվաբան Աշոտ Աբրահամյանին: Երկար մտածելուց հետո հիշեցի, որ չորրորդն էլ կա` արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը: Էլի կլինեն, իհարկե, բայց եթե էս պահին դժվարանում եմ հիշել, կնշանակի` առանձնապես շատ չեն, եւ դա նշանակում է, որ մենք այսօր իրարից չափազանց տարբեր երկու գործող լեզու ունենք` բանավոր եւ գրավոր, ավելի ճիշտ` գրական եւ խոսակցական, որոնք գնալով իրարից ավելի ու ավելի են հեռանում:

Եւ եթե էս տեմպերով շարունակվի, մենք եւս մի լեզու կկորցնենք, այսինքն` մեր էսօրվա գրավոր ու գրական լեզուն էլ մի օր անհասկանալի ու մեռյալ գրաբարի կվերածվի, եւ ամենեւին չեմ կարծում, թե մեր լեզվի մաքրության անխոնջ ու մշտարթուն պահապանների ուզածը դա է: Եւ մինչ էս բաների մասին էի մտմտում, Հայոց աշխարհում ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանն ավարտին էր մոտենում, եւ հիմա, երբ էս հարցերի շուրջ մտածելս շարունակում եմ, ընտրություններն արդեն ավարտվել են, եւ չնայած վերջնական արդյունքներն արդեն հայտնի են` արդեն իսկ զգացվում է, որ ընտրապայքարը շարունակություն ունի, եւ էս պայքարը շատ ջուր է վերցնելու:

Եւ էս ընթացքում էլ, մեր բանավոր ու գրավոր, մեր խոսակցական ու գրական լեզվի մասին մտածմունքներս շարունակելով, հասկացա, որ մեր բանավորն ու գրավորը մերձեցրած գլխավորին մոռացել եմ, եւ գլխավորն, իմ պատկերացմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որի խոսակցական եւ աշխատանքային հայերենները նույնն են, ավելի ճիշտ` գրեթե նույնն են, եւ սա իմ ենթադրությունն է` ինչպես որ Վիկտոր Համբարձումյանի, Աշոտ Աբրահամյանի, Սիլվա Կապուտիկյանի ու Հենրիկ Հովհաննիսյանի դեպքերում է իմ ենթադրությունը, որովհետեւ թվարկածներիս ու ներառյալ Տեր-Պետրոսյանին տանը կամ բակում խոսելիս չեմ տեսել, բայց, չտեսնելով հանդերձ, չեմ էլ պատկերացնում, որ թվարկածներս ու ներառյալ Տեր–Պետրոսյանն իրենց ամենամտերիմների շրջանում այլ հայերենով բարբառած ու արտահայտված լինեն:

Թվարկածներիս իմացած ու կիրառած հայերենները գրեթե նույնն են. այսինքն` թվարկածներս տանը, փողոցում, եթերում ու պաշտոնական վայրերում նույն հայերենով են արտահայտվել ու արտահայտվում, ու երեւի էդ է էդ լեզվի մթնոլորտի ու, այսպես կոչված, էներգետիկայի հիմնական ակունքը. այսինքն` մեր խոսակցականի ու գրականի, մեր բանավորի ու գրավորի հաշտեցումը ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականորեն է հնարավոր:

Եւ մինչ էս կիսատ-պռատ ու վիճելի մտքերս արտահայտում էի, Հայաստանում նախընտրական շրջանն ավարտվեց, եւ ընտրապայքարում ի հայտ եկավ մեկը, որը նույնպես իր ունկնդիրների հետ իր մշտական ու իր հիմնական լեզվով է խոսում, եւ արդյունքն ակնհայտ է: Եւ չնայած արդյունքն ակնհայտ է՝ երեւի քչերդ գլխի ընկաք, որ այդ մեկը Գագիկ Ծառուկյանն է, եւ անկախ նրանից` ինչքանով են ընտրություների արդյունքները հավաստի, դեռեւս ընտրություներից շատ առաջ բոլորի եւ նույնիսկ Ահարոն Ադիբեկյանի համար պարզից էլ պարզ էր, որ Ծառուկյանն ու իր «Բարգավաճն» այս ընտրապայքարում վատագույն դեպքում երկրորդ տեղում են հայտնվելու, եւ դա՝ շնորհիվ միանգամայն նոր լեզվական էներգետիկայի:

Եւ այս էներգետիկան Տեր–Պետրոսյանի հռետորական էներգետիկայի հետ էնքանով կապ ունի, որ սրա բանեցնողն էլ է ժողովրդի հետ խոսում այն լեզվով, որով օրվա մնացած ժամերին է խոսում, եւ էս երկրորդը ոչ թե մեր գրավոր ու գրական լեզուն է հրապարակայնացնում, այլ մեր բնական ու առօրյա խոսվածքը, ավելի ճշգրիտ` ի՛ր առօրյա եւ ի՛ր բնական լեզուն, որը հիմնականում համընկնում է ընտրազանգվածի առօրյա, բնական ու խոսակցական լեզվին:

Ասածներս ինձ համար էլ են արտառոց ու վիճելի, որովհետեւ ինձ համար էլ են հանպատրաստից ու հանկարծակի:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *