Այսօր մեր սերիալներն աջուձախ քննադատողները հիմնականում քննադատում են էդ սերիալների լեզուն: Ես միշտ հրավիրվել, բայցեւ միշտ հրաժարվել եմ մասնակցել էդ տիպի քննրկումներին, որովհետեւ, ի տարբերություն շատերի, գիտեմ եւ հասկանում եմ, որ մեր սերիալների լեզուն միանգամայն սազական ու համահունչ է մեր սերիալների ոգուն, բովանդակությանն ու էությանը, եւ հատկապես ու առանձնապես`էդ սերիալների գործող անձանց, որոնց զգալի մասը քրեական տարրեր են, եւ շատ տարիօրինակ կլիներ, եթե նրանք խոսելիս ոչ թե բադրջան ասեն, այլ բադրիջան: Եվ այլն:
Ինչ վերաբերում է մեր քրեական ու կիսաքրեական սերիալների մյուս հերոսներին, դրանք քրեականների շրջապատի մարդիկ են` վերստին քրեական հակումներով, եւ, բնականաբար, մանավանդ լեզվի ու բառապաշարի տեսակետից, փորձում են նմանվել իրենց շեֆերին. ավելին՝ եթե սրանց շեֆերը երբեմն-երբեմն գրական բառեր էլ են օգտագործում, լակեյները սկզբից մինչեւ վերջ հարազատ են մնում իրենց տիպական լեզվամտածողությանն ու բառապաշարին:
Սրանց հիմնական լեզուն ամենեւին էլ գողական լեզուն չի, եւ գողական լեզուն սրանց հիմնական լեզուն չէր էլ կարող լինել, որովհետեւ, իմ իմանալով, էս սերիալների սցենարիստների զգալի մասը երիտասարդ ու եռանդուն տղաներ ու աղջիկներ են` բանասիրական ու լեզվական բավարար գիտելիքներով ու բավական հեռու գողական ու փողոցային լեզվից ու ժարգոնից, բայցեւ բավական տեղյակ մեր էսօրվա երիտասարդության ու մանավանդ բարձրդասարանցիների լեզվին ու սլենգին, եւ հիմնականում դա է պատճառը, որ մեր սերիալների հերոսների զգալի մասը մեր այսօրվա երիտասարդության հիմնական բառապաշարով ու խոսվածքով է խոսում, արտահայտվում ու ինքնարտահայտվում:
Եւ եթե մեր սերիալների լեզվի քննադատության մեջ մասնագիտացված փորձագետները համարում են թե` մեր սերիալների լեզուն քրեական ու զուտ փողոցային ժարգոնն է, դա նշանակում է, որ մշտապես մեր սերիալների հարցերով մտահոգ փորձագետները առանձնապես մտահոգված չեն մեր բուն կյանքի երեւույթներով եւ ավելի շատ մեր սերիալների լեզվական հարցերին են սրտացավորեն վերաբերվում, քան մեր բուն կյանքի լեզվական հարցերին ու խնդիրներին, այլապես մեր հեռուստատեսությունն ու մեր մամուլը, որ էդքան հաճախ մեր սերիալների լեզվին վերաբերող խնդիրների կապակցությամբ են քննարկումներ կազմակերպում, երբեմն-երբեմն էլ նույն սրտացավությամբ քննարկումներ կնախաձեռնեին մեր իսկ բուն կյանքի լեզվի կապակցությամբ ու առնչությամբ, ավելի ճշգրիտ` մեր երիտասարդների առօրյա լեզվի ու խոսակցականի կապակցությամբ:
Որովհետեւ ես ոչ միայն կարծում եմ, այլեւ միանգամայն հստակ տեսնում եմ, որ ոչ թե մեր սերիալներն են բացասական ազդեցություն թողնում մեր երիտասարդության լեզվի վրա, այլ ընդհակառակը՝ մեր երիտասարդության բուն լեզուն անմիջականորեն ու ուղղակիորեն է ազդում մեր սերիալների եւ հատկապես մեր սերիալների լեզվի վրա:
Եվ ամենաանհեթեթն էն է, որ մեր սերիալների լեզուն ամենից ավելի քննադատում են նրանք, ովքեր ուղղակիորեն են պատասխանատվություն կրում մեր երիտասարդության լեզվի վիճակի ու պատկերի համար, ավելի ճիշտ՝ ոչ թե պատասխանատվություն են կրում, այլ պիտի պատասխանատվություն կրեին, եւ էս ասածս առաջին հերթին վերաբերում է մեր մտավորականներին, ավելի ստույգ` մանկավարժության բնագավառի մեր մտավորականներին, այն է` մեր դասախոսներին եւ ուսուցիչներին, որոնց ներկայությամբ ու որոնց քթի տակ ամեն օր ու ամեն ժամ ծլում, ծաղկում ու ձեւավորվում է էն արգահատելի լեզուն, որն այնուհետեւ գրեթե նույնությամբ մեր սերիալչիների թեթեւ ձեռքով դրվում է մեր սերիալների քրեական ու ոչ քրեական հերոսների բերանները:
Այսինքն՝ մեզ ու մեր գրագետներին էս աստիճան ահաբեկած սերիալային լեզվի հիմքերը ոչ թե մեր հեռուստաընկերություններում ու մեր սերիալներում է դրվում, այլ մեր իսկ բուն կյանքում, եւ հետաքրքիրն էն է, որ մեր կյանքում հիմնավորված, ամրապնդված ու արդեն բավական ամուր արմատներ գցած էդ լեզուն մեր գրագետներին, մտավորականներին ու բոլորին անհանգստացնում է միայն էն դեպքում, երբ էդ հիրավի արատավոր հայերենը հնչում է մեր հեռուստաեթերից ու մանավանդ մեր սերիալներում, եւ ես չեմ հիշում գեթ մի հեռուստահաղորդում, որտեղ բանավիճող կողմերը մեր առօրյա կյանքում հնչող ու տիրություն անող խոսակցական լեզվի հարցերը քննարկման առարկա դարձնեին, մինչդեռ մամուլում, եթերում ու առօրյա կյանքում աջուձախ բողոքում ու դժգոհում են սերիալների անօրեն ու անբարեպաշտ լեզվից, որն օրուգիշեր մեր ազգաբնակչության եւ մանավանդ մեր ապագայի հույս ջահելության շուրթերին է:
Եվ համոզված եմ՝ մեր մտավորականներն ու մեր գրագետները, էս գրածս կարդալով, ոչ թե կփորձեն էս գրածիս շուրջ մտածել ու մտմտալ, այլ ընդհակառակը՝ անմիջապես կհակաճառեն ինձ` ասելով, որ մեզանում ոչ բոլորն են արգահատելի հայերենով խոսում, եւ որ ես չափազանցնում եմ ու փոխանակ սերիալաստեղծներին մեղադրեմ, մեղավորներին ժողովրդի ու երիտասարդության մեջ եմ փնտրում:
Հնարավոր է, որ մի քիչ չափազանցնում եմ եւ չէի էլ կարող չչափազանցնել, որովհետեւ առաջին անգամ եմ էս մասին բարձրաձայնում: Այսինքն՝ մենք, մեր գրագետները եւ նույնիսկ մեր գրականագետներն ու լեզվաբանները մոռացել են, որ գրականության ու կինոյի լեզուն կյանքի՛ լեզուն է, այլ ոչ թե հակառակը, եւ ոչ թե Պեպոն, Կակուլին, Զիմզիմովն ու մյուսներն էին Սունդուկյանի լեզվով խոսում ու արտահայտվում, այլ ճիշտ հակառակը:
Ինչպես տեսնում եք, ես ոչ մի կերպ չեմ հաջողացնում մեր սերիալների լեզվին անդրադառնալ, եւ պատճառը ոչ թե իմ ապաշնորհությունն է, այլ իմ դիրքորոշումը:
Ես հակված եմ մեր լեզվի առաջընթացն ու հետընթացը մեր կյանքում նկատել ու տեսնել, այլ ոչ թե սերիական ու սերիալային ստեղծագործություններում: Մանավանդ` էս նախընտրական ու հետընտրական ժամանակաշրջանում:
Ներող եղեք:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: