2012.06.20,

Քննադատ

Կոմերցիան տեղեկատվական առիթի բացակայությունն է

Հեռուստագովազդը հեռուստատեսության լեգալ բիզնեսն է: Բայց երբ այդ գովազդը մտնում է լրատվություն, անմիջապես դառնում է տնտեսական ամենաթողություն: Սա նուրբ ասած: «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով «արգելվում է գովազդային ընդհատումը պաշտոնական լրատվական հաղորդագրությունների ժամանակ»: Որքան տեղյակ եմ ոչ մի օրենքով չի սահմանվում հենց լրատվության մեջ կոմերցիոն հաղորդումների լինել-չլինելու իրավականությունը: Այնուամենայնիվ, ապրանքային նշանների կամ կոմերցիոն կազմակերպությունների մասին լրատվությունը, եթե այն քրեական կամ արտակարգ որեւէ պատահարի, կամ նրանց հանդեպ կիրառվող տույժ ու տուգանքի մասին չէ, արդեն կոմերցիոն է, հետեւաբար՝ գովազդային:

««Գովազդի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը 9-րդ հոդվածում 6-րդ կետ է ավելացրել՝ հեռուստահաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաեւ հեռուստահաղորդումների ազդին նախորդող եւ (կամ) հաջորդող տվյալ հեռուստահաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ: Օրենքի այս լրացումը ստորագրվել է 2011թ.-ի հունիսի 18-ին:

««Գովազդի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, սակայն, չի կարգավորել լուրերի ժամանակ կոմերցիոն բնույթի տեղեկությունների հարցը: Օրենքում ոչ մի խոսք չկա շահույթ հետապնդող գործունեություն ծավալող կազմակերպության կամ անհատի մասին լրատվական նյութ պատրաստելու մեխանիզմների, դրանց թույլտվության չափանիշների կամ սահմանափակումների մասին:

Բայց հեռուստատեսային լրատվական թողարկումներով կոմերցիոն շահեր ներկայացնող նյութեր կան ու դրանք շատ են: Գրեթե ամեն օր եթերում հայտնվող հեռահաղորդակցության երեք օպերատորների  բարեգործությունների մասին հեռուստասյուժեները ձեզ օրինակ: «Բիլայնը», «Օրանժը» եւ «Վիվասելը» ակնհայտորեն շահույթ հետապնդող կազմակերպություններ են եւ լրատվությունն էլ ակնհայտորեն կոմերցիոն բնույթի է:

Հեռուստալրատվական թողարկումներում հաճախ են «Իմեքս-Գրուպի», «Տաշիր-Գրուպի», «Մուլտի-Գրուպի» մասին սյուժեները: Հունիսի 15-ին «հ2»-ի «Լրաբերը» հենց լրատվական թողարկման մեջ պատմում էր «Իդեալ» համակարգի 15-ամյակին նվիրված ինչ-որ ակցիայի մասին:

Հունիսի 8-ին «Ուրվագիծն» անդրադարձել էր «Հայկական երկաթուղիներին» (ՀԵ): Ամռան սեզոնին ՀԵ-ի թեման անկասկած գովազդի շեշտադրումներ է ձեռք բերում, քանի որ լրագրողը հաստատ չէր խոսելու ՀԵ-ի խնդիրներից: Արդյունքում մենք տեղեկացանք ՓԲԸ-ի բոլոր բարեմասնություններին: Այն դասական կոմերցիոն ոճով սարքած նյութ էր: Եթե խնդիր չկա, կոմերցիա է: Եթե խոսում ենք դեղից, առանց խնդիրներին անդրադառնալու՝ կոմերցիա է, եթե խոսում ենք օղուց առանց առիթի, նույնպես կոմերցիա է: Կոմերցիան տեղեկատվական պատճառի բացակայությունն է:

Հունիսի 19-ի իրենց գլխավոր լրատվական թողարկումներում «Հ1»-ը եւ «հ2»-ը ներկայացրեցին Սամվել եւ Կարեն Կարապետյանների եւ «Տաշիր» բարեգործական կազմակերպության մի ակցիայի մասին՝ 6 մանկատան 30 շրջանավարտի հատկացնել 300 հազարական դրամ: Ոչ մի խնդիր, լավ բան են արել: Նույնիսկ շատ լավ բան: Բայց, եթե ուզում ես թմբկահարվի քո բարեգործությունը, ինչու՞ այդ լուրը չներկայացնել որեւէ բիզնես թողարկման մեջ: Չէ որ տեղեկատվության որակից էլ է երեւում, որ խնդիրը ոչ այնքան մանկատան երեխաներն են, որքան հետեւյալ նախադասությունը. «Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը  ուղղել է հանրապետության մանկատների շրջանավարտներին աջակցելուն: Այս անգամ դրանց հավելվել են «Տաշիր» բարեգործական կազմակերպության միջոցներից»:  «Տաշիրը» Հայաստանում իրականացնում է բիզնես գործունեություն, իսկ Կարեն Կարապետյանը ԱԺ պատգամավոր է: Այսինքն, իրեն ներկայացնելու խնդիր ունի: Նշանակում է, կամ վճարել է այդ ռեպորտաժների համար, կամ չի վճարել, այլ անվճար շահագործել է ոչ կոմերցիոն լրատվական թողարկման հնարավորությունները:

Հեռուստատեսային նորությունների թողարկումներում կոմերցիոն սյուժեների օրինակներ կարելի է բերել անվերջ: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունների համար: Իսկ ի՞նչ պետք է արվի: Պետք է լրատվական ծրագրերից դուրս մղվեն գործարար կազմակերպությունների կամ անհատ գործարարների մասին պատմող տեսանյութերը, եթե խոսքը քրեական, արտակարգ որեւէ պատահարի կամ նրանց հանդեպ կիրառվող տույժ ու տուգանքների մասին չէ: Նույնիսկ եթե տեղեկատվությունը սոցիալական բնույթի է, այն կոմերցիոն է, եթե պատմում է շահույթ հետապնդող գործունեություն ծավալող կազմակերպության կամ անհատի մասին: Հետեւաբար, նախ պետք է օրենքով կարգավորվի լուրերի մեջ նրանց ներգրավվածության տրամաբանությունը:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *