«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» սահմանդրական հաստատումն իմաստ չունի: Իշխանության պատկանելությունը հայտորոշվում է այդ նույն ժողովրդի որոշումներ կայացնելու մեխանիզմի աշխատանքի տրամաբանությամբ, որը ի դեպ նույն սահմադրությամբ իրականացվում է «ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Բացահայտ է, որ «ազատ ընտրությունների» մասով ժողովրդի իշխանության գործադրման մեխանիզմը չի աշխատում: Այս հոդվածում ավելի շատ կքննվի մեխանիզմի հնարավոր ու ներկայիս աշխատանքի առանձնահատկությունները` շեշտադրելով լրագրողի առաքելության առանցքայնությունը այդ մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով ժողովրդի իշխանության իրագործման համար:
DIY ակումբի շուրջ կրքերը կարծես փոքր-ինչ հանդարտվել են, իսկ հայկական բառարանից օգտակար բառերից մեկն էլ վտանգվեց, դրան զուգահեռ ներմուծելով նոր «կեղծ-հայրենասեր» բառը: Թվում է, թե անմեղ բան է: Բայց կարող է հնարավոր գործողությունների ամբողջ մի շղթա կանխավ արգելափակել ու բռնանալ մարդու ազատ կամքի վրա: Դեռ «ազատն» էլ պարզ չի որքանով ենք յուրացրել, դրանից բխող բոլոր հետեւանքների հետ միասին:
Կասեք, ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ լրագրողները: Կարծում եմ, ի տարբերություն քաղաքացիներիս, ովքեր ազատ կամքի գործադրողներն են, լրագրողներն այդ կամքի գունավորումները փոխանցողներն են ու հիրավի համարվում են «չորրորդ իշխանություն»: Այսօր, գուգլ որոնողական ծրագրով «DIY ակումբ» բառակապակցությանն ի պատասխան ստացա 70700 գրառում, որոնք հայտվնել էին մայիսի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում: Անզեն աչքով անգամ դիտարկելիս, ակամայից օդում որպես քաղաքացի հարցնում եմ ինչու՞ դեպքերն արձանագրվեցին մայիսի 6-ին ԵԱՀԿ եզրակացությունների հիման վրա օրինակելի ու անազատ գնահատականին արժանի խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց: Ինչու՞ այդ հարցը լրագրողներին ու առավել եւս խմբագիրներին չհետաքրքրեց:
Արդյո՞ք սա այն հարցն էր, որ քաղաքականության մշակման առումով այդ պահին ակտուալ էր կամ էլ հանրության շրջանում քննարկվող հիմնական հարցերից էր, որ արժանացավ ՀՀ-ում գրանցված` անսահմանությանը ձգտող իրադարձությունների տիրույթից լուրերի շրջանակ անցնելու լրագրողական որոշմանը: Արդյո՞ք սա քաղաքական պատվեր էր, թե քրեական հանցագործություն: Իսկ լուրերը փոխանցելիս բոլոր փաստացի հիմքերը ստուգվե՞լ էին: Արդյո՞ք այս լուրը հանրության մշակութային ու ինտելեկտուալ հետաքրքրությունները զարգացնելու որեւէ հեռանկար ունի, թե վերջապես, նպատակ էր հետապնդում վերլուծել մարդու հիմնարար իրավունքների ամբողջությունը պատկանելության տեսանկյունից:
Սրանք այն հարցերն են, որոնք ցանկացած միջին ստատիստիկ լրագրող եւ մասնավորապես խմբագիրները մշտապես կիրառում են իրադրաձություն-լուր-մեկնաբանություն շղթայում, քանի որ քաջ գիտակցում են իրենց կոչումը:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով սահմանված կարծիքն ազատ արտահայտելու ու տեղեկատվություն, ինչպես նաեւգաղափարներ ազատ տարածելու ու ստանալու իրավունքի պաշտպանությամբ ու այդտեղ մասնագիտական հղկված ընտրողականությամբ է, որ լեգիտիմացվում է լրագրությունն ու դառնում այդքան արժեւորված: Սա այն առանցքն է, որ թույլ է տալիս քաղաքացիներին լոկալ ու գլոբալ նշանակության իրադարձություններից որոշակի կանոնների ենթարկվող լրաքաղի հիման վրա ձեւավորել իշխանություն ու կոչվել Հանրապետություն:
Միայն անկախ ու բարձր մասնագիտական որակներ ունեցող, արժեքային որոշակի համակարգ հռչակած ու այն դավանող լրագրության դեպքում հնարավոր կլինի ժողովրդի մասնակցությամբ իրականացնել պետական իշխանություն «Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա»:
Վերադառնամ DIY ակումբի շուրջ լրատվությանն ու դրա առանձնահատկություններին: Իհարկե 70700 գրառումների հետ չծանոթացա, կարիք էլ չկար: Հիմնական պատահական ծաղկաքաղն ու կայքերի ընթերցված լինելու` իրադարձության ազդեցության ուժգնությունը փոխանցելու տեսանկյունից կիրառված զտումն ու ընթերցումը հանգեցրեց շատ տխուր եզրակացության: Լրագրողները այս դեպքում լրատվամիջոց չէին, այլ ազատական շուկայական սկզբունքի կիրառմանը ենթարկվող խողովակ: Ամերիկյան լրագրության ու լրատվամիջոցների վերաբերյալ հետազոտությունները արձանագրում են նմանատիպ լրագրության առկայությունը նախապատերազմյան շրջանում:
Հետաքրքիր զուգադիպությամբ սա Միացյալ Նահանգների այն շրջանն է, ե՛րբ ամբողջանում է մենաշնորհային տնտեսվարողների ազդեցության տակ գտնվող տնտեսությունը, գործում են քրեական ցանցերը, Ալ Կապոնեն ձերբակալվում է, անխնա վերակառուցվում են ու արդյունաբերական առաջընթացի զոհ են դառնում մեծ քաղաքների պատմական շենքերը, ե՛րբ քաղաքական էլիտան սերտաճած է տնտեսվարող օլիգարխիկ ընտանիքների հետ, սերտ կապեր ունի մաֆիայի հետ, ե՛րբ հետապնդվում են այլախոհները` այս դեպքում կոմունիստները եւ այլն: Ծանոթ է, չէ՞:
Ինչպես ազատական լրագրության շրջանի ԱՄՆ-ում, մեր դեպքում եւս «DIY ակումբի» մեդիականացման դեպքում պարզ դարձավ, որ լրատվամիջոց լինելու գործառույթը իրադարձության տերերինն էր կամ այն գործարկող մեխանիզմի հետեւում կանգնած քաղաքական տեխնոլոգներինը, եթե այդպիսիք իհարկե կային, բայց ոչ` լրագրողներինը: Էականը հաստատումը շատ հոռետեսական է, քանի որ իրադարձությունների բազմությունից ընտրանքի ձեւավորումը կարող է կատարվել ցանկացած վայրում, բայց ոչ` խմբագրություններում ու մասնագիտական մարմիններում առաջացած քննարկումների արդյունքում:
Վերջապես, լրատվամիջոցի հայտ կարող են ներկայացնել միայն կազմակերպված խմբերը, քանի որ ժողովուրդը այդ կարողականությունը չունի: Տարբեր խմբերի կողմից լրատվամիջոցի յուրացումը աներկբա ծառայեցվելու է տվյալ խմբի շահերին: Միակ հույսը լրագրողների որպես ինքնագիտակցություն ունեցող խմբի` Սահամնադրության 27-րդ հոդվածի երաշխավորողի ու այդպիսով ժողովրդին պետության միջոցով իշխանություն գործադրելու հնարավորություն ընձեռողի մասնագիտական գործունեություն ծավալելու կրթական ու պրակտիկ հիմքերի նվաճումն է:
Լրագրողներն իրենք լայն իմաստով ունեն չլուծված ու չնվաճված «ազատության» խնդիր: Սա եւս պահանջում է արժեքային հեղափոխություն, որին հուսամ այդ պատվարժան մարդիկ պատրաստ են:
Նվարդ Մանասյան
Հ.Գ. Ուզում եմ մեր լրագրողներին փոխանցել ամերիկյան լրատվամիջոցների ու լրագրողների շրջանակում անցկացված հարցման արդյունքները եւ այն արժեքային հաստատումները, որոնցով այսօր այդ խումբը ձեւավորում է գերտերություններից մեկի օրակարգը, հաճախ շատ անհարմար վիճակում դնում պետական մարմիններին ու առանձին քաղաքական գործիչներին` այդպիսով հավերժական պայքարում նվաճելով իր ազատության իրավունքն ու քաղաքացների ինքնիշխանությունը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: