2012.06.01,

Քննադատ

Եթերում մանկական հաղորդումներն են

Եթե հիշում եք, ժամանակին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվում էին «Մենք գիտենք, որ դու գիտես», «Մենք ենք», «Ժուկով-ժամանակով», «Արեւիկ», «Արեւներ», «Բոնուս», «Հեքիաթն է կանչում» հաղորդումները: Այսօր Հ1-ի, ինչպես նաեւ առաջատար եւ ամենառեյտինգային մյուս երկու՝ «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների եթերում գրեթե չեն ցուցադրվում մանկական հաղորդումներ: Դժվար է բացատրել, թե որն է պատճառը:

Մանկական հեռուստաալիքը՝ «Հայրենիքը», այլեւս չի հեռարձակվում: Մանկապատանեկան ուղղվածության հեռուստատեսային ալիքի լիցենզիայով հեռարձակվում է «ԱՐ»-ը: Մյուս ալիքներով մանկական հաղորդումներ դիտելու համար երեխաները, (իհարկե, խոսքը տառաճանաչների մասին է) պետք է ուշադիր ընթերցեն հեռուստածրագրերը: Եկեք մենք էլ այդպես անենք, չնայած պարզից էլ պարզ է, որ հեռուստաեթերում մանկական հաղորդումների պակաս կա:

Իմ անցկացրած յուրահատուկ մոնիթորինգը ցույց տվեց, որ իրենց եթերը մանկական հաղորդումներին ավելի շատ են տրամադրում «Շողակաթ»-ը եւ «ԱՐ»-ը:

«ԱՐ»-ը՝ «Հայրենիք» մանկական հեռուստաալիքի յուրատեսակ իրավահաջորդի կարգավիճակով հեռարձակում է հայաստանյան եթերում արդեն կայացած հաղորդաշարեր՝ «Զատիկ», «Գիտունիկ», «Մեր հայրենիքի հեքիաթները», «Մեր հայրենիքի մշակույթը»: «Շողակաթ»-ը մշակել է նոր մանկական ծրագրեր: «Շողակաթ»-ով երեխաներն ամեն օր կարող են դիտել «Մանուկների աստվածաշունչ», «Հին ու նոր հեքիաթներ», երկուշաբթի, երեքշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին`«Շապիկ հագնող երեխաներ», շաբաթ-կիրակի`«Պիստակ», շաբաթ`«Ճամփաներ» հաղորդաշարերը: Էլ չենք ասում, որ իր եթերում ամբողջ շաբաթվա ընթացքում այդ ալիքը ցուցադրում է մուլտսերիալներ`«Արկածներ Էլֆերի աշխարհում», «Ռոբինը Շերվուդից»:

Մեզ հետ զրույցում «Շողակաթ»-ի մանկական հաղորդումների ղեկավար Հերմինե Ստեփանյանը (ի դեպ, նշեմ, որ ո՛չ «Ար»-ում, ո՛չ Հ1-ում այդպիսի հաստիք ընդհանրապես գոյություն չունի) նշեց, որ մանկական հաղորդումները իսկապես պահանջարկ ունեն հեռուստադիտողի կողմից: Ճիշտ է՝ հատուկ մոնիթորինգ հեռուստաընկերությունում չի անցկացվում նրանց վարկանիշը չափելու համար, սակայն բնակչության կողմից շատ են լինում զանգեր եւ խրախուսական արձագանքներ:

«Շողակաթ»-ով նաեւ Բրիտանական Խորհրդի անգլերենի դասերի մանկական ծրագիրն է հեռարձակվում:

«Մենք փորձում ենք մեր փոքրիկ հեռուստադիտողի հետ եթերում զրուցել ինչպես հավասարը հավասարի հետ եւ չստանձնել միայն խրատ տվող ուսուցչի դիրքը»,- այսպես բացատրեց Հերմինե Ստեփանյանը մանկական հաղորդումներում հեռուստաըկերության ռազմավարությունը:

Արդեն երկրորդ անգամ չկարողացանք խոսել ATV-ի ներկայացուցչի հետ: Ուզում էինք զրուցել մանկական հաղորդումների իրենց մարտավարության մասին: Հեռուստաընկերությունում լսափողը վերցրած տղամարդը, որը չներկայացավ, խոստացավ փոխանցել իմ հեռախոսահամարները այդ հարցերում ավելի գիտակ մարդու: Բայց այդպես էլ հետ չզանգեցին: Չեմ կարող ասել, որն է այդ գաղտնապահության պատճառը, քանի որ շատերն են երեւի հաճույքով դիտում ATV-ով աշխատանքային օրերին ցուցադրվող «Կարաոկե», «Արեւներ», հանգստյան օրերին էլ՝ «Արեւներ» հաղորդաշարը:

«Կենտրոն»-ը երեխաների համար միայն մուլտսերիալներ է ցուցադրում: Իսկ «Երեւան», «Լայմ», «հ2» հեռուստաընկերությունները մուլտիկներից զատ ցուցադրում են նաեւ իրենց ամենօրյա մանկական հաղորդումները, որոնք համապատասխանաբար կրում են «Մանուկների մոլորակ», «Baby լայմ» եւ «Մուլտիկնիկ» անվանումները:

«Երկիր Մեդիա» հեռուստալիքը  երկուշաբթի, երեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին ժամը 14.00 կամ 15.00-ին ցուցադրում է «Մանկական երկիր» հեռուստանորությունները, որը վարում են աշակերտները: Հաղորդումը 9.5 րոպե տեւողությամբ է եւ նվիրված է Հայաստանի դպրոցական կյանքին: Կան նաեւ մանուկներին հետաքրքրող միջազգային նորություններ: Օրինակ՝ երեքշաբթի եթեր դուրս եկած հաղորդման ընթացքում ցուցադրվեց սյուժե Վիեննայում ապրող չինական կատվի մասին, որը դարձել է այնտեղի երեխաների իսկական կուռքը: «Մանուկների երկրի» տաղավարն, անշուշտ, ավելի վառ գույներով եւ դիզայնով ձեւավորման կարիք ունի: Հաղորդավարներն էլ պետք է դեռ սովորեն անկաշկանդ վարել ծրագիրը:

Ընդհանրապես, հեռուստատեսությունը հզոր ու ազդեցիկ զենք է, որի միջոցով սերունդ, ճաշակ ու արժեքային համակարգ ենք ձեւավորում: Բայց արդյո՞ք այսօր հեռուստատեսությունը երեխաների ճիշտ դաստիարակության գործառույթ է կատարում: Որոշ բացառությամբ՝ ոչ: Ժամանակն է, որ մեր հեռուստաալիքները, մանավանդ ռեյտինգային համարվող եւ հատկապես պետական բյուջեից սնվող Հ1-ը, ավելի շատ ուշադրություն դարձնեն մանկական ծրագրերին:

Հատկապես զգացվում է ուսումնական հաղորդումների պակասը: Ամառային արձակուրդներին աշակերտների համար դրանք շատ օգտակար կլինեին:

Նաեւ ժամանակն է մտածել մանկական ծրագրերը երեխաներին ավելի հարմար ցուցադրման ժամերի տեղափոխելու մասին: Թե չէ «հ2»-ի, «Երեան»-ի, ATV- եւ «Լայմ»-ի եթերներում դրանք վաղ առավոտյան են՝ ժամը 07.50-ից մինչեւ 08.25-ը:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *