Հիմա արդեն հարյուր տոկոսով կարելի է պնդել՝ մեր հեռուստալրատվական ծրագրերն ամբողջությամբ ձախողեցին նախընտրական քարոզարշավը: Խոսքը ոչ թե հեռուստաընկերությունների, այլ լրատվական ծրագրերի մասին է: Քարոզարշավի մասին ցանկացած նյութ դարձավ քարոզչական «ռոլիկ»: Ու ես չգիտեմ՝ ինչու՞ պիտի ընտրություններն ինչ-որ բանով տարբերվեն քարոզչության լուսաբանումից:
ՀԱԿ-ի հետ անձամբ եմ զբոսնել սյունիքյան քարոզարշավին: Կարողացա հետեւել հատկապես ապրիլի 27-ի «Առաջին լրատվականով» Կապանի բնակչության հետ Կոնգրեսի ղեկավարության հանդիպման լուսաբանմանը, ի դեպ, Կոնգրեսի նույն ղեկավարության ներկայությամբ՝ Սիսիանում: Նախ ինձ զարմացրեց Կոնգրեսի հանգստությունը այդ ռեպորտաժի հանդեպ: Ոչ մի «նախընտրական ցնցում» այդ մարդկանց հոգիներում: Հավանաբար սովորել են: Չէ՞ որ նախորդ բոլոր ռեպորտաժներն էլ ոչ մի կապ չունեին 4 տարի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջած քաղաքական ուժի հետ: Խնդիրը Կոնգրեսը չէ, այլ այն, որ ես իմ աչքով տեսած միջոցառումը «դեմքով» չեմ ճանաչում: Կապանում Կոնգրեսի բոլոր անդամների ելույթները Սերժ Սարգսյանի եւ նրա 4 տարվա ղեկավարման հետեւանքների մասին էին: Իսկ ռեպորտաժից ես ոչինչ չհասկացա՝ ի՞նչ էր այդ մարդկանց ուզածը, ինչու՞ են հասել Կապան, ինչու՞ էին նրանք իշխանություն ուզում, եթե գործող իշխանության ձախողումները նրանց քարոզարշավի թեման չեն: Նվեր Մնացականյանն ասում է՝ Կոնգրեսի անդամները կոչ են արել մերժել ընտրակաշառք երեւույթը: Այդպիսի բան չի եղել: Կոնգրեսի անդամները ասում էին՝ կվեցնեք, թե չեք վեցնի, հիշեք, որ քվեախցիկում ձեզ ոչ ոք չի կարող ճնշել: Ով կարող է ասել՝ ի՞նչ է նշանակում լրագրողի հետեւյալ նախադասությունը քարոզարշավի օրերին. «Նախկին մարզպետ Ռոման Նավասարդյանը աղքատության, աշխատավարձի, ցածր գնողունակության եւ արտագաղթի դեմն առնելու մասին խոսեց եւ խնդիրների լուծման իրենց տարբերակներն առաջարկեց»: Տարբերակները մնացին ռեպորտաժից դուրս: Բոլոր այս երեւույթների ետեւում գոնե ընտրություններից առաջ կոնկրետ քաղաքական ուժեր կան: Սա լրագրողի իմանալիքն է:
Ցանկացած քարոզարշավ իմաստ ունի, եթե քննադատում ես իշխանություններին կամ, եթե քո թեման իշխանությունն է, լուսաբանում ես նրանց նվաճումները: Դաշնակցությունը նույն օրը հանդիպել է մտավորականների կամ ինչպես Վահան Հովհաննիսյանն է ասում՝ «ազգի էլիտայի» հետ: Եվ ի՞նչ: Էլիտան ասելիք «չունի»: Էլիտան իմաստ ունի, եթե Դաշնակցությունը նրան բան ունի ասելու: Լրագրողներից մեկն ասում է. «Ինչպե՞ս պետք է հասարակությունը տիրապետի լավագույնն ընտրելու արվեստին… Էլիտան ասելիք ունի»: Ու սպասում ես, որ հեսա-հեսա էլիտան կասի: Ոչ: Վահան Հովհաննիսյանը շարունակում է իր խոսքը, հետո նրան երկրորդում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: Էլիտան լռեց մինչեւ ռեպորտաժի վերջին բառը:
Ապրիլի 30-ին Կոնգրեսը գնացել է Թալին: Դատելով «Ժամը» լրատվական ծրագրի ռեպորտաժից՝ մեծամասնական թեկնածուին ներկայացնելու համար, որ «ճիշտն երեսին շրխկացնող մարդ է»: Հրանտ Բագրատյանը խոսում է 400 ընտանիքի մասին: Ովքե՞ր են դրանք: Նույնիսկ ակնարկ չկա, որ խոսքը Հայաստանի մեծահարուստների մասին է: Ամենակարեւորը՝ մարդիկ, ընտրողները ցանկացած ռեպորտաժի դեկորացիան են, ոչ թե թիրախը: Է՜դ մարդիկ ասելքի չունե՞ն: Թեպետ ի՞նչ կարող են ասել նրանք, եթե, մասնավորապես, «Ժամի» ռեպորտաժը գոնե ես գլխի չընկա, թե ինչի մասին էր: Կենտրոնի համար միայն ԲՀԿ-ի ցուցարարներն են մարդ, «Երկիր-Մեդիայի» համար՝ միայն Դաշնակցության քարոզարշավի մասնակիցները: Խնդիրն այն է, որ բոլոր այդ ելույթները կարդալու համար կուսակցություններից ոչ ոք մարզ հասնելու կարիք չունի, եթե բոլոր ասելիքները միայն նրանցն են: Ռեպորտաժը պետք է տարբերվի կուսակցության բլանկներից: Բլանկները կարդալիս կարող են հարցեր առաջանալ: Հենց դրա համար էլ քարոզարշավն իրականացվում է: Որպեսզի հարցերը հնչեցվեն: Այլապես ստացվում է, որ բոլոր քաղաքական ուժերը կանխավ ունեն բոլոր հարցերի պատասխանները: Իսկ եթե ունեն, հենց դրա համար է ամեն օր Հանրային հեռուստաընկերությամբ ժամը 18-ին ժամանակ տրվում քաղաքական ուժերին: Այդ ժամին ոչ մի քաղաքական գործիչ որեւէ միտք հայտնելիս ոչ մեկի աչքերի մեջ նայելու կարիք չունի:
Մի խոսքով, ռեպորտաժներից դատելով բացառապես ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի գոնե մեկ քվե վերցնելու, որովհետեւ լսելու ընդունակ չէ: Նույն Կապանում հանրահավաքի մասնակիցները ՀԱԿ-ի քարոզարշավի օրգանական մասն էին, շփման մեջ էին մտնում ելույթ ունեցողների հետ: Ռեպորտաժում այդ շփումը բացակայում էր:
Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանը ներկայացնում է իր ղեկավարի՝ Սամվել Ֆարմանյանի, աշխատության՝ «Ճապոնական հրաշքը եւ ճապոնացիները» գրքի շնորհանդեսը: Ավելո՞րդ է ասել, որ գոնե էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ, որ Նվերը Հանրային Հեռուստաընկերության լրատվական ծրագրով չխոսի Սամվել Ֆարմանյանի որեւէ միջոցառման մասին:
Այնպես որ մոնիտորինգների խմբերն այս քարոզարշավն ամփոփելիս, ըստ իս, լրատվական ծրագրերի գործունեությանը պետք է առանձին անդրադառնան: Իսկ ընդհանրապես, նկատեցի՞ք, թե երբ են շարքային մարդիկ վերադառնում եթեր: Երբ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները համարում է ոչ թե անօրինական, այլ ոչ գեղեցիկ: Որից հետո բնապահպանները ողջունում են երկրի ղեկավարի հրահանգը՝ ապամոնտաժել դրանք: Եվ ոչ մի լրագրող ոչ մի բնապահպանի չի հարցնում՝ ինչու՞ պետք է դրանք ապամոնտաժվեն ինչ-որ մեկի ճաշակի հետ չխոսելու պատճառով:
Մհեր Արշակյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: