Երբ երգչուհի Սոնա Շահգելդյանը Յուրմալայում ապշեցրեց հեղինակավոր ժյուրիին ու մեզնից շատերին, միամիտս կարծում էր թե՝ Սոնային Երեւանն ու հայերս պատվով ու առոք-փառոք ենք դիմավորելու ու ընդունելու: Երբ այդ մասին ասացի, ընկերս, որ գրեթե միշտ ինձնից իրատես է, քմծիծաղով ասաց. «Դու տես` վաղվանից չսկսեն էդ աղջկա կյանքն ուտել»:
Ես հակառակը մտածելու միանգամայն լուրջ հիմքեր ունեի, որովհետեւ Սոնայի հաջողությունը ժամանակակից հայ երգի բացառիկ հաջողություններից էր`մեր փոքրիկների Եվրատեսիլյան հաջողությունները չհաշված:
Բայց, ցավոք սրտի, ընկերոջս կանխագուշակությունը տեղի ունեցավ. ընդ որում` երկար սպասեցնել չտվեց: Յուրմալայից հաղթանակած վերադառնալուց հետո Սոնա Շահգելդյանն, իհարկե, աջուձախից հրավիրվեց հարցազրույցների, բայց հիմնականում չար նպատակով:
Պարզվեց, որ հարցազրույցների փորձ եւ ամուր նյարդեր չունեցող Սոնա Շահգելդյանին հունից հանելը չափազանց հեշտ է: Հարցազրույց վարող լրագրողները, որպես կանոն, սկսում էին երգչուհուն հարցուփորձ անել իր արտաքինից ու կազմվածքից, եւ Սոնա Շահգելդյանը, որ Յուրմալայի ողջ մրցույթի ընթացքում իր արտաքինի ու կազմվածքի պատճառով ոչ մի վայրկյան չէր բարդույթավորվել, հաղթանակից ու հայրենիք վերադառնալուց հետո սկսեց ակնհայտորեն բարդույթավորվել:
Երկրորդ ակնհայտ ինտրիգը, որի մեջ մեր լրագրողները հաջողացրին ներքաշել Յուրմալայից հաղթանակով վերադարձած իրենց հայրենակցուհուն, լեզվի խնդիրն էր, ռուսաց լեզվի ու ռուսերենի խնդիրը` առաջին հերթին: Չգիտես ինչու՝ մեր լրագրողներն ու հիմնականում լրագրողուհիները սկսեցին համարել, որ Սոնա Շահգելդյանի վատ ռուսերեն խոսելն ամոթ է մեր ազգի համար:
Սրանք հիմնականում էն լրագրողուհիներն են, որոնք հընթացս ու ձեռի հետ պայքարում են նաեւ Հայաստանում օտար լեզուներով դպրոցների ստեղծման դեմ` համարելով, որ Հայաստանի քաղաքացին նախ եւ առաջ պարտավոր է իր մայրենի լեզվին տիրապետել:
Հրաշալի տեսակետ է, որը, փաստորեն, չտարածվեց Սոնա Շահգելդյանի վրա. ավելի ճիշտ` լավ էլ տարածվեց, որովհետեւ, Սոնա Շահգելդյանի ռուսերենը վարկաբեկելով ու պախարակելով, անմիջապես եւեթ հարձակվեցին երգչուհու հայերենի վրա:
Իրենք խոսեցնում էին երգչուհուն եւ խոսեցնելուց հետո սկսում էին քննադատել ու պախարակել երգչուհու հայերենը, որի մեջ, ըստ իս, որեւէ պախարակելի բան չկար: Հասան նրան, որ Սոնա Շահգելդյանն արդեն հարցազրույցներ էլ չի տալիս ո՛չ թերթերին եւ ո՛չ էլ հեռուստաալիքներին:
Միգուցե գույները խտացնում եմ, միգուցե էս ընթացքում, այնուամենայնիվ, հարցազրույցներ տվել է, բայց, ընդհանուր առմամբ, տպավորությունս սա է: Ինչ վերաբերում է երգչուհու հայերենին, որը բազմիցս է քննադատության արժանացել, պիտի ասեմ, որ իր բանավորը բավական կենդանի հայերենն է, որով մենք խոսում ենք տանը, փողոցում, աշխատավայրում ու ամենուր, եւ որ մենք մեր կենդանի ու իրական լեզվով եթերից չենք խոսում, դա արդեն մյուսներիս խնդիրն է եւ ոչ թե Սոնա Շահգելդյանինը. եւ առաջին հերթին հեռուստալրագրողների՛ խնդիրն է, որոնք եթերից իրենց չիմացած գրական հայերենն են ճռճռացնում`էդ բանը նաեւ իրենց հյուրերից ու իրենց հետ զրուցողներից պահանջելով:
Եվ վերջապես. եթե երգչուհին իր հիմնական գործը փայլուն է կատարում, հեչ պարտադիր չի, որ նաեւ լեզվական կամ մաթեմատիկական փայլուն գիտելիքներ ունենա, բայց, ի տարբերություն երգչուհիների, լրագրողների հայերեն իմանալը պարտադիր պայման է, եւ հեռուստալրագրողների համար ոչ միայն հայերեն իմանալն է պարտադիր պայման, այլեւ գեղեցիկ հայերենով խոսելը, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, թե Յուրմալայում հայերիս պարզերես արած երգչուհին վատ է հայերեն խոսում. ավելին՝ նրա հայերենը շատ ու շատ լրագրողուհիների հայերենից կենդանի ու նախընտրելի է, պարզապես լրագրողների չարամիտ ու դիտավորյալ հարցերից երգչուհու նյարդերը երբեմն-երբեմն տեղի են տալիս, եւ էդպիսի դեպքերում մարդ արարածը նույնիսկ ամենատարրական բառերն է մոռանում:
Էսքանից հետո միանգամայն բնական է, որ Սոնա Շահգելդյանը խուսափում է հարցազրույցներից: Եվ իր երգերն էլ են եթերից գրեթե բացակայում: Դրա փոխարեն եթերը մշտապես լեցուն է ութերորդ եւ ավելի ցածր տեղեր գրաված երգիչների ու երգչուհիների կլիպներով:
Ես հասկանում եմ, որ էս ասածներս ավելի շատ մեր շոու բիզնեսի դրվածքին են վերաբերում: Պարզապես ուզում եմ ասել, որ էդ ամենն առաջին հերթին լրագրողների միջոցով է կատարվում ու տեղի ունենում. նույն այն լրագրողների, որոնք շարունակ փնթփնթում ու դժգոհում են, որ «Եվրատեսիլում» եւ այլուր ութերորդ ու ավելի վատ տեղեր ենք գրավում:
Ինչ վերաբերում է անձամբ Սոնա Շահգելդյանին, նրան դժվար թե «Եվրատեսիլ» ուղարկենք: Քանի դեռ իր հայերենն ու ռուսերենը չի հղկել:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: