2012.04.11,

Քննադատ

Ու՞մ գործն է քարոզչությունն ու հակաքարոզչությունը

Մեզ մոտ նախընտրական քարոզչական ժամանակահատվածի լրատվության սխալ ընկալում կա։ Ընդունված է կարծել, որ քարոզչական լրատվությունը չի կարող բացասական լրատվության տարրեր ունենալ։ Մենատիրական հեռուստալրատվադաշտում բացասական լրատվությունն այն խայծն է, որ կուլ են տալիս հեռուստալրատվական անաչառ լուսաբանումներին հետեւող մոնիտորինգների խմբերը, թե տեսեք-տեսեք՝ այսինչ հեռուստաընկերությունը բացասական է անդրադառնում ՀԱԿ-ի կամ, ասենք, ՀՅԴ-ի գործունեությանը։

Բացասական լրատվությունը նոնսենս է, ըստ էության, ժուռնալիստիկայում, փոխարենը ընդունված է մանիպուլացիոն լրատվությունը, երբ, ասենք, ՀՀԿ-ի մասին քարոզչանյութը ռեպորտաժ է, իսկ ՀԱԿ-ի մասին քարոզչանյութը՝ «համր-սինխրոն»։ 

Ինքնին նոնսենս է քարոզչանյութը, քանի որ լրատվությունը շատ բանով է տարբերվում քարոզչական տեսահոլովակից։ Լրագրողը պրպտողն է, քարոզչական տեսահոլովակը՝ այն, ինչը պատրաստված է «կասկածի տակ չդրվելու» մենթալիտետով։ Լրագրողն ազատ է ՀԱԿ-ի կամ ՀՀԿ-ի քարոզչական խոստումներից կորզել դրանց սնանկությունը, այլ հարց է, որ ՀԱԿ-ի դեպքում դա խրախուսելի է, իսկ ՀՀԿ-ի դեպքում՝ աշխատանքից զրկվելու սպառնալիք։ 

Լրագրողի աշխատանքն սկսվում է քարոզչանյութից, եւ ոչ թե քարոզչանյութն է նրա աշխատանքը։ Նա ի գիտություն է ընդունում խոստումը, որը համադրում է իրականության, տվյալ կուսակցության նախորդ տարիների գործունեության, հասարակության հետ տարած աշխատանքի, թեկնածուներից որեւէ մեկի կամ ամբողջ համամասնական ցուցակի եւ խոստումների ընդհանրության հետ։ Լրագրողն իրականությունը քարոզչությունից մաքրողն է, չէ՞ որ այս ընթացքում իրականությունն ապականվում է քարոզչությամբ։

Քարոզչության բացասականը դատապարտելի է միայն այն ժամանակ, երբ լրագրողն ավելի վատ հիշողություն ունի, քան ինքն իրեն գովաբանող կուսակցությունն ամբողջ կազմով։ Քանի որ այդ դեպքում լրագրողն իր ատելությունն է դարձնում նյութ։ Նախընտրական նյութը չի կարելի վստահել նորելուկ լրագրողին, քանի որ նա կարող է դառնալ իր ղեկավարի անվերապահ վերաբերմունքի զոհը։ 

Ուշադիր նայեք հեռուստալուրերը, դրանք լցված են նորելուկներով, նրանցից ոչ ոք, ըստ էության, չգիտի, թե ինչի մասին է խոսքը, երբ խոսում է այս կամ այն կուսակցության մասին։

Նոնսենս է նախընտրական քարոզարշավը մի երկրում, որտեղ բոլոր հեռուստաընկերությունները պատկանում են մեկ կուսակցության։ Լրագրողի համար նոնսենս է քարոզարշավն ընդհանրապես, քանի որ այն կուսակցությունների ու թեկնածուների համար է մտածված. ի դեպ, ինչպես նաեւ հակաքարոզչությունը։ 

Երբ մոնիտորինգի խմբերն ասում են, որ հեռուստաընկերություններով եթեր տրված քարոզարշավն «ընդհանուր առմամբ հավասարակշռված էր», նկատի չունեն, որ լրագրողները փոքր-ինչ քննադատել են ՀՀԿ-ին, նկատի ունեն, որ լրագրողները մոնիտորինգի տակ գտնվելու սպառնալիքի ներքո խնայել են ՀԱԿ-ին։ Որովհետեւ 20-ամյա Հայաստանի բոլոր իշխանություններն ու բոլոր լրագրողները քարոզարշավի տրամաբանությունը համատեղ ուժերով գլխիվայր շուռ են տվել եւ դարձրել խաղի կանոն։ Մինչդեռ  կրկնում եմ՝ քարոզարշավը լրագրողի գործը չէ։

Մի վերջին ջանքով փաստենք՝ ինչու՞ լրագրողի գործը չէ։ Որովհետեւ ընտրվելու հավակնություն ունեցողները Մարսից չեն իջել։ Նրանք անցյալ ունեն եւ առանց այդ անցյալի նրանք ընտրության չեն կարող հավակնել։ Նույնիսկ «Ազատ դեմոկրատները» անցյալ ունի։ 

Եվ եթե նույնիսկ ասպարեզ է եկել ոտքերն ամպոտ մեկը, լրագրողի գլխավոր հաղթաթուղթը իրականության եւ թեկնածուի տեսլականի համադրումն է։ Նշանակում է՝ լրագրողն ընտրարշավի մեջ պիտի մտնի զինված այնպիսի փաստերով, որոնք շարքային ընտրողի գորշ իրականությունը զերծ կպահեն ընտրվողի հատուկ այդ քարոզարշավի համար խնամված «մաքուր սպիտակեղենից»։

Հեռուստալրագրողը զոհ է, եթե նա խաղում է ընտրվելու հավակնություն ունեցողի տեսլականների դաշտում։ Ինչու՞ է զոհ։ Որովհետեւ նա դիտվում է իբրեւ տեսլականներ արձանագրող։ Նրա ցանկացած «սադրիչ» հարց կարող է արժանանալ մոնիտորինգային մկրատի հակազդեցությանը։ 

Իսկ հենց հեռուստալրագրողը դառնում է զոհ, թեկնածուն կամ քաղաքական ուժը մի կողմ են դնում իրենց տեսլականները եւ անմիջապես հասարակության հետ խաղում մուրաբայով, ասֆալտով եւ 5 հազար դրամով։

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *