2012.03.30,

Քննադատ

Լուրերին փակ աչքերով հետեւեք…

Վերջերս հեռուստատեսությամբ հիմնական լրատվամիջոցների լրատվական հաղորդումները դիտելիս ինձ թվում էր, թե Ֆեյսբուքում պատիս փակցված էլեկտրոնային լրատվական միջոցների լուրերն եմ դիտում: Տարօրինակ զգացողություն էր: Մտածում էի՝ ինչ լավ է, որ էլեկտրոնային լրատվական միջոցները այնքան հեղինակություն են վայելում, որ լայն սփռում ունեցող հեռուստատեսային զանգվածային լրատվության միջոցներն էլ են կրկնօրինակում տաղավարի տեսքը կամ էլ հաղորդակցական հնարքները: Հետո հիշեցի, որ զգոնությունը կորցնել չի կարելի. հաճախ անվնաս թվացող բաները Տրոյական ձիու նման մոտալուտ վախճան են գուժում խաղաղ ննջողներիս:

Էլեկտրոնային դաշտում գործող լրատվամիջոցները նոր չեն ի հայտ եկել, իսկ հեղինակությունն էլ վաստակել են նախընտրական շրջանից շուտ, բայց ինչ-որ հրաշքով հեռուստալրատվամիջոցները մյուս տաղտուկ ու հնոտի հաղորդումների կողքին, որոշել են որդեգրել այս լրատվամիջոցների մոտեցումները ու տեսողական հատվածը, որը, կարծում եմ, շատ կարեւոր է մարդու վրա ներգործելու տեսանկյունից: Ժամանակի դիտարկումը որպես տեւողություն, ինչպես առաջարկվում էր 20-րդ դարի ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկի՝ Բերգսոնի կողմից, փոխում է գործողության նկատմամբ ունեցած կամադրսեւորման հավանականությունը:

Ֆեյսբուքահայությունը լրատվական այլընտրանքին ոչ միայն սովորել է արժանահավատ լուրեր ստանալու արդյունքում, այլ դրա հետ մեկտեղ նաեւ նման լուրերին ու լրատվամիջոցներին վերագրում է որոշակի տեսողական կառուցվածք՝ տաղավարի առանձնահատկություններով ու հաղորդավարի հմտություններով, հագուստով ու շատ այլ բնութագրիչներով:

Հաղորդակցության տեսանկյունից ոչ վերբալ առումով այլընտրանքային լուրերը իրենց հավասարակշռված, արժանահավատ տեղեկատվությունը սինտակտիկ փոխկապակցել են արդիական տաղավարի եւ գրագետ հաղորդավարի հետ: Արդեն երկար ժամանակ է, որ մարդիկ սովորել են այս փաստին ու այդ տեւողության մեջ իրենց կամքը հակված է թուլացած ֆիլտրերի ռեժիմում ընկալել տրամադրվող տեղեկատվությունը, քանի որ հասկացել են այս դեպքում քննադատական ու աչալուրջ ունկնդրման անհրաժեշտությունը չկա:

Առավել տեսանելի դարձնելու համար ասեմ, որ էլեկտրոնային միջավայրում հետեւում եմ Արամ Աբրահամյանի «Պոստ Սկրիպտում» հաղորդմանը: Հյուրն այստեղ, ըստ էության, քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշման տեսանկյունից հաշվետվություն է ներկայացնում սուր ու դիպուկ հարցերի հերթափոխին պատասխանելու միջոցով: Ես էլ սովորել եմ այդ հաղորդումը դիտարկել որպես «ճշմարտության պահ», որի ընկալումը տեղափոխվում է «Շանթի» տաղավար, երբ «Հեռանկարը» վարում է Արամ Աբրահամյանը:

Արեւմտյան երկրներում լայն տարածում են ստացել հետազոտությունները տեղեկատվության մատուցման, սեմանտիկ ցուցումների շուրջ (Priming theory), որոնց արդյունքները փաստում են զանգվածային լրատվության միջոցների կողմից մատուցվող տեղեկատվության ընկալման մեթոդաբանության կառավարման հնարավոր լինելը: Մասնավորապես՝ այս սուբլիմացրած ցուցումնավորման միջոցով տեղեկատվության (վերբալ եւ ոչ վերբալ) յուրաքանչյուր նոր միավոր իմաստային ու դրա մեկնաբանության առումով ունի որոշակի սինտակտիկ սահմանափակումներ, որոնք կարելի է ծրագրավորել:

Նոր տեղեկատվությունը հնարավոր չէ դիտարկել համատեքստից դուրս, իսկ վերջինն էլ ձեւավորվել է հաղորդակցական նախորդող հոսքերից՝ ներառելով թե՛ բառերը, թե՛ պատկերները: Պատկերները, որպես կանոն, առավել ռեզոնացնող հատկություն ունեն, ինչպես ժամանակին մարդկության վրա մեծ ազդեցություն են գործել Վերածննդի մեծ վարպետների գլուխգործոցները՝ կնոջը քարացնելով մայրության կամ էլ գեղեցկության մեջ, իսկ տղամարդուն հավերժացնելով հերոսական ակտերում ու արարչական գործառույթում:

Այս դեպքում էլ հանրային կարծիքի ձեւավորման տեխնոլոգները ամենայն հավանականությամբ պարապ չեն նստել՝ փորձելով մանիպուլացնել մեր ընկալումները՝ ստեղծելով տեսողական խաբկանքներ: Շեշտադրելով նոր տաղավարը, կոկիկ հագնված ժամանակակից թվացող հաղորդավարին եւ որդեգրելով այլընտրանքային լրատվամիջոցների հաղորդակցության սխեմաները՝ կարծիքի ձեւավորման տեխնոլոգները սինտակտիկ կողպեքներ են դրել մեր գլխում, որոնք փակում են մեր ընկալման սրացման բոլոր կամադրսեւորումները:

Հեռուստատեսային լուրերը դիտելիս մեր ուղեղը թարմացված տաղավարը տեսնելիս միանգամից մտածում է, որ դրան հետեւող լուրերը արժանահավատ են լինելու: Սա իմաստային նենգափոխում է, որի զգացողությունը կորցրած ենք լինում, քանի որ լուրերը դիտում ենք բաց աչքերով:

Նվարդ Մանասյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *