2012.03.12,

Քննադատ

Հարձակումներ լրագրողների վրա Հայաստանում. խրոնիկա

Նախագահական ընտրությունների հաջորդ օրը Լուբյանկայի հրապարակում Ռուսաստանի ընդդիմության բողոքի ակցիան ավարտվեց ոստիկանների կողմից  ցույցի մասնակիցների եւ որոշ լրագրողների ծեծ ու ջարդով: Հատկապես մեծ հասարակական հնչեղություն ստացավ «Կոմերսանտ FM» ռադիոկայանի  թղթակից Ուլյանա Մալաշենկոյի հետ պատահած դեպքը, երբ ոստիկանը երկու անգամ մահակով հարվածել էր լրագրողի գլխին: Այդ օրը ձերբակալել էին նաեւ  «Մոսկովսկիե նովոստի», «Ռիդուս», «Ռիա-Նովոստի» գործակալությունների լրագրողներին:
 
Ծեծված լրագրողների առկայությունը հետընտրական Ռուսաստանում մտորումների տեղիք է տալիս` ի՞նչ երաշխիք կա, որ մեզ մոտ էլ նույն կերպ չեն վարվի առաջիկա ընտրությունները լուսաբանող լրագրողների հետ: Չէ՞ որ ընտրությունները մեզ մոտ էլ սարերի հետեւում չեն եւ հետո, Հայաստանում էլ նույնպես նախկինում չեն խորշել ձեռք բարձրացնել լրագրողի վրա:

Փորձենք վերհիշել Հայաստանի անկախությունից ի վեր մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ իրականացված  բռնության դեպքերը:

Առաջին «զոհերից» էր «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ով1994 թվականի հոկտեմբերի 19-ին իր տան շքամուտքում դաժան ծեծի ենթարկվեց երկու անհայտ անձանց կողմից: Հանցագործները լրագրողի գլխին հարվածներ էին հասցրել երկաթյա ձողերով, ինչի հետեւանքով Արամը ուղեղի ցնցումով եւ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվեց  հիվանդանոց: Նրան տեսակցողների թվում էր նույնիսկ այն ժամանակ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինքը` Արամը, media.am-ի հետ զրույցում վարկած առաջ քաշեց, որ այդ կերպ նրա հետ վրեժխնդիր եղան այն ուժերը, որոնց դուր չեկավ  պետական հեռուստաալիքով «Դեմ առ դեմ» եւ «Մամուլի տեսություն» հաղորդումերում նրա հնչեցրած քննադատությունը ՀՅԴ-ի հասցեին: Մինչ օրս հանցագործները բացահայտված չեն:

1995 թվականին հենց խմբագրության շենքի մոտ երկու անձանց կողմից ծեծի ենթարկվեց այն ժամանակվա ընդդիմադիր «Ազգ» օրաթերթի առաջատար թղթակից Արմեն Բաղդասարյանը: Հանցագործները սկզբում պահանջել էին, որ լրագրողը ցույց տա իր վկայականը, հետո սկսել էին հարվածներ հասցնել` կոտրելով նրա քիթը:

1995 թվականի աշնանը հենց իր շենքի վերելակի խցիկում հարձակման ենթարկվեց  «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Ընդ որում` պաշտպանվելու ոչ մի հնար չկար, քանի որ խմբագրի երկու ձեռքերն էլ զբաղված էին` մի ձեռքում պայուսակ էր, մյուսում` ծիրանի հյութով լի ապակե տարա, որն այդ օրը նրան նվիրել էր իր ընկերը: Հրոսակը հարվածներ հասցնելով լրատվամիջոցի հարգարժան ղեկավարի դեմքին դիմել էր փախուստի: Ըստ ականատեսների, երկրորդ հանցակիցը սպասում էր ընկերոջը շքամուտքի մոտ: Հանցագործները կրկին այդպես էլ  չբացահայտվեցին:

1999 թ. մարտի 8-ի լույս 9-ի գիշերը Երեւանի Բաղրամյան պողոտայում կասկածելի հանգամանքներում ավտովթարի զոհ դարձավ 35-ամյա հրապարակախոս եւ լրագրող Տիգրան Հայրապետյանը, ում քննադատական վերլուծությունները իսկական գլխացավանք էին դարձել  իշխանությունների համար:

Առավել դժվար է պատահականություն համարել, երբ լրագրողի ոտքերի տակ նռնակ է պայթեցվում։ Դժվար է հավատալ, այն վարկածին, թե հանցագործները 2002 թվականի հոկտեմբերի 22-ին հայտնի լրագրող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանին շփոթել էին մեկ ուրիշի հետ։ Ամենահավանականն այն է, որ հարձակումը հենց Մարկ Գրիգորյանի վրա էր եւ նախապես ծրագրված էր:   Հատկանշական է, որ այդ ժամանակ Լոնդոնում գտնվող լրագրողական կազմակերպություններից մեկի խնդրանքով նա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի կապակցությամբ հոդված էր պատրաստում: Լրագրողն այդ թեմայով հարցազրույցներ էր ունեցել մի շարք քաղաքական գործիչների եւ իրազեկ մարդկանց հետ: Մ. Գրիգորյանը իր դեմ իրականացված մահափորձը կապում է հենց այդ հոդվածի տպագրությունը նախապատրաստելու փաստի հետ: Նա ստիպված լքեց Հայաստանը` քաղաքական ապաստան ստանալով Մեծ Բրիտանիայում: Ներկայումս Մարկը  բնակվում է Լոնդոնում:

2000 թվականին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ 30 կողմնակիցներ ներխուժել էին «Հայկական Ժամանակի» խմբագրություն՝ ավերելով եւ վնասելով գույքը եւ ծեծի ենթարկելով այնտեղ գտնվող լրագրողներին: Ըստ հաղորդագրության, Ծառուկյանի զայրույթն էր առաջացրել թերթում տպագրված այն տեղեկատվությունը, համաձայն որի Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանի ԲՀԿ-ի առաջնորդին պատկանող բաժնեմասը վերավաճառվել է այլ ձեռնարկատիրոջը: Միջադեպի առնչությամբ որեւէ քրեական գործ ոստիկանության կողմից չէր հարուցվել: «ՀԺ»-ի աշխատակիցները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:

2002 թ. դեկտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 19-ի մոտակայքում, ծնողների երևանյան բնակարանի մուտքի մոտ՝ գլխին արձակված միակ կրակոցով սպանվեց Հանրային հեռուստատեսության նախագահ Տիգրան Նաղդալյանը։ 2003թ. մարտի 15-ին  Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվեց  1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը: Դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման, սակայն Սարգսյանը 2008թ.-ի սեպտեմբերին ազատ արձակվեց պայմանական վաղաժամկետ` սահմանված ազատազրկման ժամկետի մեկ երրորդը կրելուց հետո:

Լրագրողների վրա հարձակումներն իրականացվում են ոչ միայն մայրաքաղաքում: Օրինակ, 2002թ. օգոստոսի 24-ին ծեծի էին ենթարկվել «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանը եւ գործադիր տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը:

2004թ. ապրիլի 5-ի «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքից հետո «սափրագլուխները» խլել էին «Հայկական ժամանակ», «Առավոտ» օրաթերթերի լուսանկարչական ապարատները, ջարդել «Հայ TV» հեռուստաընկերության տեսախցիկը:

2003թ ապրիլի 30-ին իր աշխատասենյակում երկու անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվեց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը: 

2004 թ. ապրիլի 12-ին ընդդիմության հանրահավաքը  ցրելու ժամանակ լրագրողների հանդեպ  բռնարարքներ գործադրվեցին` ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին «Հայկական ժամանակ» թերթի լրագրողներ  Հայկ Գեւորգյանինը եւ Ավետիս Բաբաջանյանը, «Չորրորդ իշխանության» թղթակից Մհեր Ղալեչյանին, ռուսական «ОРТ» հեռուստաընկերության օպերատոր Լեւոն Գրիգորյանին:

2004 թ.-ին լրագրողների դեմ էլի մի շարք բռնություններ ու ճնշումներ գրանցվեցին:   Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում անտառահատումների մասին ռեպորտաժ էին պատրաստում «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը եւ «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանը: Նրանք նկարահանել էին ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ մաքսային վարչության պետ Արմեն Ավետիսյանի, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի առանձնատները: ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահը հարձակում էր գործել լրագրողների վրա, նրանց քաշքշել, խլել ֆոտոապարատի չիպը:

2004 թ. նոյեմբերի 22-ին երեկոյան պայթեցվել էր «Հայկական Ժամանակ»-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մշտապես վարում էր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա դեպքից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել էր, որ իրավապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման ետեւում կանգնած է «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Պայթյունի հեղինակները չբացահայտվեցին:

Երկու անգամ բռնության է ենթարկվել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Առաջին անգամ նրա վրա հարձակվեցին 2006թ. սեպտեմբերի 6-ին, երբ նա տանից դուրս էր գալիս: Երկու անհայտ անձինք թիկունքից վրա տվեցին Հովհաննեսի վրա, նրան գետնին տապալելով եւ հասցնելով հարվածներ, երբ նա արդեն պառկած էր: Երկրորդ դեպքը տեղի ունեցավ 2007թ. սեպտեմբերի 15-ին, երբ Գալաջյանն արդեն «Իսկական իրավունք» թերթում էր:  Նրա վրա հարձակվել էին թերթի խմբագրության մոտ եւ ծեծել էին՝ օգտագործելով մետաղաձողեր: Գալաջյանը  երկու շաբաթ ուղեղի ցնցումով հիվանդանոցում մնաց: Հիմա էլ Հովհաննեսի գլխի վրա կա 6 սպի եւ, ինչպես ինքն է կատակում, աղջիկները շոյելիս անպայման կզգան մազերի տակ թաքնված այդ վերքերը: Հանցագործներին այդպես էլ չեն գտել: Media.am-ի հետ զրույցում Հովհաննեսը վստահություն հայտնեց, որ ի սկզբանե օրինապահ մարմինները մտադրություն էլ չունեին բացահայտելու այդ հանցագործությունները: Իսկ այդ բռնություններն ուղղված էին ՍԻՄ կուսակցության դեմ:

2006թ հուլիսի 13-ին սպառնալիքների, ահաբեկման թիրախ դարձավ ու հարձակման ենթարկվեց«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը:

2007 թ. փետրվարի 8-ին անհայտ անձինք հրկիզել էին Panorama.am ինտերնետային լրատվականի տնօրեն ու «Իմ իրավունք» շաբաթաթերթի խմբագիր Արա Սաղաթելյանի մեքենան:

2007 թ. մայիսի 9-ին, երբ ցրում էին մի քանի ընդդիմադիր կուսակցություններ միավորող «Իմփիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահավաքը, ոստիկանները ուժ են կիրառել երկու լրագրողների հանդեպ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից Ծովինար Նազարյանի և, մի շարք ընդդիմադիր թերթերի համար աշխատող արտահաստիքային լրագրող Գագիկ Շամշյանի հանդեպ: Ոստիկանությունը փորձ է արել առգրավել Շամշյանի տեսախցիկը, սակայն հանրահավաքի մասնակիցները դա թույլ չեն տվել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Նազարյանի վրա, ով փորձում էր նկարահանել ոստիկանական գործողություններըը:

2007թ հոկտեմբերի 23-ին խաղաղ քայլերթի ժամանակ բռնության ենթարկվեց նույն թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:

2007 թ.նոյեմբերի 6-ին ՀՊԾ-ի կողմից Գալա հեռուստաընկերությունում աուդիտի անցկացման ժամանակ տեսուչներից մեկը հարձակում էր գործել աուդիտի ընթացքը տեսագրող օպերատորի վրա` փորձելով խեղդել նրան ու ձեռքից վերցնել տեսախցիկը: Օպերատորի բողոքելուց հետո ոստիկանությունը քննություն սկսեց այս գործով, սակայն նոյեմբերի 30-ին որոշվեց քրեական գործ չհարուցել:

2007 թ. հունվար 30-ին անհայտ անձինք հրկիզել էին սպորտային մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի «Պրադո» ջիփ ավտոմեքենան: Մեկնաբանի մեքենան հրկիզում էին արդեն երկրորդ անգամ: Առաջին դեպքը տեղի էր ունեցելլ 2006-ին, երբ Բաղդասարյանը մեկնաբանել էի Հայաստանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի՝ ադրբեջանական «Նեֆթչիի» հետ ֆուտբոլային հանդիպումից հրաժարվելու որոշումը: Այն ժամանակ ավտոմեքենան այրվել էր մասնակի եւ ֆուտբոլային մեկնաբանին հաջողվել էր այն վերանորոգել: Ոստիկանությունը այդպես էլ հրկիզողներին չէր հայտնաբերել:

2008 թ. սեպտեմբերի 21-ին «Օդնոկլասնիկի» սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկվեց Անդրանիկ Բաբայանը, ով, դժբախտաբար, հիվանդանոցում 8 օր շարունակ ուշքի չգալով, մահացավ: Հրոսակը սպանեց երիտասարդին պատահաբար, շփոթելով նրան Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար եւ հիշյալ սրճարանի համասեփականատեր Արթուր Սահակյանի հետ: Վերջինս այդ դեպքից հետո հայտարարեց, որ «սպանության հեղինակը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանն է իր բանդայի հետ»: Հետագայում Սահակյանը փրկելով իր կյանքը` մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում:

2008թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երեւանի Փավստոս Բուզանդի փողոցում անհայտ անձինք հարձակվեցին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանի վրա: Դեպքից հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ գանգուղեղային վնասվածք, գագաթ-ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր ախտորոշմամբ։  Հանցագործները Է. Բաղդասարյանին ծեծելու ընթացքում որեւէ պահանջ չէին   ներկայացրել: Հարձակվողներն ու պատվիրատուն չհայտնաբերվեցին:

2009 թվականի ապրիլի 30-ի գիշերը մահափորձ էր կատարվել Armenia Today լրատվական գործակ­ալության համակարգող, նախկին փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի էր ունեցել Կիվիրյանի տան մուտքի մոտ, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Նրան ծեծի էին ենթարկել, հետո կրակել վերջինիս ուղղությամբ: Դեպքից անմիջապես հետո խմբագիրը տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Ըստ ականտեսների, Կիվիրյանին ծեծել էին մահակներով, ինչի հետեւանքով նա ստացել էր բազմաթիվ վնասվածքներ:Տուժածի գործընկերները գտնում են, որ մահափորձը կապված է Ա.Կիվիրյանի մասնագիտական գործունեության հետ:

2009 թվականի մայիսի 7-ին, ժամը 00.02-ին, իր տան մոտ` Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, 2 անհայտ անձինք ծեծի ենթարկեցին «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար, 52-ամյա Նվեր Մնացականյանին և դիմեցին փախուստի։Նվեր Մնացականյանը բուժօգնություն ստանալով «Արմենիա» բժշկական կենտրոնում, դուրս գրվեց հիվանդանոցից:

Նկարագրված գրեթե բոլոր դեպքերում հանցագործները մնացել են անպատիժ:

Տիգրան Հովհաննիսյան

Հ.Գ. Գուցե մենք ոչ բոլոր դեպքերն ենք ներկայացրել: Ընթերցողներին խնդրում ենք լրացնել հոդվածը՝ օգտագործելով հոդվածի ներքում մեկնաբանությունների դաշտը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *