2012.03.07,

Քննադատ

Հեռուստապրոյեկտ՝ մարտի 1

Մենք հեռուստաընկերությունների պակաս կարծես թե չունենք: Սակայն այն խնդիրները, որ իրենց առջեւ դրել են նրանք, վկայում են այլ բանի մասին՝ հեռուստաընկերությունները չափազանց շատ են: Նախ «տեսանելի» ձեւակերպված չէ նրանցից որեւէ մեկի հեռուստաասելիքը: Ուստի եթե առանց հեռուստաասելիքի մենք ունենայինք թեկուզ 5 հեռուստաընկերություն, դրանք  դարձյալ շատ կլինեին մեր երկրի համար:

Օրինակ՝ ինչո՞վ են տարբերվում բոլոր հեռուստաընկերությունների առավոտյան թողարկումները: Դրանցում բոլորը տարբեր օրերին քննարկում են նույն թեման, տարբեր օրերին՝ նույն հյուրերով: Ասենք՝ Էմմին նկարահանել է նոր տեսահոլովակ: Այդ մասին կարելի է տեղեկանալ «Արմենիա»-ի  «Բարի լույս, հայեր» ծրագրով:

Երկու օր հետո Էմմին կհուրընկալվի Հ1-ի «Առավոտ լուսո» կամ հ2-ի «Բարի լույս, Հայաստան» ծրագրերով: Այնպես չէ, որ ոչ մի հեռուստաընկերություն չունի իրեն բնորոշող գոնե մեկ հաղորդում: Բայց այնպես էլ չէ, որ այդ հաղորդումները «անհատականացնում» են տվյալ հեռուստաընկերությանը:

«Երկիր Մեդիա»-ի համար բրենդային է «Կռվախնձորը»: Մի քանի օր առաջ հաղորդման հյուրն էր Իրինա Դանիելյանը՝ շոումեն Հրանտ Թոխատյանի նախկին կինը: Հաղորդումը վարողները բառի բուն իմաստով խցկվում էին այս նախկին զույգի անկողին, քանզի նրանք կարծում են, թե մենք այնքան հիացած ենք այդ աստղային զույգով, որ ժամանակն է մտնել նրանց անկողին:

Մեկ այլ օր հրավիրել են հոգեւորական բանաստեղծի եւ նրա ներկայությամբ հաղորդումը բացում են այսպես. «Արվեստ եւ հոգեւորական դաս. որքանո՞վ են այս երեւույթները իրարամերժ»: Իմ տպավորությամբ՝ մեր մեկնաբանների 95 տոկոսի միակ կռվախնձորը ինքն է, երբ գիրք չի կարդում:

«Բարի լույս, հայեր»-ի հաղորդավարին հեղինակային երգիչներն ասում են, որ սիրում են ռուսական ռոք եւ մոտ 4 րոպե «զեկուցում» են այդ մասին, փոքր-ինչ անց երկու տեխնիկական բնույթի հարց հնչեցնելուց հետո հաղորդավարուհի Ասլամազյանը հարցնում է. «Դուք սիրու՞մ եք ռուսական ռոք»: Մինչ այդ հյուրերի 4 րոպեանոց սիրո խոստովանությունից ոչ մի տող չեն լսել:

Ուրիշ ի՞նչ բնորոշիչ հաղորդումներ ունեն հեռուստաընկերությունները: «Արմենիան» ունի երգիծական ծրագրեր, որոնք էթիկապես հաճախ խոցելի են, նախեւառաջ՝ ինտելեկտուալ իմաստով: Տղաներն այդպես էլ չհասկացան, որ հումորը բառապաշարային չի լինում: Հումորը ձեւակերպվում է բառերով, այսինքն՝ բառերը հումորի մեջ ոչ մի առաջնային տեղ չունեն, նրանք ավարտում կամ ամփոփում են հումորը:

«Արմնյուզ»-ը հիմնականում սեփական ծրագրերով կայացող հեռուստաընկերություն է, թեպետ այստեղ էլ ինչ-որ բան այն չէ: Մարտի 1-ի երեկոյան «Բանաձեւի» հյուրը գյուղատնտեսության նախարարն է, որը նախորդ օրն առավոտյան հյուրընկալվել էր «Արմենիա»-ի  «Բարի լույս, հայեր»-ին, որը երկարոտն, դեկոլտե հագած աղջիկ հաղորդավարներին մանրամասն պատմում է Բելառուսից եւ մեկ այլ հետամնաց երկրից ներկրվող կարտոֆիլի սերմացուի մասին եւ այն մասին, թե ինչպես են վարկերը դարձնելու հասանելի: Արդեն լծվել են ընտրարշավին:

Եվ նույնը հաջորդ օրվա երեկոյան գյուղնախարարը «զեկուցում» է «Բանաձեւին»: Թեպետ հաղորդման վարողի հարցադրումներն առավել պրոֆեսիոնալ էին եւ խնդիրներն էապես բացող, սակայն նախարարը ոչ մի շեղում չարեց գյուղատնտեսությունում սպասվելիք նվաճումներն արձանագրելուց:

«Շանթ» հեռուստաընկերությունն առավել հայտնի է իր սերիալներով, «Հայ սուպերսթար»-ով եւ «Vitamin»-ով: Երբ ասում եմ, որ հեռուստաընկերությունները ձգտում են անհատականության, նկատի ունեմ, որ նրանց հետաքրքիր չէ, թե ինչ են անում մյուսները: «Հայ սուպերսթար»-ն, օրինակ, սերիալ է: Ինչպես սերիալ է ATV-ի «Արի ամուսնանանք»-ը, կամ հ2-ի «Լրաբեր»-ը: Սերիալ է «Vitamin»-ը, ի դեպ նաեւ «Արմենիա»-ի «32 ատամ»-ը, որոնց հումորները ինտելեկտուալ որեւէ չափանիշ չունեն: Փոքրիկ մխիթարություն է «Vitamin»-ի «Էնքան վատն ա…» շարքը:

Ցանկացած հեռուստանախագիծ ստեղծում է իր հեռուստադիտողը, այնպես չէ, որ այդ հեռուստադիտողը կա: Մարդն իր ճաշակով է «կլանում» կոնկրետ հեռուստանախագիծը: Բայց դիտողին եւ նախագծին հարազատացնում է նույն անճաշակությունը, եւ երբեմն դժվար է ասել, թե ով է ի վերջո արժանի մյուսին:

ATV-ն միակն է, որը հեռուստադեմք դարձրեց լրատվական ծրագիրը՝ «Փաստ»-ը: Այսօր նույնիսկ «Փաստ»-ի տեղեկատվական կերպարի մասին ավելին չենք կարող ասել, քան այն, ինչ կարելի է ասել մնացած հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի մասին:

«Կենտրոն»-ն ունի «Ուրվագիծ»-ը: Անկախ մեր վերաբերմունքից այն հեռուստաայցեքարտ համարվող ծրագիր է, որտեղ բոլորը չէ, որ իրենց ասելիքը տեղ հասցնելու արտոնություն ունեին, համենայնդեպս, Պետրոս Ղազարյանի օրոք:

Հ1-ն ունի «Երջանկության մեխանիկա»-ն եւ «Ազատ գոտի»-ն: Առաջինում հյուրերը հիմնականում աստղեր են, որոնք երջանկությունը մերկացնելու խնդիր ունեն, երկրորդի հյուրերը նաեւ աստղեր են, որտեղ նրանք այս կամ այն իրողության փորձագետներ են, մասնավորապես՝ «կարմիր խնձորի»: Կա նաեւ «Տեսանկյունը», բայց սա առանձին թեմա է: Մի խոսքով՝ հանրային քիչ բան կա Հ1-ում:

Իր էությամբ հանրային է «Շողակաթը». այն անկյալ ճաշակի համար չէ, երկրորդը՝ ունի իր անձեռնմխելիները՝ կաթողիկոս եւ հոգեւորականներ: Նոմինալ Հանրայինը՝ Հ1-ը, հենց անկյալ ճաշակի համար է, որովհետեւ միայն անկյալ ճաշակի ներկայացուցիչ լրագրողը «Տեսանկյուն»-ով 2008-ի մարտի 1-ը կբացատրի այն հանգամանքով, որ «երկու հարեւաններ թշնամացել են եւ շենքի իրենց հարկաբաժինը միասին չեն կարող վերանորոգել»: Հետո կշարունակի՝ «բաժանվել են տարբեր ճամբարների եւ ատելություն սերմանել հակադիր ճամբարների միջեւ, որի արդյունքում էլ ծնվեց մարտի 1-ը»:

Այսպիսով, մեր հեռուստաընկերությունները մարտի 1-ի մասին այս տրամաբանության պրոյեկցիան են՝ հեռուստադիտողը հնարավոր է՝ չգիտի, թե ինչ է գեղեցիկը: Բայց դա չի նշանակում, որ նրան չպետք է ցույց տալ դա: Նախ՝ կեղծել պետք չէ, էական չէ՝ քվե է, թե եթեր:

Հեռուստադիտողը հեռուստատեսության արդյունք է, ինչպես ընտրողը՝ ընտրության: Պետք չէ ձեւել բոլոր եթերները մեկ կենտրոնի դեմքով եւ նմանությամբ, ինչպես քվեն են ձեւում մեկի կամքով: Այլապես ստացվում է, որ հեռուստատեսությունը եւ հեռուստադիտողը միմյանց հանդեպ թշնամացել են, եւ տուժողը հեռուստացույցն է:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *