2012.03.05,

Քննադատ

Շուտով ընտրություններ են. ինչպե՞ս լուսաբանել

Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում շատերն արդեն սկսել են խորհրդարանական ընտրությունների իրենց նախընտրական քարոզարշավը՝ չնայած պաշտոնապես այն մեկնարկում է ապրիլի 8-ին եւ ավարտվում մայիսի 4-ին:

Մամուլում օրը մեջ կարդում ենք, թե ինչպես են այս կամ այն քաղաքական գործիչները հայտարարում, որ իրենք պատրաստվում են մասնակցել մայիսին կայանալիք ընտրություններին` կիսվելով իրենց անելիքների եւ «ամբիցիոզ հսկայածավալ ծրագրերի» մասին: Բայց որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ու ավելի ես մտահոգվում, թե որքանով են պատրաստ մեր հայրենի լրագրողները լուսաբանել այն:

Նախընտրականան քարոզարշավը որոշ թղթակիցների համար վերածվում է մի մամուլի ասուլիսից մյուսը վազվզելուն: Ճիշտ է՝ «վազող ոտքեր» էլ այդ ընթացքում պետք են, որ հասցնեն ամեն ինչին հետեւել, սակայն կարեւորն այն է, որ ընտրությունները լուսաբանելիս հետեւես հստակ կանոններին: Չէ՞ որ լրագրողը կապող օղակ է իրադարձության եւ ընթերցողի կամ հեռուստադիտողի միջեւ եւ չպիտի արգելք հանդիսանա թեկնածուների եւ ընտրողների միջեւ, այլ լինի նրանց միավորող կամուրջ:

Իսկ ո՞ր չափանիշներին պետք է հետեւեն ԶԼՄ-ները ընտրությունների ընթացքում: Ես անձամբ, լուսաբանելով երեք խորհրդարանական (1995թ., 1999թ. եւ 2003թ.) եւ երեք նախագահական ընտրություններ (1996թ., 1998թ. Հայաստանում եւ 2000թ. Իրանում), առաջնորդվել եմ հիմնականում հետեւյալ մասնագիտական կանոններով.

  1. Ազնվորեն լուսաբանել ընտրությունները, այսինքն՝ վիճելի հարցերում ներկայացնել երկու կողմերի մեկնաբանությունները եւ հնարավորություն տալ մի կողմին պատասխանել մյուս թեկնածուի մեղադրանքին.
  2. Լինել օպերատիվ. քայլել ոչ թե իրադարձությունների հետեւից, այլ երբեմն նույնիսկ առաջ ընկնել իրադարձություններից.
  3. Բառացիորեն ներկայացնել թեկնածուի խոսքերը՝ խուսափելով մեկնաբանություններից:

Եվս մի խորհուրդ. եթե ներկա չես գտնվել այն պահին, երբ թեկնածուն հայտարարություն է արել, լավ կլինի լսես ձայնագրությունը, որը քեզ կտրամադրի քո գործընկերը, իսկ եթե չես գտնում ձայնագրությունը, օգնության խնդրանքով դիմիր վստահելի գործընկերոջդ, ով կշարադրի եղածը:

Եթե ուզում ես կարծիք հնչեցնել, խոսքը տուր անկախ դիտորդին: Ընդ որում՝ կարեւոր է նաեւ ընրությունների ընթացքում ուշադրություն դարձնել հասարակական կարծիքի հարցումների հրապարակման վրա՝ նշելով հարցման ամսաթիվը, տեղը եւ մասնակիցների թիվը:

Իսկ հիմա անդրադառնանք վերը նշված չափանիշներին: Այն, որ լուրը հաղորդելիս պետք է պահպանել հավասարակշռություն, դա անվիճելի է: Հիշում եմ, երբ 1996 թվականին առաջին նախագահը ժամանակից շուտ հրապարակավ հայտարարեց իր հաղթանակի մասին, միանգամից ուշ գիշերին մեկնեցի նրա հիմնական մրցակցի՝ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման, ով մատնացույց արեց բազմաթիվ ընտրական խախտումներ:

Ընդհանրապես մեր լրագրողներից շատ քչերն են կարողանում անաչառ լուսաբանել որեւէ մի իրադարձություն` ներկայացնելով երկու կողմերի տեսակետը: Չե՞ք հավատում, փորձեք նույն թեմայով զրուցել իշխանամետ եւ ընդդիմադիր թերթերի թղթակիցների հետ. առաջինները «փրփուրը բերանում» կպաշտպանեն կառավարությանը, իսկ երկրորդները` այլախոհ ուժերին՝ չփորձելով իրադարձության մանրամասները ծանր ու թեթեւ անել եւ հետո որոշել ճիշտն ու սխալը:

Տարօրինակն այն է, որ որոշ ժամանակ անց նույն ընդդիմադիր լրագրողը կարող է անցնել աշխատանքի իշխանամետ թերթ եւ նմանատիպ հաջողությամբ «դոշը դեմ տալ» հայրենի կառավարության համար:

Ավելորդ է նշել, թե որքան կարեւոր է օպերատիվությունը՝ հատկապես լրատվական գործակալության կամ կայքի աշխատանքի համար: Սովորաբար ընթերցողը սիրում է այցելել հենց այն կայքը, որն առաջինն է հաղորդում կարեւոր լուրերը, սակայն միշտ առաջինը լինելն այնքան էլ հեշտ չէ. բացի աչալուրջ լինելուց՝ պետք է ունենաս նաեւ վստահելի աղբյուրների ցանց, որը ձեւավորվում է տարիների ընթացքում:

Եւ, վերջիվերջո, լրագրողն էլ մարդ է, նա էլ կարող է ինչ-որ պահի կորցնել զգոնությունը: Բայց պետք է նշել, որ օպերատիվություն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կապ, լավ տեխնիկա: Չստացվի այնպես, ինչպես եղավ մի անգամ ինձ հետ 1998-ին. նախագահ Տեր-Պետրոսյանը հեռուստացույցով հայտարարեց իր հրաժարականի մասին, հենց առաջին երկու խոսքից հետո փորձում էի զանգահարել իմ գործակալություն՝ հաղորդելու լուրը, սակայն ապարդյուն, քանի որ մեր տանն այդ անիծյալ չինական հեռախոսի համարը հավաքելու կարեւոր կոճակը փչացավ:

Հաղորդեցի միայն այն ժամանակ, երբ ինձ հետ կապվեցին Մոսկվայից: Եթե գնայի հաղորդեի աշխատատեղից, մեկ է, ուշանալու էի, իսկ բջջային հեռախոսներ դեռ գործածության մեջ չկային կամ էլ հազվագյուտ մարդկանց մոտ կար (ես այն ձեռք բերեցի 1999 թվականին): Մյուս օրը զայրացած գնացի խանութ եւ գնեցի այն ժամանակվա ամենալավ մոդելի «Sony» հեռախոսը, բայց «գնացքն արդեն գնացել էր»:

Ցավալին այն էր, որ նախագահի սպասվող հրաժարականի մասին տեղեկությունը նույն օրը առաջինը ես էի տարածել, ինչի համար շատ տհաճ խոսակցություն ունեցա նախագահականի լրատվական ծառայության աշխատակցի հետ: Սակայն ընկնելով իրադարձությունից առաջ` փաստորեն չկարողացա հաղորդել բուն իրադարձության մասին լուրը:

Շատ կարեւոր է բառացիորեն ներկայացնել որեւէ թեկնածուի խոսքերը, քանի որ ցանկացած պահի նա կարող է հերքել իր ասածները, իսկ քեզ կանչել պատասխանատվության: Ինձ հետ էլ է այդպես պատահել:

Բանն այն է, որ մի թեկնածուի կողմից հնչեց շատ կարեուր հայտարարություն, սակայն ես այնտեղ ներկա չէի գտնվել (քանի որ արտասահմանյան լրատվամիջոցի սեփական թղթակիցը միայնակ պետք է լուսաբանի հանրապետությունում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, լինում են դեպքեր, երբ նա բաց է թողնում ինչ-որ կարեւոր նորություն կամ հայտարարություն): Ստիպված էի դիմել գործընկերոջս, ով, սակայն, տակավին երիտասարդ էր եւ այնքան էլ փորձ չուներ լրատվական դաշտում:

Արդյունքում քաղաքական գործչի խոսքերը աղավաղված էին, սակայն, մեջբերելով թեկնածուի խոսքերը, ես հղում էի կատարել այդ լրագրողին եւ բնական է, որ ոչ «ճշգրիտ խոսքերի» պատասխանատվությունն ընկավ նրա վրա:

Ընդհանրապես լրագրողը պետք է միշտ ձգտի ուղղել իր կողմից տարածած սխալ տեղեկատվությունը, որը կարող է վնասել թեկնածուներից մեկին, եւ դա պետք է անի արագ, քանի որ նախընտրական քարոզարշավը սահմանափակ ժամանակ ունի: Էլ չեմ ասում, որ պետք է խուսափի սադրիչ կամ խտրական արտահայտություններ անելուց (ռասայական, սեռական եւ դավանանքի հետ կապված):

Եւ այսպես, շուտով ընտրութուններն են, լրագրողի համար անքուն ու լարված աշխատանքի օրեր, որոնք կարող են լինել առանց գլխացավանքի, եթե նա հետեւի վերոնշյալ կանոններին:

 Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *