Տեղեկությունը հայթայթում են կամ ձեռք բերում: Բայց ոչ ոք հենց այնպես տեղեկություն չի տրամադրի։ «Դուք սա արդեն գիտեի՞ք»,- այսօրվա հեռուստալրագրողին կհարցներ Ֆրիդրիխ Նիցշեն:
Կիրակի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: «Արմնյուզն» այցը խորագրել է այսպես. «ՀՀԿ-ն շարունակում է քննարկել նախընտրական ծրագիրը»: Թղթակիցն ուղիղ եթերով պատմում է մարզի մտահոգությունները: Ամբողջ ընթացքում կադրում վարչապետն է կամ կարկառուն ՀՀԿ-ականները:
«Կապիտալ ներդրումները կուղղվեն մարզեր»,- ի դեպ արդեն երրորդ տարին մարզերի բնակիչներին սպառնում է Տիգրան Սարգսյանը: Պարզ չէ՞, որ խոսքն այն մասին է, թե նա ինչ է խոստանում բյուջեի անունից: Վարչապետի արածը կոչվում է եթերի եւ բյուջեի մանիպուլացիա: Բայց խնդիրն, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանը չէ: Խնդիրը լրագրողն է, որն ուղեկցել է նրան:
Երբ նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկից մեկ ամիս առաջ նախընտրական այց ես լուսաբանում, դու, ըստ էության, պատմում ես պաշտոնեական դիրքի չարաշահման մասին: Ու՞ր է այդ առթիվ քո համապատասխան հարցադրումը: Երկրորդ` ո՞վ ասաց, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի այցելությունները լուսաբանման ենթակա են, իսկ ՀԱԿ-ինը՝ ոչ: Ինչու՞ են այս հարցերն առաջանում: Ի վերջո, սրանք հռետորական հարցեր են, թեպետ այս դեպքում հռետորական հարցերը կարող են ուղղվել միայն լրագրությամբ զբաղվելը վայր դրած մարդուն: Որովհետեւ ինչու՞ ինքը պիտի պատասխանի հարցերին ու շարունակի նույն ձեւով: Այս հարցերն առաջանում են, որովհետեւ լրագրողը տեղեկություն չի հասցնում, այլապես ռեպորտաժի մեջ կզգացվեր նրա շնչակտուրությունը: Կզգացվեր, որ նա ջանք է դրել իր աշխատանքի մեջ:
«Առաջին լրատվականը» փետրվարի 20-ին ՄԻՊ գրասենյակում ներկա է եղել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու մասին թեմայի քննարկմանը: Այնտեղ ՀՕՄ երեւանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը տեղեկացրել է, որ ուրբաթ օրը Երեւանում թոքաբորբից մահացել է մանկատան անօթեւան շրջանավարտ` 22-ամյա Արթուր Ծառուկյանը: Նույնիսկ կիսալրագրողի համար սա, թող ներվի ասել, հիանալի սկիզբ է ռեպորտաժի: Ոչինչ, սակայն, չհաղորդվեց: Խոսք չկա նույնիսկ այն մասին, որ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը անկեղծանում է` ասելով, որ պետությունն այս տարի մտադիր չէ մանկատան որեւէ շրջանավարտի ապահովել բնակարանով:
«Պետք է համբերություն ունենալ»,- ահա այն, ինչ առանց դիմադրության ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը:
«Առաջին լրատվականը» ժամը 17-ի թողարկմանը պատմում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի նախաձեռնած մի մրցույթ-փառատոնի մասին «Մեր հայրենիք» խորագրով: Արդեն հայտնի է, որ Շիրակում ՀՀԿ-ն պաշտպանելու է Արման Սահակյանի թեկնածությունն ԱԺ մեծամասնական ընտրություններում:
Մեծամասնական ընտրություններում առաջադրվելու ցանկություն ունի նաեւ «Առաջին լրատվականի» ղեկավար Սամվել Ֆարմանյանը, որի ընկերն է Արման Սահակյանը: Ապօրինությու՞ն է մրցույթ-փառատոնի լուսաբանումը: Ոչ: Բայց առանց որեւէ ջանքի պատրաստվող հեռուստանյութի մեջ դժվար է ասել, թե որտեղ է լրագրողը: Հետեւաբար ամբողջի մեջ ո՞րն է տեղեկությունը: Տեղեկությունը երեխաներն են, որոնց հայրենիքը դեռ անձնավորված չէ: Եվ ԱԺ պատգամավորի թեկնածուին լրագրողը պետք է փնտրեր՝ այնտեղ չմոռանալով, որ ֆուտբոլային ակումբի նախագահը միայն պայծառացման գնով կարող էր ԱԺ ընտրություններից առաջ զբաղվել երեխաների հայրենիքի փնտրտուքով:
Ի դեպ, որտե՞ղ է հեռուստահամքարությունը Մաշտոցի այգու ապականման այս օրերին: Ես, օրինակ, կգնայի որեւէ դպրոց, կխոսեի երեխաների հետ պարզելու, թե որքանով է շոշափելի նրանց Երեւանը: Եվ ընդհանրապես ի՞նչ շարադրություններ են նրանք գրում: Հետո կբարձրանայի Ազատության պողոտայի 12-րդ շենքի բակ ու կփորձեի հասկանալ`ինչու են կտրում բակի եղեւնիներն ու հացենիները: Որովհետեւ, եթե եթերազրկվելուց հետո էլ է դա Ա1+-ի գործը, ուրեմն այս քաղաքի երեխաները մեկումեջ սիրո հրեշտակներ են, ասենք, երբ Ռիտա Սարգսյանն է նրանց համար երգ գրում ու ցուցադրվում, երբ հունիսի 1-ն է, երբ բացվում է գազանանոցի նոր «եթերաշրջանը»: Դրանց արանքում եթերում միայն մեր «տելեգենիկ» իշխանություններն են:
Մհեր Արշակյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: