2012.02.16,

Քննադատ

Աստված տվել՝ չի խնայել

Ես  չգիտեմ` ուրիշ երկրներում մարդիկ ինչպես են հեռուստացույց  նայում, բայց նկատել եմ, որ մեզանում մարդիկ հեռուստացույց նայելիս  հեռուստավահանակը (պուլտ) չափից ավելի են օգտագործում: Դրա   հիմնական պատճառն ամենեւին էլ մեր հեռուստահաղորդումների  անհետաքրքիր լինելը չի. հիմնական պատճառն այն է, որ մեր   հեռուստաալիքները չափազանց շատ են. մեր բնակչության թվի  համեմատ, իհարկե: Ասածս, իհարկե, նաեւ չի նշանակում, թե` մեր  հեռուստատեսային հաղորդումները հետաքրքիր են: Ընդամենը ուզում  եմ ասել, որ երեք միլիոնանոց հանրապետության համար երեք կամ չորս հեռուստաալիքը  լրիվ բավական էր: Էդ դեպքում միգուցե  հաղորդումներն ավելի հետաքրքիր ստացվեին: Ինչպես նաեւ՝  սերիալները: Ինչպես նաեւ` լրատվական թողարկումները: Ինչպես նաեւ`  մարզական ու մյուս հաղորդումները: Նույնը կարելի է ասել թերթերի ու  ամսագրերի մասին:

Քանակի առումով դրանք կբավականացնեին մի չափազանց մեծ երկրի, չնայած, եթե դրանց բոլորի տպաքանակը գումարեք իրար, հազիվ թե մի պատկառելի թերթի տպաքանակ ստացվի: Նույնը կարելի է ասել մեզանում լրագրողուհիների քանակի իմաստով: Մենք շատ ենք խոսում մեր կովկասյան ու ասիական մենթալիտետից, բայց ակնհայտ փաստ  է, որ մեզանում լրագրողուհիները տղամարդ լրագրողների համեմատ չափազանց շատ են. շատ ավելի շատ, քան նույնիսկ ամենազարգացած  եվրոպական երկրներում: Դրա պատճառներն, իհարկե, առայժմ ուսումնասիրված ու հայտնաբերված չեն, բայց դրանց պատճառների ուսումնասիրությունն ու հայտնաբերումն ամենեւին էլ անշնորհակալ աշխատանք չի: Էդ աշխատանքը կփորձենք կատարել, եթե, իհարկե, կարողանանք թափանցել էդ երեւույթի խորքերը: Ընթացքում, իհարկե:

Կարելի է շատության թեման շարունակելով` անդրադառնալ նաեւ մեր կայքերի առատությանը, սակայն հասկանալով, որ առանց այդ էլ ասածներս չափազանց վիճելի են` մանավանդ ժողովրդավարության ու աշխատատեղերի իմաստով, ուզում եմ ոգեւորությունս զսպելով արգելակել:

Այնուամենայնիվ, ինչքան էլ ինքնազսպվենք, շատության մասին խոսելիս  չենք կարող չանդրադառնալ մեր հեռուստասերիալների առատությանը:  Ցավալի է, իհարկե, որ դրանց շատությունը ոչ մի կերպ չի վերածվում  բազմազանության: Մեր քրեաշունչ հեռուստասերիալները երկվորյակների  պես նման են իրար, եւ չնայած մեր կյանքն էլ է բավական քրեաշունչ,  այդուհանդերձ, օրվա մեջ մի քանի անգամ տարբեր ալիքներով մեզ  հրամցվող հեռուստասերիալները շատ են տարբերվում մեր ապրած  կյանքից: Ցավոք սրտի, սերիալների ողջ դրականն էլ է կապված զուտ  աշխատատեղերի ու աշխատավարձերի հետ: Այսուհանդերձ, շատ  ուրախալի է, որ ռեժիսորների, սցենարիստների ու մանավանդ  դերասանների մի ստվար բանակ սերիալների շնարհիվ հացի տեր  դարձավ եւ այսօր արդեն ի վիճակի է առավել հոգեւոր դերակատարության:

Առայժմ բավարարվենք մեր այս հավակնոտ ու անկանխատեսելի հայտով.  անկանխատեսելի էն առումով, որ ինքս էլ չգիտեմ` առաջիկայում որ  ուղղությամբ եմ ուշքս ու միտքս ուղղորդելու: Միայն մի բան գիտեմ.  մակերեսայնության վտանգը միշտ կա, որովհետեւ ես էլ մեկն եմ նրանցից,  ովքեր ոչ թե հեռուստացույց են նայում, այլ ընդամենը հեռուստացույցի  վահանակն են աշխատացնում: Եվ թերթ կարդալու փոխարեն էլ էդ  թերթերն ընդամենը թերթում են: Եվ պատճառների մասին առայժմ չեն  մտածում: Բայց հասկանում են, որ, այնուամենայնիվ, մտածել պետք է:  Նաեւ հասկանում են, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, արժե փոխել:  Դեպի լավը, իհարկե: Բայց միաժամանակ հասկանում են նաեւ, որ  խորհուրդ տալը չափազանց հեշտ է: Եվ, հասկանալով հանդերձ,  խորհուրդներ են տալիս: Եվ տրամադրված են շարունակել:   

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *