2011.12.23,

Քննադատ

Որակյալ սցենարը պահանջված չէ

Որքան էլ տարօրինակ է, բայց հայկական հեռուստաեթերի սերիալների որակից դժգոհում են գրեթե բոլորը` սերիալում նկարահանվող դերասանները, սերիալների պրոդյուսերները, լրագրողները, Խորհրդային միությունից մեզ ժառանգություն մնացած մտավորականները, հեռուստադիտողը, բայց չնայած դրան՝ ո՛չ սերիալներն են որակական փոփոխության ենթարկվում, ո՛չ էլ դրանց «ռեյտինգն» է ընկնում:

Ինչպես ընդհանրապես հայ կինոյի, այնպես էլ հեռուստատեսային սերիալների պարագայում լայնորեն տարածված կարծիք կա, որ խնդիրը որակյալ սցենարների եւ մասնագետ սցենարիստների բացակայությունն է:

Սցենարն, իհարկե, որոշիչ նշանակություն ունի եւ սցենարի որակն անմիջապես ազդում է ցանկացած ժանրի կինոարտադրանքի կամ հեռուստատեսային արտադրանքի վրա: Հեռուստատեսային սերիալների պարագայում սցենարը շատ ավելի կարեւոր դեր ունի ստեղծագործական ընդհանուր աշխատանքի ու արտադրական շղթայի մեջ, որովհետեւ եթե կինոյում կամ կարճ տեսաֆիլմում բեմադրական հաջողված լուծումները կարող են շտկել սցենարի թերությունները, ապա սերիալում դա հնարավոր չէ։  

Այդպիսով այսօր նկարահանվող հեռուստասերիալների սցենարների հասցեին հնչող քննադատությունը մեծ մասամբ տեղին է, բայց արդյո՞ք դրանում մեղավոր են սցենարիստները, արդյո՞ք ճիշտ է այն տեսակետը, թե սերիալների անորակության գլխավոր պատճառը սցենարների անորակությունն ու բարձրակարգ սցենարիստների բացակայությունն է:

Նախ անդրադառնանք տեխնիկական խնդիրներին: Լատինաամերիկյան եւ եվրոպական սերիալների սցենարները մեծ մասամբ խմբակային աշխատանքի արդյունք են, այնինչ Հայաստանում հիմնականում մեկ, առավելագույնը երկու հոգի է աշխատում սցենարի վրա:

Պատճառն, իհարկե, փողն է: Մեկ սերիա սցենարի գինը Հայաստանում այնքան է, որ չի կարող բաժանվել մի քանի մասերի: Իսկ146 մի մարդու համար դա ահռելի աշատանք է: 30-40 րոպե տեւողությամբ մեկ սերիա սցենարը կոպիտ հաշվարկով կազմում է 30-40 էջ տեքստ`գործողություններ ու երկխոսություններ:

 Համակարգչով 40 էջ տեքստ շարելն արդեն բավական ծանր աշխատանք է, իսկ երբ դրան գումարում ես ստեղծագործական աշխատանքը, հասկանալի է դառնում, թե ինչու է հայկական արտադրության սերիալներում «ջուրն» այդքան շատ:  Դժվար է օրական 40 էջ գրել եւ որակյալ արտադրանք տալ:

Հայկական հեռուստասերիալի սցենարիստը պետք է շատ ճկուն լինի, միշտ պատրաստ՝ փոխելու նախապես ծրագրված մտահղացումներն ու սյուժետային զարգացումները:

Օրվա գրածը հաջորդ օրը նկարահանվում է, մի քանի օր հետո եթեր գնում: Չկա այդպիսի պրակտիկա, որ սերիալը մինչեւ վերջ կամ գոնե զգալի մասը նկարահանվի, նոր եթեր գնա: Պատճառը կրկին ֆինանսական մուտքերն են: Որեւէ հեռուստաընկերություն չի համարձակվում միանգամից այդքան փող ներդնել հետո եկամուտ ստանալու ակնկալիքով: 

Հեռուստադիտողը կարող է տարակուսել հայրենական արտադրության սերիալներում հերոսների հանկարծակի մահերի եւ նույնքան հանկարծակի վերակենդանացումների առատությունից: Նաեւ հերոսների հանկարծակի անհետացման եւ անսպասելի հայտնության: Այնինչ խնդիրը շատ պարզ է:

Երբ սերիալում նկարահանվող դերասաններից մեկը ֆինանսական կամ այլ խնդիրների պատճառով հեռանում է սերիալից, սցենարիստը ստիպված է լինում անխղճաբար «սպանել» նրան կամ «անհայտ կորցնել» հերոսին, իսկ երբ դերասանի եւ հեռուստաընկերության միջեւ խնդիրը հարթվում է, սցենարիստը կես էջի սահմաններում անմիջապես «վերակենդանացնում» կամ «գտնում» է հերոսին:

Ճկունությունը անհրաժեշտ է նաեւ հովանավորների որոշումներին արագ արձագանքելու համար: Եթե սերիալի հովանավորը ինչ-որ ռեստորան է, ապա, բնականաբար, գործողությունների մի մասը պետք է այդ ռեստորանում անցկացվի, որտեղ հերոսները պետք է խմեն մեկ այլ հովանավորի արտադրած գինին կամ կոնյակը:

Բայց եթե հովանավորը հանկարծակի փոխվում է, եւ ռեստորանին փոխարինում է գեղեցկության սրահը, ապա, բնականաբար, սերիալի գործողությունները պետք է զարգանան գեղեցկության սրահում: Սա էլ սերիալի նկարահանման խելագար ռիթմի պատճառներից մեկն է եւ բացատրում է, թե ինչու նախապես չեն նկարահանվում պահուստային սերիաներ։

Հեռուստաընկերությունները, պրոդյուսերները սցենարիստների առջեւ որակյալ արտադրանք տալու խնդիր չեն դնում: Ճիշտ հակառակը՝ նրանց առջեւ խնդիր է դրվում ապահովել բարձր «ռեյտինգ», իսկ երբ նայում ես սերիալների վարկանիշային աղյուսակը, ապա տպավորությունը այնպիսին է, որ գործում է «ինչքան անորակ արտադրանք, այնքան բարձր վարկանիշ» սկզբունքը:

Հիմնականում սերիալի թեման, ոճը, սյուժետային կարեւոր զարգացումները թելադրում են պրոդյուսերները: Այս ամենի պարագայում ճիշտ չէ այն կարծիքը, թե բարձրակարգ սցենարիստների պակասն է մեր սերիալների անորակության պատճառը:

Ճիշտ հակառակը՝ բարձրակարգ սցենարիստներն ու որակյալ սցենարները պարզապես պահանջարկ չունեն հեռուստաշուկայում: Եվ արհեստավարժ սցենարիստը աշխատանք ունենալու համար ստիպված է փոխզիջման գնալ։

Համբարձում Համբարձումյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *