Այսօր, երբ համացանցի տարածման ու մատչելիության հետ հեռուստատեսությունը որպես տեղեկատվության միջոց աստիճանաբար զիջում է իր գերիշխող դիրքը և վերածվում է զվարճանքի ու ժամանցի միջոցի, արժե հետահայաց քննության ենթարկել հայկական հետխորհրդային հեռուստատեսության անցած ճանապարհը՝ մատնանշելով այն հիմնական կանգառները, որ եղել են այդ ճանապարհին։
Ամենամեծ փոփոխությունը հայկական հեռուստատեսության մեջ կապված է ԱԼՄ-ի հետ՝ այն հեռուստաալիքի, որ տասը տարի էկրանների մոտ գամված պահեց հայ հեռուստադիտող հասարակության ամենատարբեր շերտերին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ անկախ Հայաստանի հեռուստատեսության պատմությունը բաժանված է երկու մասի՝ ԱԼՄ-ից առաջ և ԱԼՄ-ից հետո։
1 ԱՐ կամ իրոնիայի քնքշանքը
ԱԼՄ-ից առաջ մենք ունեինք հեռուստատեսություն, որը փորձում էր հաղթահարել խորհրդային հեռուստատեսության ժառանգությունը, բայց դեռ բազմաթիվ թելերով կապված էր դրան։ Շուկայի ազատականացմամբ, ժողովրդավարական պլյուրալիզմով, ապագաղափարականացմամբ պայմանավորված՝ ստեղծվել էր նոր իրավիճակ, որում խորհրդային հեռուստատեսության նախկին գործառույթներից շատերն այլևս ժամանակավրեպ էին, սակայն շարունակում էին կիրառվել ամբողջությամբ կամ մասնակի։ Հանրայնացման ու կոմերցիոնալիզացիայի անխուսափելի գործընթացների արանքում հայտնված հեռուստատեսությունը փորձում էր ազատվել գաղափարաբանական պրոպագանդայի և կրթական գործառույթներից։ Հանրայնացման գործընթացը ենթադրում էր, որ հեռուստաարտադրանքը պետք է բավարարեր հանրության տարբեր ու հնարավորինս շատ շերտերի պահանջները, իսկ կոմերցիոնալիզացիան ենթադրում էր հեռուստաարտադրանքի պատրաստում համաձայն շուկայի պահանջների։ Սակայն եթերում շարունակում էր գերակշռել բարձր մշակույթը, որը չէր կարող մեծ լսարան ունենալ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա։ Միևնույն ժամանակ եթերը բոլորովին փակ էր ռաբիզի ենթամշակույթի համար, որն ուներ հետևորդների ոչ փոքրաթիվ զանգված։ Այսինքն՝ տեղի էր ունենում ճաշակի թելադրում ուղղահայաց ձևով, ինչպես խորհրդային ժամանակներում։ Կրթական գործառույթը առայժմ հաղթահարված չէր, սակայն հեռուստատեսությունն ավելի բաց էր, և եթեր էին թափանցում խորհրդային տարիներին լուսանցքային համարվող տարրեր, ինչպես, ասենք, պոռնոգրաֆիան էր և «ավանգարդը»։
Հետխորհրադային հայկական հեռուստատեսության կվինտէսենցիան 90-ականների ԱՐ հեռուստաընկերությունն էր, որի օրինակով կարելի է ուսումնասիրել ժամանակի գլխավոր միտումները։ Ար-ը էլիտար հեռուստաընկերության նմուշ էր, որքան էլ որ անհեթեթ հնչի նման ձևակերպումը հեռուստատեսության վերաբերյալ։ Հեղինակային ֆիլմեր, օրիգինալ մտահղացմամբ հաղորդումներ, որոնց մի զգալի մասը կարող էր ցուցադրվել ոչ միայն հեռուստահաղորդման տեսքով և եթերում, այլև ցուցասրահում՝ կոնցեպտուալ արվեստի նմուշի ձևով («Դիվադաթար» , «Անուշադրության կենտրոն», «Չֆիլմ» և այլն)։ ԱՐ-ում էր գործում խորհրդահայ անդերգրաունդը, դիսիդենտությունը, որը տասնամյակներ շարունակ սպասել էր իր գաղափարները տիրաժավորելու պատմական պահին։ Նրանք պրոֆեսիոնալ հեռուստամասնագետներ չէին, նկարիչներ էին, գրողներ, մտածողներ։ ԱՐ-ի հաղորդումներում գլխավորը ստեղծագործական մոտեցումն էր, օրիգինալությունը, եզակիությունը։ էմոցիոնալ ֆոնը քնքույշ իրոնիան էր՝ ինտելեկտուալի իրոնիան զանգվածային մշակույթի հանդեպ, որում ինքը գործում էր՝ դեռևս լավ չգիտակցելով այդ մշակույթի բնույթը, բայց կռահելով, որ գաղափարախոսությունն այլևս չի գործում և հղում անելով մեկ այլ, գաղափարախոսությունից վեր կանգնած ճշմարտության ատյանի։
ԱՐ-ի շնորհիվ հեռուստատեսության մեջ տեղի ունեցավ այն, ինչը կարծես թե ընդհանրապես հակասում է հեռուստատեսության էությանը՝ որպես զանգվածային մշակույթի օրրանի։ Այն մշակույթը, որ ծվարում է լուանցքային տարածքում, որը հանդիսանում է մարգինալացված փոքրամասնության մենաշնորհը, հեռուստատեսային խողովակի միջոցով դարձավ ամենալայն ժողովրդական զանգվածների սեփականությունը։
Դա պայմանավորված էր նրանով, որ խորհրդային միության փլուզումից հետո իշխանության եկավ այլախոհ մտավորական էլիտան, որը հեռուստատեսության միջոցով թելադրում էր հանրությանն իր ճաշակը։ Ճոճանակի սկզբունքով՝ այդ էլիտային իշխանության մեջ շուտով փոխարինեց միլիտարիզացված, քրեական տարրը, որն իր հերթին հեռուստատեսություն բերեց իր ենթամշակույթը, իր ճաշակը՝ շարունակելով պարտադրել այն հանրությանը ուղղահայաց կերպով։ Ըստ էության շատ բան չփոխվեց՝ մեկ լուսանցքային երևույթին եկավ փոխարինելու մի այլ լուսանցքային երևույթ։ Հանրային հեռուստատեսության գաղափարը, որը պիտի սպասարկեր հանրության բոլոր շերտերի պահանջները, մնաց անկատար։ Դրա իրականացմանն ամենից ավելի մոտեցավ ոչ թե Հանրային վերանվանված և պետության բյուջեից սնվող Ազգային հեռուստատեսությունը, այլ մասնավոր ԱԼՄ-ն։ Սակայն ԱԼՄ-ն դա արեց իսկապես այլընտրանքային ճանապարհով։
շարունակելի
Արփի Ոսկանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: