2011.03.03,

Քննադատ

Օրենքի մեղքը լիովին ապացուցված չէ

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Կարծիք է տարածվել, թե լրատվամիջոցների դեմ վերջին դատավարությունների համար «մեղավորը»  2010 թվականի օրենսդրական փոփոխություններն են, ավելի ստույգ` զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը: Եվ, իբր, եթե դա չլիներ, ապա ԶԼՄ-ների նկատմամբ այդքան խիստ տուգանքներ չէին նշանակվի, եւ ընդհանրապես, այդքան շատ դատեր չէին լինի:

Նման տեսակետ արտահայտողների հետ կարող ենք համաձայնել միայն մեկ հարցում, այն է` ապաքրեականացումից հետո դատավարություններն ավելացել են, որովհետեւ քաղաքացիական հայցով դատարան մտնելն  ավելի հեշտ է, քան քրեական գործ հարուցելը (ընդ որում, այդպիսի զարգացման մասին նախազգուշացրել ենք դեռ օրինագծի քննարկումների ընթացքում): Սակայն այն բանում, որ լրատվամիջոցների նկատմամբ տուգանքներ եւ այլ պատիժներ են կիրառվում, Քրեական եւ Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ կատարող օրենքների «մեղավորությունը» լիովին ապացուցված համարել չի կարելի:

Բացատրեմ միտքս օրինակով. 2009 թվականին, երբ դեռ հիշյալ փոփոխությունները կատարված չէին եւ սահմանված չէր բարոյական վնասի փոխհատուցում հասկացությունը, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ընդդեմ  «Հայկական ժամանակ» օրաթերթի Լեւոն Քոչարյանի (Ռոբերտ Քոչարյանի որդու) հայցը եւ թերթին պարտավորեցրեց վճարել 3 միլիոն 620 հազար դրամի փոխհատուցում (հայցվորը պահանջում էր 16 միլիոն 200 հազար դրամ): Հետագայում վերաքննիչ դատարանն այս գումարը պակասեցրեց 620 հազար դրամով: Բայց դրանից էությունը չի փոխվում: Թերթին պարտադրել էին վճարել հայտնի չէ ինչ մեթոդով հաշվարկած, իսկ իրականում` պատահական մի գումարով: Ընդ որում, այդ գումարն ավելի մեծ էր, այն առավելագույնից (2 միլիոն դրամ), որ կարող է սահմանել դատարանը Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո:

Այս մի օրինակը բավական է, ցույց տալու, որ եթե իշխանությունները շատ են ուզում պատժել որեւէ լրատվամիջոցի, ապա կարեւոր չէ, թե որ օրենսգրքով կամ որ օրենքի որ հոդվածով դա կանեն: Նրանց համար կարեւորը լրագրողներին վախեցնելու, զգուշավորության մղելու նպատակին հասնելն է: Իսկ ցանկալի վճիռ ստանալը իշխանությունների եւ օլիգարխների համար որեւէ դժվարություն չի ներկայացնում, քանի որ մեր երկրի դատական համակարգը, ցավոք, դեռեւս անկախ չէ, ավելին` ամբողջությամբ կախված է իշխանության մյուս երկու թեւերից (եւ ոչ միայն նրանցից):

Եվ եթե դատական համակարգը անկախ լիներ ու անպայման լրագրողներին եւ լրատվամիջոցներին որեւէ կերպ պատժելու խնդիր չունենար, ապա պիտի որ հենց օրենքի վրա հիմնվելով` հայցերի մեծ մասը մերժեր: Օրինակ, ընդդեմ նույն «Հայկական ժամանակ» օրաթերթի` երեք հայտին օլիգարխ պատգամավորների հայցը: Ճիշտ է` հայցի համար հիմք հանդիսացած առաջին տեղեկատվության մեջ թերթը հղումներ չէր արել, սակայն հետագայում նշել էր իր տեղեկատվության աղբյուրը` Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյան:  Ընդ որում, վերջինս մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն է պատասխանատու հայտարարությունների համար: Եթե դատարանը կամայականորեն չմեկնաբաներ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթը, հայցը պիտի մերժեր: Բայց քանի որ հարկ էր հերթական անգամ պատժել թերթին, ընդունվեց  հօգուտ յուրաքանչյուր հայցվորի 2 միլիոն դրամից ավելի փոխհատուցում գանձելու վճիռ:

Այս նույն եւ այլ հայցեր էլ կարող էին մերժվել նաեւ` հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի (օրինակ Լինգենսի, Օբերշլիքի, Թոյրգերսոնի գործերի) վրա: Ըստ այդ նախադեպերի` «Թույլատրելի քննադատության սահմանները շատ ավելի լայն են, երբ քննադատության թիրախը քաղաքական գործիչ է եւ ոչ թե մասնավոր անձ: Քաղաքական գործչի յուրաքանչյուր բառ կամ արարք ենթարկվում է լրագրողների եւ առհասարակ հասարակության մանրակրկիտ քննարկմանը եւ, հետեւաբար, նա շատ ավելի հանդուրժող պետք է լինի»:

Այնինչ մեր հանրային դեմքերը (տարբեր տրամաչափի քաղաքական գործիչները եւ հասարակական ուշադրության ձգտող այլ անձինք) ոչ մի քննադատություն, իրենց կյանքի վերաբերյալ որեւէ, թեկուզ եւ աննշան տեղեկատվություն չեն հանդուրժում: Եվ քանի որ վստահ են դատարաններում իրենց հաջողությանը, լրատվամիջոցներին ճնշելու նախկինում ավելի տարածված ապօրինի մեթոդների (ծեծ, մեքենաների հրկիզում, թերթի տպաքանակի բռնազավթում եւ այլն) փոխարեն սկսել են «ապավինել» օրենքին եւ դատարանին: Դե իսկ դատարանն էլ, ինչպես վերը նշեցինք, երբեք «հուսախաբ  չի անում» ԶԼՄ-ների դեմ հայց ներկայացրած  գործիչներին:

Մեսրոպ Հարությունյան

 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *