«Զնդան» անունով ներկայացող ֆեյսբուքյան էջը անցած կեսգիշերին հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած 132 անձանց ցուցակի նկարները։
Ցուցակում նշված են մահացածների անուն-ազգանուն-հայրանունները, ծննդյան և մահվան ամսաթվերը, հասցեն և մահանալու վայրը։
«Զնդան»-ի գրառումն այսօր վերահրապարակել են մի շարք լրատվամիջոցներ: Hraparak.am-ը, times.am-ը, irakanum.am-ը, armday.am-ը հրապարակել են միայն անուն-ազգանուն-հայրանուններն ու ծննդյան տվյալները, իսկ antifake.am-ը, analitik.am-ը, haynews.com-ը՝ ամբողջական տվյալները։
Կայքերից մեկը՝ newsmedia.am-ը հրապարակել էր լուրը, սակայն այս պահին նույն հղմամբ նյութն արդեն չկա կայքում։
Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատել է, որ սոցիալական ցանցում հայտնվածը կորոնավիրուսից մահացած անձանց ցուցակն է, բայց դեռեւս ցանկն ամբողջությամբ չեն ուսումնասիրել, որպեսզի տեսնեն՝ բոլո՞ր տվյալներն են ճիշտ, թե՞ ոչ:
Ալինա Նիկողոսյանն ասել է, որ կդիմեն իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե ինչպես են տվյալները հայտնվել այլ մարդկանց ձեռքում։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը փաստը որակում է որպես անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտում, քանի որ հրապարակվել են մահացածների «ոչ միայն անուն-ազգանուն-հայրանունները, այլ նաև նրանց հասցեները, ծննդյան և մահվան ամսաթվերը»։
«Հիվանդության փաստի զուգակցմամբ էլ սա դառնում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալների հրապարակում, ինչն արգելված է օրենքով։ Մի բան ակնհայտ է սակայն, որ տեղի է ունեցել տեղեկությունների արտահոսք հենց պետական մարմնից։ Իսկ լրագրողները պարզապես արտատպել են արդեն իսկ հրապարակված տվյալները»,-Media.am-ի հետ զրույցում ասել է Շուշան Դոյդոյանը։
Նա միաժամանակ նշել է, որ միայն անուն-ազգանունների հրապարակումը չի կարող խնդրահարույց լինել, քանի որ դրանցով շատ դժվար է մարդուն նույնականացնել, իհարկե եթե դրանք եզակի չեն։
Շուշան Դոյդոյանի կարծիքով լրատվամիջոցներում մարդկանց անձնական տվյալների հրապարակումը «օրենքի տեսանկյունից խախտում չէ, բայց խախտում է էթիկայի տեսանկյունից»։
«Լրատվամիջոցները կարող էին հրապարակել միայն անուն-ազգանունները։ Հատկապես էթիկայի տեսանկյունից պետք է հաշվի առնեն, թե որն է հանրային պահանջը իմանալ այդ մարդկանց հասցեները»,-ավելացրել է նա։
Մահացածների տվյալների հրապարակման վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը փաստը որակել է մտահոգիչ եւ խնդրահարույց՝ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից:
«Գործակալությունը համապատասխան գրություններ է նախապատրաստում իրավասու մարմիններին՝ խնդրո առարկա անձնական տվյալների հրապարակման իրավաչափությունը պարզելու եւ անձնական տվյալների մշակման օրինականությունն ապահովելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: