Նպատակ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը անհատ լրագրողների համար հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ՝ աջակցելու ընթերցողի համար ուշագրավ վերլուծական նյութերի ստեղծմանը։
Մրցույթն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը նպաստում է լրատվամիջոցների հզորացմանը՝ խթանելով նրանց անկախությունն ու կայունությունը, աջակցելով պատասխանատու ու հանրային նշանակություն ունեցող բովանդակության պատրաստմանը և մեդիա միջավայրի բարեփոխումների գործընթացքում լրատվամիջոցների, իշխանությունների ու քաղաքացիական հասարակության մասնակցությանը։
Դիմորդներից ակնկալում ենք հասարակական կարևորության թեմաների ու քիչ լուսաբանված հարցերի անդրադարձ, մարզերում առկա խնդիրների բարձրաձայնում և լսարանին ներգրավելու հստակ ռազմավարություն։
Թեմաներ
Մրցույթը թեմաների լայն ցանկ ունի․ մարդու իրավունքներ, կոռուպցիա և թափանցիկություն, կրթություն, անվտանգություն, քաղաքային զարգացում, տեղական քաղաքականություն, բնապահպանություն, ընտանեկան բռնություն, առողջապահություն, խոցելի խմբեր, տեղահանված մարդիկ, կանայք և երեխաներ, փոքրամասնություններ։ Դիմորդները կարող են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ։
Ժանրեր և ձևաչափեր
Առաջարկվող բովանդակությունը կարող է լինել ցանկացած ձևաչափով և ժանրով․ մուլտիմեդիա պատմություններ, թվային ձևաչափեր սոցիալական հարթակների համար (Digital stories), փոդքասթեր, տեսանյութեր։ Դիմորդները կարող են առաջարկել և հիմնավորել այլ ձևաչափեր և ժանրեր՝ հաշվի առնելով թեմայի յուրահատկությունը և ընտրված լսարանը։
Ովքե՞ր կարող են դիմել
Մրցույթին կարող են դիմել բոլոր տեսակի մեդիա բովանդակություն ստեղծող անհատ լրագրողները, ովքեր կարևորում են որակյալ, պատասխանատու, վստահելի, հանրային նշանակություն ունեցող և էթիկական նորմերին համապատասխան բովանդակությունը։ Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․
- առնվազն 5 տարվա փորձ,
- համագործակցության պատրաստակամություն ընտրված լրատվամիջոցի հետ։
Լրատվամիջոցի՝ համապետական կամ մարզային մակարդակով մեծ լսարանը կդիտվի որպես առավելություն։
Նախապատվությունը կտրվի անհատ ձեռներեցի գրանցում ունեցող բովանդակություն ստեղծողներին: Դիմորդները կարող են աշխատել նաև թիմերով, սակայն ենթադրամաշնորհը տրվելու է մեկ անձի։
Նախագծի տևողությունը և բյուջեն
Ենթադրամաշնորհային նախագծերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը վեց ամիս է։ Ենթադրամաշնորհ ստացած լրագրողները պետք է սերտորեն աշխատեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ, որը պատրաստ կլինի տրամադրել բովանդակային և տեխնիկական խորհրդատվություն։
Յուրաքանչյուր նախագծի բյուջեն պետք է լինի 850,000 – 2,100,000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը։ Ներկայացվող բյուջեն պետք է ներառի բոլոր հնարավոր ծախսերը։ Այս ենթադրամաշնորհի շրջանակում նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցները կազմում են 6,300,000 ՀՀ դրամ։ Այդուհանդերձ, ՄՆԿ-ն իրավունք ունի չտրամադրել ամբողջ բյուջեն, եթե ներկայացված առաջարկները չհամապատասխանեն ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին և չընտրվեն հանձնաժողովի անդամների կողմից։
Դիմելու կարգը
Ամբողջական հայտադիմումի փաթեթը պետք է ներառի՝
- նախագծի առաջարկ (ձևաթուղթը կցված է),
- մանրամասն բյուջե (ձևաթուղթը կցված է),
- ինքնակենսագրական/ներ/ (CV)։
- նյութի հրապարակման մասին համաձայնության նամակ լրատվամիջոցից, որը կհաստատի համագործակցության իր պատրաստակամությունը։
Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Դիմորդը պետք է ապահովի հայտի ամբողջականությունը և համապատասխանությունը մրցույթի պահանջներին։ Ոչ ամբողջական (տես նախորդ պարբերությունը) հայտերը կմերժվեն։
Հայտերն ուղարկել Լուիզա Հարությունյանին [email protected] հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Մեդիա բովանդակության ստեղծում․ մրցույթ»։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025թ-ի հունվարի 12-ն է, 18։00։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները
Ներկայացված հայտերը կանցնեն ընտրության նախնական փուլ՝ մրցույթի պահանջներին չհամապատասխանելը բացառելու համար։ Հայտերը կգնահատի մրցույթի փորձագիտական հանձնաժողովը՝ հետևյալ չափանիշներով և միավորներով՝
№ | Չափանիշ | Միավոր |
1 | Գաղափարի/թեմայի կարևորությունը, արդիականությունը, հստակությունը | 15 |
2 | Պրոֆեսիոնալիզմը (հավասարակշռված, փաստարկված լուսաբանում, էթիկական նորմերի պահպանում և այլն) | 10 |
3 | Յուրահատուկ հեղինակային մոտեցումները, մարդկային պատմությունների առկայությունը, նոր գործիքների, ձևաչափերի, հարթակների օգտագործումը, լսարանին հասնելու և ներգրավելու մեխանիզմները | 10 |
4 | Իրագործելիությունը | 5 |
5 | Բյուջեի հստակությունը, խելամտությունը, փաստարկված լինելը | 10 |
Ընտրող հանձնաժողովը հնարավոր է հայտերի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնի և դիմորդներին խնդրի վերանայել առաջարկները։ Հայտերը վերջնականացնելուց հետո, ընտրված թեկնածուների հետ կկնքվեն պայմանագրեր։
Պարզաբանումներ դիմորդներին
Մրցույթի հրավերի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կկազմակերպի առցանց տեղեկատվական հանդիպում բոլոր հետաքրքրված դիմորդների համար։ Կենտրոնի թիմը կներկայացնի մրցույթի պահանջներն ու գործընթացը և կպատասխանի դիմորդների հարցերին։ Հանդիպման հղումը դիմորդներին կուղարկվի առանձին։
Մինչև մրցույթին դիմելու վերջնաժամկետը դիմորդները կարող են գրավոր հարցեր ուղղել Արշալույս Մուրադյանին՝ [email protected] էլ․ փոստի հասցեով:
«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: