Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024թ. նոյեմբերի 4-10-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում են ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։
Մեդիագրագիտության շաբաթը ամենամյա նախաձեռնություն է, այն հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար՝ օգտվելով առկա կրթական ռեսուրսներից միջոցառումներ ու դասեր անցկացնել, մասնակցել առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակել և իրականացնել կրթական նախագծեր՝ նոր չափորոշչին համապատասխան ինտեգրելով մեդիագրագիտությունը կրթության մեջ։
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։
Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն յոթերորդ տարին, այս տարի՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո։
Պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ուսուցչական մեծ ֆորում, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, մարզային հանդիպումներ, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ․ միջոցառումները շատ են և բազմազան՝ նախատեսված բոլորի համար։
Արհեստական բանականությունը օրեցօր ավելի շատ է ձևավորում այսօրվա աշխարհը՝ ստեղծելով նոր հնարավորություններ, բայցև մարտահրավերներ, որոնք հասկանալու, դրանց հետ աշխատելու և նորահայտ խայծերից խուսափելու միջոցներից մեկն էլ մեդիագրագիտությունն է։
Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ ինֆորմացիոն հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը, հետևել մեր թվային վարքին ու մեդիա հիգիենային՝ օգնելով ինքներս մեզ ու ուրիշներին փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները և տեղ հասցնել մեր ասելիքը՝ առանց վիրավորանքի ու ատելության, խուսափել ծուղակներից, վտանգներից, չտրվել քարոզչությանն ու կեղծիքին։
Ինչպես միանալ մեդիագրագիտության շաբաթվան
- Հետևել ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին,
- Սովորել՝ անցնելով «Մեդիա iգիտություն» առցանց դասընթացը և նոր «5 մատի պես ճանաչել մեդիան» դասընթացը,
- Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի ձեռնարկը, դրա հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր,
- Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը, իրականացնել դասընթացներ՝ առաջարկված թեմաներով՝ օգտագործեով ընդգրկված գործիքակազմը,
- Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ,
- Սովորողների հետ հանդիպման հրավիրել վստահելի լրագրողի կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց,
- Լսել Էնցիկլոմեդիա փոդքասթների շարքը՝ մեդիագրագիտության մասին,
- Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր,
- Ուսուցիչների համար․ մասնակցել առցանց կամ անցանց հանդիպումներին, հանդես գալ հոդվածներով մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով, կիսվել փորձով և իրականացրած նախագծերով,
- Ստեղծել և սոցիալական մեդիայում տարածել կրթական ու տեղեկատվական նյութեր, մեդիագրագիտության ուղերձներ ու կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2024 հեշթեգերով։
Մեդիագրագիտության շաբաթվա հետ կապված հարցերի դեպքում գրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանին՝ [email protected] էլ փոստի հասցեով կամ զանգահարել 095583616 հեռախոսահամարով։
Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։
Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
Մեդիագրագիտության շաբաթը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: