«Թվապատում 2023» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2023» լրագրողական մրցույթը: Նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումը, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։ «Թվապատումը» նպաստում է հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը՝ երկրում ընթացող իրադարձությունների և զարգացումների մասին, մարդու իրավունքների, ճգնաժամերի, մարդասիրական խնդիրների, տնտեսության տարբեր ճյուղերի, կայունացման ճանապարհների և հնարավոր լուծումների վերաբերյալ՝ խրախուսելով հավաստի լրատվությունը ու լրագրության բազմաշերտ, վերլուծական ժանրերը, ինչպիսիք են հետաքննական, բացատրական և տվյալների լրագրությունը։

«Թվապատում 2023» մրցույթի անվանակարգերն են`

Homo Agendi (Գործող անձ)

Անվանակարգի առանցքում հերոսն է՝ իր նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը փոխելու և բարելավելու, մարդկանց օգնելու փորձով և օրինակներով։ Թեմատիկ սահմանափակում չկա։ Homo Agendi անվանակարգում պարգևատրվում է թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը, յուրաքանչյուրը՝ 300,000-ական դրամով:

Դիտակ

Այս անվանակարգում ընդունվում են հետաքննական, բացատրական լրագրության, փաստերի ստուգման օրինակներ, որոնք ճշգրտում, վերլուծում, բացատրում և բացահայտում են քողարկված, անորոշ, մոլորեցնող տեղեկատվություն, այդ թվում ապատեղեկատվություն և մանիպուլյացիա։ Աշխատանքները գնահատելիս` հաշվի կառնվեն տվյալների լրագրության հմտությունները, փաստերի ստուգման մասնագիտական վարպետությունը և արդի մեդիա գործիքների կիրառումը:

Մրցանակը՝ 250,000 դրամ:

Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում

Անվանակարգը խրախուսում է լրագրության ասելիքի և արդի տեխնոլոգիաների համադրությունը՝ առանց թեմատիկ սահմանափակումների։ Նյութերում պետք է օգտագործված լինեն նորարարական մոտեցումներ, պատմությունները ներկայացվեն արդի հարթակների և գործիքների միջոցով, ինտերակտիվ լուծումներով։ Այս անվանակարգը կգնահատի ստեղծագործական աշխատանքն ու մեդիայի թվային հնարավորությունների լավագույն կիրառումը։

Մրցանակը՝ 250,000 դրամ:

ԱզդեցIQ

Այս անվանակարգում գնահատվում և կարևորվում է սոցիալական հարթակներում թվային բովանդակություն ստեղծելու հեղինակային մոտեցումը։ Կդիտարկվեն լսարանին տեղեկացնելու, կրթելու, ոգեշնչելու և պատմելու օրինակներ, որոնք սոցիալական հարթակների հնարավորություններն օգտագործում են հանրային կարևորություն ունեցող թեմաները վերհանելու, դրանց մասին պատմելու համար։ Անվանակարգը խրախուսում է ոչ միայն սոցիալական հարթակներում հեղինակի (digital creator) ուրույն տեղն ու դերը, այլև նրա ստեղծած ազդեցիկ ու ինքնատիպ բովանդակությունը, ասելիքի արդիականությունն ու արժանահավատությունը։

Մրցանակը՝ 250,000 դրամ:

Արտակարգ գրություն

Հիմնական անվանակարգերից բացի հատուկ մրցանակի կարժանանան Հայաստանում և Հայաստանին առնչվող ճգնաժամերի, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մարդասիրական խնդիրների մասին պատմող լրագրողական աշխատանքներ։ Նյութերը կարող են առնչվել սահմանամերձ բնակչության, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրներին, անվտանգության և կենսական այլ հարցերի, հակամարտության հետևանքով փոխված մարդկային ճակատագրերին և այլն։

Մրցանակը՝ 250,000 դրամ:

Լուսաբանելով գիտությունը 

Հատուկ մրցանակի կարժանանա նաև գիտության թեմայով լավագույն լրագրողական աշխատանքը։ Նյութերը կարող են ներկայացված լինել ցանկացած ժանրով և ձևաչափով։

Մրցանակը՝ 200,000 դրամ։

Ընտրող հանձնաժողովի  հայեցողությամբ կարող են շնորհվել նաև այլ հատուկ և/կամ խրախուսական մրցանակներ։

Ժամկետներ և պայմաններ

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2022 թ-ի օգոստոսի 31-ից մինչև 2023 թ-ի սեպտեմբերի 10-ը ժամանակահատվածում հայաստանյան (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, օնլայն, սոցիալական մեդիա) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, մուլտիմեդիա, փոդքասթ և այլն):

Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ (լրացնելով 3 տարբեր հայտ)՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև 2023 թ. սեպտեմբերի 10-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ-ի հոկտեմբերին:

Ընտրող հանձնաժողովը կազմվում է մեդիա և հաղորդակցության մասնագետներից, լրագրողներից, այդ թվում նախորդ տարվա հաղթողներից։ Հանձնաժողովում չեն ընդգրկվում մրցույթում մասնակցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ուշադրություն. «Թվապատում» մրցույթին չեն կարող ներկայացվել այն լրագրողական աշխատանքները, որոնք ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կամ ՄՆԿ-ի մասնակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակում տրամադրված դրամաշնորհների միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Արշալույս Մուրադյանին` [email protected] էլ. հասցեով, 010 58 36 20, 055 56 32 36 հեռախոսահամարով:

Անի Դարբինյանին՝ [email protected] էլ. հասցեով, 010 583620, 093 26 04 77 հեռախոսահամարով։

«Թվապատում 2023» լրագրողական մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։ Միջոցառմանն աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Թվապատում 2023» լրագրողական մրցույթ”
  1. Հուսով եմ ես կհաղթեմ շնորհակալություն նման մրցույթ կազմակերպելու համար քանի որ ունեմ հնարավորություն ուժերս փորձելու

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *