Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների բաց մրցույթ լրատվամիջոցների համար հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։
Մրցույթն իրականացվում է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագրի շրջանակում, որը միտված է լրացնել տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված, ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։
Ծրագիրը շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին ՝ առաջարկելով հետևյալ թեմատիկ շրջանակը․
- Խոցելի խմբերի խնդիրների լուսաբանումը, օրինակ՝ խտրականություն, կրթություն, զբաղվածություն, սոցիալական ապահովում և այլն;
- Արցախից և հարակից տարածքներից տեղահանված բնակչության խնդիրներն ու դժվարությունները;
- Անվտանգային, սոցիալական, տնտեսական մարտահրավերներին առնչվող սահմանային համայնքների խնդիրները;
- Բնակավայրերի անհամաչափ զարգացումն ու դրանից բխող ժողովրդագրական հետևանքները; քաղաքային և գյուղական համայնքների խնդիրները;
- Սոցիալական պաշտպանության համակարգերն ու զարգացման ծրագրերը, դրանց խնդիրներն ու մարտահրավերները;
- Կրթություն և կրթական բարեփոխումները, կրթական անհավասարության պատճառներն ու հետևանքները, կրթական հաստատություններում կառավարման խնդիրները;
- Հանրային առողջությունն ու պարենային անվտանգությունը;
- Շրջակա միջավայրի, այդ թվում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող խնդիրները, դրանց ազդեցությունը հանրության և համայնքների զարգացման վրա։
Ուշադրություն․ Դիմորդները կարող են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ մրցույթի համատեքստում։
Ծրագրային առաջարկները պետք է ներկայացնեն այնպիսի բովանդակություն, որը կապահովի թեմատիկ բազմազանություն և լուսաբանման բազմակողմանիություն։ Առաջարկները պետք է համապատասխանեն այն ուղղություններին ու ժանրերին, որոնք, ըստ ՄՆԿ-ի հետազոտությունների, բավարար չեն կիրառվում լրատվական դաշտում․ վերլուծություն, հետաքննություն, հատուկ ռեպորտաժ, ակնարկ; բացատրական լրագրություն, կառուցողական, լուծումների լրագրություն, տվյալների լրագրություն և այլն։
Յուրաքանչյուր նախագիծ պետք է ներառի առնվազն երեք (3) բաղադրիչ, որոնք կարող են լինել առանձին նյութեր կամ շարքի մասեր։ Բաղադրիչների քանակը պետք է համապատասխանի առաջարկվող ծրագրի առանձնահատկությանը, օգտագործվող մեթոդներին և գործիքներին, բյուջեին։
Առաջարկվող նախագծերը կարող են իրականացվել ցանկացած ձևաչափով, մասնավորապես՝
- մուլտիմեդիա պատմություն, լոնգրիդ, ներառյալ տեսալսողական նյութեր, ինֆոգրաֆիկներ, հարցախաղեր, ինտերակտիվ, այլ մուլտիմեդիա տարրեր։
- թվային պատմություններ սոցիալական հարթակների համար (Digital stories),
- փոդքասթեր,
- ֆիլմեր, տեսանյութեր․
Ուշադրություն․Դիմորդները կարող են առաջարկել այլ ձևաչափեր և ժանրեր, որոնք բավականաչափ հիմնավորված են ներկայացվող նախագծերի համար՝ հաշվի առնելով թեմաներն ու լսարանը։
Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները, որոնք գործում են մայրաքաղաքում և մարզերում; մարզային հեռարձակողները, եթե նախագիծն իրականացվելու/տարածվելու է նաև առցանց հարթակներում․
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․
- առնվազն 3 տարվա գործունեություն,
- առցանց ներկայություն՝ գործող կայք, ներգրավվածություն սոցցանցերում;
- մասնագիտական թիմի պատրաստվածություն, էթիկական սկզբունքների/ներքին խմբագրական կանոնակարգերի/ մեխանիզմների առկայություն, և/կամ մասնակցություն ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնություններին։
Ծրագրի առաջին փուլում ընտրվելու է 6 գործընկեր, որից առնվազն 2`մարզային։
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս է։ Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2,450,000 ՀՀ դրամը։
Մրցույթին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- լրացված հայտադիմում,
- լրացված հարցաթերթիկ,
- ծրագրի մանրամասն բյուջե,
- լրատվամիջոցի/կազմակերպության գրանցման վկայականի պատճեն։
Ուշադրություն։ Պահանջվող փաստաթղթերը կարող եք ներբեռնել հղմամբ։
Վերջնաժամկետ
Հայտի ամբողջական լրացված փաթեթը խնդրում ենք ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին նամակ գրելով [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով 094 74 22 63 հեռախոսահամարով։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի հուլիսի 3-ը, ժամը՝ 23:00:
Ուշադրություն․ Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ (1) հայտ:
Ընտրության չափանիշներ և արդյունքներ
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատելու և ընտրելու նպատակով ՄՆԿ-ն ձևավորելու է անկախ ընտրական հանձնաժողով։ Մասնակցության հայտերը կգնահատվեն ըստ ծրագրի նկարագրության, տեխնիկական, ստեղծագործական չափանիշների և առաջարկվող բյուջեի։
Հաշվի կառնվեն՝
- հայտի համապատասխանությունը, ներկայացված տեղեկությունների ամբողջականությունը, գործողությունների տրամաբանությունը, իրագործելիությունն ու ռիսկերի գնահատումը;
- ծրագրի բովանդակությունը, թեմաների արդիականությունը, պատմությունների գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումը, կառուցվածքը, ժանրը, ձևաչափը, հերոսների/փորձագետների ընտրությունը, օգտագործվող բաղադրիչները, նյութերի քանակը;
- համապատասխան մասնագետների ներգրավվածությունը նախագծի իրականացման համար, այլ բաղադրիչների/ռեսուրսների առկայություն;
- առաջարկվող ֆինանսական միջոցների և ժամկետների համապատասխանությունը ծրագրի բյուջեին և գործողություններին:
Մրցույթի չափանիշներին համապատասխանելուց բացի՝ գնահատող հանձնաժողովը դիտարկելու է նաև լրատվամիջոցի խմբագրական անկախությունը, լրագրողական էթիկական չափանիշներին հետամուտ լինելը, ինչպես նաև ծրագրի թիմի հետ համագործակցության, փորձագետների հետ աշխատելու պատրաստակամությունը։
ՄՆԿ-ն ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ կարող է առաջարկել դիմորդներին փոփոխություններ կատարել հայտերում, բյուջեում․ լրատվամիջոցի ներկայացուցիչը կարող է հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի։
Ծրագրի իրականացման ընթացքում ընտրված լրատվամիջոցներին կաջակցեն խորհրդատուներ և մենթորներ, որոնք կընտրվեն ՄՆԿ-ի և դրամաշնորհառուի հետ համատեղ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի թեման, ձևաչափը և այլ յուրահատկություները։
Բովանդակության փոխանակման բաղադրիչի շրջանակում ծրագրի մասնակից բոլոր երկրների (Լեհաստան, Հայաստան, Հունգարիա, Ռումինիա, Վրաստան և Ուկրաինա) մրցույթն անցած լրատվամիջոցներին կարող է առաջարկվել տեղայնացնել և հրապարակել միմյանց պատրաստած որոշ նյութեր։
Տեղեկատվական հանդիպում
«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում հունիսի 12-ին ժամը 16:00-ին։ Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախապես գրանցվել։ Մասնակիցներին կուղարկվի հղումը։
«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուս ամերիկյան կազմակերպության հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Լեհաստանում, Հայաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Վրաստանում և Ուկրաինայում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: