Եռամսյա ուսումնական ծրագիր՝ մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետների համար
Մեդիա կառավարման դպրոցում կհմտանաք բիզնեսի պլանավորման, ռեսուրսների եւ ֆինանսների կառավարման, մարքետինգի եւ մեդիաարտադրանքի առաջխաղացման գործում, կուսումնասիրեք, թե ինչպես է թվային միջավայրն ազդում մեդիայի զարգացման վրա եւ կմշակեք մրցունակ բիզնես առաջարկներ։
Դպրոցը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ՝ Դոյչե Վելլե Ակադեմիայի աջակցությամբ։ Ուսուցումն անվճար է։ Մասնակիցների խմբում ընդգրկվելու համար պետք է ներկայացնել բիզնես նախագծի գաղափար։ Ընտրությունը կատավելու է մրցութային կարգով։
Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան նաեւ մասնակցելու հունիսին նախատեսված՝ Գերմանիա փորձի փոխանակման այցին։
Դպրոցը հաջողությամբ ավարտողները՝
- Կկարողանան իրականացնել ռազմավարական պլանավորում,
- Ձեռք կբերեն ծրագրերի, ռեսուրսների և ֆինանսների կառավարման հմտություններ,
- Կկարողանան մշակել լրատվամիջոցի և մեդիա բովանդակության առաջխաղացման մարքեթինգային ռազմավարություն,
- Կտիրապետեն թվային միջավայրում մեդիա բիզնես կազմակերպելու եւ մեդիաարտադրանքն ավելի մրցունակ դարձնելու հմտություններին,
- Կկիրառեն տվյալների վերլուծության տարբեր մեթոդներ՝ թվային հարթակներում լսարանի հետ ավելի արդյունավետ աշխատելու համար։
Ուսուցումը հիմնականում առցանց է եւ անցկացվում է թեմատիկ 4 մոդուլով։ Դրանք ներառում են տեսական դասեր, իրավիճակների վերլուծություն, անհատական նախագծերի մշակում՝ մենթորների օգնությամբ։
Դասերը շաբաթական 2 օր են, յուրաքանչյուրը՝ մինչև 2 ժամ տևողությամբ:
Դպրոցն ունի տեղացի դասավանդողների ձեւավորված խումբ, որոնք իրենց դասերի բովանդակությունն ու օրինակները հարմարեցրել են մեդիայի աշխատանքի առանձնահատկություններին։
Ամենշաբաթյա դասերից բացի՝ կազմակերպվում են նաև հանդիպումներ Հայաստանից եւ արտերկրից բանախոսների և հյուրերի հետ։
Դասերին մասնակցելը պարտադիր պայման է, քանի որ սովորողի ներկայությունն է նաև ձեւավորելու մոդուլային գնահատականը։
Ինչպես դիմել
Դպրոցում սովորելու համար պետք է լրացնել առցանց հայտը։ Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Առաջնահերթությունը տրվելու է մրցունակ գաղափարներին և դիմողի աշխատանքային փորձին։
Երրորդ դպրոցի մասնակիցների համար դասերը կսկսվեն ապրիլի 20-ից եւ կտևեն երեք ամիս։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected]; 055 89 57 00։
Ուսումնական ծրագիրը՝ համառոտ
Մոդուլ 1։ Ռազմավարական կառավարում
Մասնակիցները սովորելու են սահմանել հստակ և իրագործելի բիզնես նպատակներ, գտնել եկամտի նոր աղբյուրներ, փնտրել զարգացման հնարավորություններ՝ անգամ ճգնաժամերի փուլում։ Ձեռք են բերելու անձնակազմի և ռեսուրսների արդյունավետ կառավարման հմտություններ։
Մոդուլ 2 Թվային զարգացման ռազմավարություն
Ուսումնասիրելու են թվային միջավայրում մեդիայի առջև ծառացած մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Տիրապետելու են լսարանի չափման և ուսումնասիրության, տեղեկատվության ուղիների ընտրության, առցանց հարթակներում նախագծերի մոնետիզացման ծրագրերին եւ գործիքներին։
Մոդուլ 3։ Մարքեթինգ
Մոդուլը վերաբերում է մեդիա կազմակերպությունների մարքեթինգային հաղորդակցության առանձնահատկություններին՝ դիտարկելով խնդիրը մի դեպքում ՝ լսարանի և սպառման, մյուս դեպքում՝ գործընկեր կազմակերպությունների և բիզնես կապերի տեսանկյունից:
Մասնակիցները սովորելու են սահմանել մարքեթինգային նպատակներ և չափել արդյունքները, կառավարել գովազդն ու ֆինանսական հոսքերը։
Մոդուլ 4։ Ֆինանսների կառավարում
Ներկայացվելու են ֆինանսների կառավարման և վերլուծության հիմնական սկզբունքները, որոնք կարեւոր են բիզնես որոշումների կայացման համար՝ ռեսուրսների պլանավորում, բյուջեի կազմում, դրամական միջոցների հոսքերի կանխատեսում, ֆինանսական հաշվետվությունների ընթերցում, հարկային խնդիրների կարգավորում և այլն:
Անհատական աշխատանք (նախագծի մշակում)
Ուսումնական ծրագրի ավարտին սովորողները՝ մենթորների աջակցությամբ, մշակելու են բիզնես նախագծեր։ Դրանք կարող են վերաբերել նոր մեդիա արտադրանք, ծառայություն գործարկելուն, մարքեթինգի և սոցիալական մեդիայի ռազմավարություն մշակելուն եւ այլն:
Շնորհակալություն սիրով կմասնակցենք
Ուրախ կլինեմ այս թիմի մաս կազմել