Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը նոյեմբերի 1-ին կազմակերպում են փոդքասթի արտադրության մեկօրյա վարպետանոց։ Տևողությունը՝ 10:00-ից 16:00։
Կփորձենք ստեղծել փոդքասթ նվազագույն տեխնիկական հնարավորությունների պայմաններում։
Կսովորենք ձայնագրել, ստեղծել հետաքրքիր լոգո, օգտագործել երաժշտություն կամ նույնիսկ գրել երաժշտություն՝ նյութի ձևավորման համար, և վերջապես, ընտրել, թե որ հարթակներում արժե տեղադրել փոդքասթները՝ մեծ լսարան ունենալու համար։
Հույս ունենք, որ օրվա վերջում վարպետանոցի յուրաքանչյուր մասնակից կկարողանա պատրաստել իր փոդքասթը, և ամենակարևորը, կսիրի փոդքասթինգն ու կցանակա դրանով զբաղվել։
Վերջին տարիների ընթացքում փոդքասթների լսարանը կտրուկ մեծացել է։
IAB և PwC ընկերությունների անցկացրած «2019 Podcast Ad Revenue Study» հետազոտության համաձայն՝ մինչև 2021 թվականը փոդքասթներում գովազդի շուկայի շրջանառությունը կգերազանցի մեկ միլիարդ դոլարը, արդեն իսկ այն կազմում է տարեկան մոտ 911 մլն դոլար։
Փոդքասթներից ամենահայտնին՝ «Սերիալը», ներբեռնել է ավելի քան 350 մլն մարդ։
AIB Russia-ի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում աուդիո բովանդակություն սպառողների ավելի քան 51%-ը փոդքասթ է լսում։ Արևելյան Գործընկերության երկրներում, և մասնավորապես Հայաստանում, փոդքասթներն անում են դեռ առաջին քայլերը, ինչը վարպետանոցի մասնակիցներին Հայաստանում առաջին փոդքասթերներից մեկը լինելու հնարավորություն է տալիս։
Վարպետանոցը վարելու են փոդքասթեր և վավերագրող, Jingle&Bells փոդքասթ-ստուդիայի համահիմնադիր Քրիստինա Վազովսկին և Ուկրաինայում առաջին գիտահանրամատչելի նախագծի՝ Куншт-ի, համահիմնադիրն Կիրիլ Բեսկորովայնին:
Քրիստինան ապրում է Լոնդոնում և պատրաստում է ռուսերենով երեք փոդքասթ՝ «Это Провал», «Кристина, добрый день!» և «Am I Ghana Die?»։ Բոլոր երեքը հայտնվել են iTunes-ի՝ ամենաշատ լսվող փոդքասթների շարքում։
Կիրիլը զբաղվում է գիտության հանրայնացմամբ, նաև մասնակցում է «Aristocrats FM»-ով հեռարձակվող գիտահանրամատչելի հաղորդման ստեղծմանը, դասընթացներ է անցկացնում լրագրողների համար և կազմակերպում է կամավորական նախաձեռնություններ։
Փոդքասթների թեմաները անսահմանափակ են և ճկուն, կամ ավելի ճիշտ՝ սահմանափակվում են միայն հեղինակի երևակայության սահմաններով։
Միջազգային շուկայում այժմ մեծ լսարան ունեն լրատվական, քաղաքական և հումորային փոդքասթները։ Թեև շատ արագ զարգանում են նաև գիտահանրամատչելի և տարբեր գործնական թեմաներով փոդքասթները։
Վարպետանոցին մասնակցել ցանկացողները պետք է դիմումի հայտում գրեն իրենց գաղափարի մասին, որն էլ կզարգացնենք վարպետանոցի ընթացքում։
Մասնակցությունն անվճար է, աշխատանքային լեզուն ռուսերենը, անցկացման վայրը Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Արշակունյաց 3:
Հարցերի դեպքում գրեք Քնար Խուդոյանին՝ [email protected] էլ. հասցեով կամ զանգեք 010 583620 (ներքին` 122) համարով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: