«Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցը շարունակվում է․16 պատանի վլոգերների հետ մի քանի ամիս շարունակ աշխատելուց հետո պատրաստ ենք ընդունել 10 նոր մասնակիցների։
Եթե 16-25 տարեկան եք և գիտեք, թե ինչ է պակասում օնլայն վիդեոյի դաշտում և ինչ կարող եք առաջարկել հենց դուք, եթե երազում եք ունենալ յութուբյան ձեր ալիքը, պատմություններ նկարահանել ու պատմել, կարևոր թեմաներ բարձրաձայնել ու քննարկել օնլայն հարթակներում, ապա միացեք մեր դպրոցին ու թիմին։ Մենք հավատում ենք, որ օնլայն վիդեոն ազդեցիկ գործիք է, որ կարող է ինչպես զվարճացնել, այնպես էլ կրթել, խնդիրներ բարձրացնել, լուծումներ առաջարկել և սպասում ենք նորարարական գաղափարների։
Ընտրվելու դեպքում դուք կկարողանաք մասնակցել վիդեո բլոգինգի դասընթացների և սովորել գրավիչ ու ազդեցիկ օնլայն տեսաալիք ունենալու գաղտնիքները տեղացի ու հրավիրված մասնագետներից, կստանաք տեխնիկական սարքավորումների մի ամբողջ փաթեթ՝ սովորածը կիրառելու համար։ Իսկ լավագույնները հնարավորություն կստանան մեկնելու ԱՄՆ՝ մասնակցելու վիդեո բլոգինգի տարվա իրադարձությանը՝ VidCon կոնֆերանսին, հանդիպելու YouTube-ի աստղերին, մասնակցելու վարպետության դասերի ու քննարկումների:
Եթե կարծում եք, որ սա հենց ձեր մասին է, լրացրե՛ք հայտադիմումը մինչև դեկտեմբերի 15-ը: Հարցերի դեպքում կարող եք գրել Լուսինե Գրիգորյանին՝ [email protected] էլ փոստի հասցեով:
Հաճախ տրվող հարցեր
- Ես ուզում եմ զբաղվել վիդեո բլոգինգով, բայց դեռ չունեմ ալիք, կարո՞ղ եմ դիմել։
Ցանկալի է, որ արդեն քայլեր արած լինեք, բայց պարտադիր չէ, ծրագրի նպատակն է օգնել ձեզ այդ հարցում։ Կարևոր է, որ դուք ունենաք գաղափար և ցանկություն՝ այն իրականացնելու։
- Ի՞նչ թեմաներ կարող ենք առաջարկել։
Թեմայի սահմանափակում չկա, կարող եք առաջարկել այն, ինչը իսկապես ձեզ հետաքրքրում է, հուզում է, ինչի մասին կարող եք և կուզեք խոսել։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Յութուբի հայկական տիրույթում այսօր գերակշռում է ժամանցային բովանդակությունը, խրախուսում ենք սոցիալական նշանակության, կրթական արժեք ունեցող, ճանաչողական գաղափարները։
- Իմ տարիքը չի համապատասխանում հայտարարության մեջ նշված տարիքային խմբին։ Կարո՞ղ եմ մասնակցել։
Ծրագրին մասնակցելու համար պետք է լինեք 16-25 տարեկան հայտերի ընդունման վերջնաժամկետի՝ դեկտեմբերի 15-ի դրությամբ։
- Կարո՞ղ եմ մասնակցել ծրագրին, եթե չեմ բնակվում Հայաստանում։
Մասնակցության պարտադիր պայման է ՀՀ տարածքում մշտական բնակությունը։ Մասնակիցները կարող են լինել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բնակիչներ։
- Պարտադի՞ր է հարցադիմումի վիդեո հարցին պատասխանելը։
Այո, դա մեզ համար հնարավորություն է ձեզ տեսնելու և ճանաչելու, իսկ ձեզ համար՝ ապացուցելու, որ դուք կարող եք հետաքրքիր տեսապատմություն պատմել։
- Ե՞րբ հայտնի կլինեն հաղթողները։
Հաղթողները կընտրվեն հունվարին։
Այլ հարցերի դեպքում կարող եք գրել Լուսինե Գրիգորյանին՝ [email protected] էլ. փոստի հասցեով:
Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: