Մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման դասընթաց GIPA-ում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոցը կատարում է ՀՀ քաղաքացիների ընդունելություն մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով:  

Մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագիրը լավ հիմքերի վրա է դնում ուսանողների քննադատական և նորարար մտածողությունը, ապահովում է լրագրողական և ղեկավարման գիտելիքներ ու հմտություններ մերօրյա մուլտիմեդիա միջավայրում հաջող գործելու համար: Այն նաև հիմնարար գիտելիքներ է տալիս նոր կոնցեպտների ու մեդիա տեսությունների մասին, որոնք ապագա լրագրողների և մեդիա դաշտի կառավարողների համար հույժ կարևոր են: Ուսումնական ծրագրի գերակշիռ մասն անցկացվելու է Մուլտիմեդիա կրթության նորաբաց կենտրոնում:

Այս ծրագիրն առանձնանում է գործնական ուսուցման շեշտադրմամբ: Ուսանողների տրամադրության տակ է գտնվում ժամանակակից մուլտիմեդիա լաբորատորիա, ուր նրանք կարող են գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պատրաստելով տպագիր և  հեռարձակման  նյութեր, այդ թվում՝ կարճ վավերագրական ֆիլմեր: Բացի այդ, ուսանողները կզարգացնեն իրենց լրագրողական և ղեկավարման հմտությունները՝ աշխատելով Ռադիո GIPA-ում, որը Վրաստանում բուհին կից գործող միակ ռադիոկայանն է: Դա ուսանողներին թույլ կտա ոչ միայն մասնագիտական փորձ կուտակել հետագա կարիերայի համար, այլ նաև հարթակ կհանդիսանա անկախ ու փորձարարական մեդիա բովանդակության մշակման համար:

Ծրագրի տևողությունը 4 կիսամյակ է՝ 2018թ. սեպտեմբերից մինչև 2020թ. մայիս և Հայաստանից կընտրվի առավելագույնը 6 մասնակից: 2018թ. սեպտեմբերից 2019թ. դեկտեմբեր ուսուցումը կլինի Վրաստանում, իսկ 4-րդ կիսամյակը որպես ինքնուրույն ծրագիր ուսանողները կանցկացնեն Հայաստանում, ապա 2020թ. մայիսին կվերադառնան Վրաստան իրենց թեզի պաշտպանության  կամ ավարտական աշխատանքի հանձնման համար: Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում ուսանողները կկարողանան օգտվել համակարգիչներից, աուդիո և վիդեո սարքավորումներից, ինտերնետից և ժուռնալիստիկայի գրադարանից:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ընտրված մասնակիցներին կապահովի ֆինանսական օժանդակություն՝ ուսման վարձի հարցում և թոշակ՝ Վրաստանում ուսանելու ժամանակահատվածի համար:

Ովքեր կարող են դիմել

  • Մինչ դրամաշնորհի տրամադրման պահը բակալավրի կոչում ստացած
  • ՀՀ քաղաքացի և ՀՀ-ում մշտապես բնակվող անձինք, ովքեր
  • լավ տիրապետում են անգլերենին, ինչը կստուգվի բանավոր հարցազրույցի և/կամ գրավոր քննության միջոցով.
  • արական սեռի դիմողների դեպքում անհրաժեշտ է, որ անցած լինեն զինվորական ծառայություն կամ ունենան տարկետման իրավունք:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը, ինչպես նաև նշել, թե ինչ հետազոտական ծրագիր եք պատրաստվում իրականացնել վերջին կիսամյակում: Անհրաժեշտ է նաև երեք երաշխավորագիր:

Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղմամբ:

Անհրաժեշտ փաստաթղթերը

  • հիմնավորում, թե ինչու եք ցանկանում սովորել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում.
  • երեք անձի տվյալներ, ովքեր պատրաստ են երաշխավորել ձեզ՝  ըստ ձեր ակադեմիական կարողությունների ու մասնագիտական նպատակների.
  • անգլերենի քննության գնահատական, եթե ունեք, որը փաստում է, որ գրելու, լսելու ու քերականության մասով ունեք իմացության B2 մակարդակ:

Բոլոր հայտերը, այդ թվում երաշխավորագրերը կդիտարկվեն տեխնիկական ու ակադեմիական համապատասխանության տեսանկյունից և բոլոր չափանիշներին համապատասխանող թեկնածուները հարցազրույց կանցնեն այս ծրագրի նպատակով դեսպանատանը ձևավորված հանձնաժողովում: Հանձնաժողովի ընտրած թեկնածուների մասնակցությունը վերջնականապես կհաստատվի ԱՄՆ-ում Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի կողմից: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն այդ մասին և նրանց հետ կստորագրվեն առանձին դրամաշնորհային պայմանագրեր:

Ընտրության չափանիշները

Հաշվի են առնվում հետևյալ գործոնները. մասնագիտական որակավորումներ, առաջարկվող հետազոտության թեմա (որակ, նպատակահարմարություն), ինչպես են օգտագործվելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում և անգլերենի իմացություն: Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր արդեն աշխատում են կամ ուզում են աշխատել որպես լրագրող և մեդիա կառավարման ոլորտում չեն: Նախապատվություն կտրվի նաև մարզերից դիմած անձանց և լրագրողական աշխատանքի քիչ փորձ ունեցող անձանց: Խրախուսելի են հայտերը բիզնեսի և տնտեսագիտության ոլորտում ուսանած կամ մասնագիտական փորձ ունեցող անձանցից: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի հուլիսի 8-ն է:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *