«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» ԶԼՄ ներկայացուցիչներին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ և սոցիալական ներառմամբ հետաքրքրված լրագրողներին, հրավիրում են մասնակցելու երկօրյա դասընթացի, որի թեման հաշմանդամություն ունեցող երեխաներին և մեծահասակներին առնչվող խնդիրների պատշաճ լուսաբանումն է։

Դասընթացը կազմված է լինելու 2 մասից՝ մասնագիտական (լրագրողական) և փորձագիտական:

Լրագրողական քննարկումները ներառելու են օրինակների վերլուծություններ, թեմայի լուսաբանմանը վերաբերող դիտարկումներ և առաջարկներ: Փորձագիտական մասում կազմակերպվելու են քննարկումներ փորձագետների/մասնագետների, քաղաքականություն մշակողների/պետական պաշտոնատար անձանց հետ, ոլորտի իրավակարգավորման, ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության, ընդունած հայեցակարգային և սկզբունքային մոտեցումների, ընդունած որոշումների և իրականացման մեխանիզմների շուրջ:

Դասընթացի օրերին կկազմակերպվեն նաև այցելություններ կենտրոններ, որոնք սոցիալական ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին և/կամ զբաղվում են նրանց ցերեկային խնամքի հարցերով:

Դասընթացն անցկացվելու է Մեդիա նախաձեռնություննների կենտրոնում ս/թ փետրվարի 9-10-ը, (հասցեն՝ Արշակունյաց 3, երրորդ հարկ):

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 1-ը nsafaryan@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեին ուղարկել համառոտ ինքնակենսագրական (CV) և դասընթացին մասնակցելու նամակ-հիմնավորում: Եթե ունեք թեմային առնչվող նյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց հղումները:

Դասընթացն անցկացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Համայնքային ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրերի շրջանակներում:

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

«Համայնքային ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» եռամյա տարածաշրջանային ծրագիրն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը 2016-ից՝ «Լիարժեք կյանք» և «Արմավիրի զարգացման կենտրոն» գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: