Դեկտեմբերի 9-10-ը՝ «Թվապատում-հետաքննություն. Մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսից անմիջապես հետո Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կանցկացնի «Ինչպես օգտվել միջազգային տվյալների բազաներից» թեմայով երկօրյա դասընթաց։
Դասընթացը կվարի կոնֆերանսի հյուրերից մեկը՝ OpenOil կազմակերպության բաց տվյալների վերաբերյալ դասընթացների ղեկավար Պոլ Ջիջիչը Գերմանիայից։
Դասընթացը մասնակիցներին կներկայացնի հանրային տվյալների բազաներից օգտվելու եղանակներն ու քայլերը, կծանոթացնի միջազգային տվյալների բաց բազաներից մի քանիսին, կսովորեցնի այդ բազաներում գտնել Հայաստանին վերաբերող տեղեկություններ ու տվյալներ և դրանց հիման վրա լրագրողական նյութեր կառուցել։
Գործնական աշխատանքների համար կօգտագործվի OpenOil կազմակերպության գործարկած Aleph որոնման համակարգը: Այն խոշորագույն տվյալների բազա է, որտեղ պահվում է շուրջ 2 միլիոն փաստաթուղթ տարբեր ֆոնդային բորսաների և միջազգային ընկերությունների մասին, որոնք աշխատում են գազի, նավթի և հանքարդյունաբերության ոլորտում։
Բազայում տվյալներ կան նաև Հայաստանում աշխատող հանքարդյունաբերող ձեռնարկությունների մասին: Պոլ Ջիջիչի օգնությամբ դասընթացին մասնակցող լրագրողները կփորձեն լրագրողական պատմություններ գտնել այս տեղեկությունների մեջ: Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։
Մասնակցել կարող են ինչպես լրագրողներ, այնպես էլ բնապահպանական հկ-ների ներկայացուցիչներ: Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և կարճ հիմնավորումով նամակը [email protected] էլեկտրոնային հասցեին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 5-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, հեռ՝ 010 583620, 055895700։
Այս դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: