OCCRP. Հետաքննական լրագրության միջազգային դասընթաց

«Հոդված 3» ակումբը OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) հետ համատեղ սեպտեմբերի 2016 թվականի 23-24-ին կազմակերպում է հետաքննական լրագրության, տնտեսական օֆշորային գոտիների և դրանց ուսումնասիրության լրագրողական դասընթաց:

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում շատ է կարևորվում հետաքննող լրագրողների կամ լրագրողական կազմակերպությունների դերը: Հաճախ հենց նման լրագրողների ու լրագրողական կազմակերպությունների ջանքերով բացահայտվում են միջազգային կամ տեղական մասշտաբների կոռուպցիոն գործարքների մասին տեղեկություններ, որոնք դառնում են մասնագիտական ու հանրային լայն քննարկումների առարկա:

Ասվածի ցայտուն և ամենաթարմ օրինակն է OCCRP ցանցի հրապարակած «Պանամական փաստաթղթերը», որոնց միջոցով բացահայտվեց օֆշորային գոտիներում գրանցված հազարավոր ընկերությունների և դրանց հետևում կանգնած հարյուրավոր խոշոր գործարաների և բարձրաստիճան պետական ու քաղաքական գործիչների անուններ: Այդ ցուցակում էր նաև Հայաստանի Արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, ով «օֆշորային սկանդալից» հետո հրաժարական տվեց:

Հայաստանի նման զարգացող երկրներում, որտեղ պետական ինստիտուտները դեռ կայացման փուլում են և խոշոր բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ ու պաշտպանվածության խնդիր ունի, շատերը գերադասում են ֆինանսական միջոցները պահել օֆշորային հաշիվներում: Օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցման միջոցով հաճախ իրականացվում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքներ, որոնց բացահայտումը նաև հետաքննող լրագրողների գործն է:

Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում հետաքննող և սկսնակ լրագրողների կարողությունների զարգացմանը:

Դասընթացի ընթացքում գործնական աշխատանքների միջոցով կտրվեն գիտելիքներ հետաքննական լրագրության սկզբունքների, տվյալների բազաներից օգտվելու հմտությունների, աղբյուրները ճշտելու, տնտեսական կոռուպցիոն ռիսկերի, օֆշորային գոտիների, դրանցում գրանցված կազմակերպությունների փնտրման համակարգերի և Հարավային Կովկասում առկա տվյալների բազաների վերաբերյալ:

Դասընթացավարներն են Հարավային Կովկասում OCCPR֊ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսը, «Հետք» Էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանը:

Դասընթացը հնարավորություն է լրագրողների համար՝ ձեռք բերելու գործնական գիտելիքներ հետաքննական նյութեր պատրաստելու համար, տիրապետելու միջազգային տվյալների բազաներից օգտվելու անհրաժեշտ հմտություններին: Դասընթացին մասնակցելու հայտը կարող եք լրացնել այստեղ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի սեպտեմբերի 19֊ը։ Դասընթացն անցկացվելու է անգլերենով և հայերենով։ Կլինի թարգմանություն։

Ընտրված մասնակիցներին կուղարկվի օրակարգը, ինչպես նաև միջոցառման այլ մանրամասները։

Հարցերի դեպքում կարող եք դիմել «Հոդված 3» ակումբի համակարգող թիմին՝ զանգահարելով 010 52 01 08 հեռախոսահամարով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *