Բեռլինի լրագրության դպրոցը Հայաստանի լրագրողներին հրավիրում է մասնակցելու «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» մեկշաբաթյա ծրագրին:
Ծրագիրը կանցկացվի օգոստոսի 22-28-ը (նախնական) Բեռլինում: Ընտրված 10 մասնակիցները կծանոթանան Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական համակարգին և ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: Ծրագիրը բաղկացած է դասախոսություններից և 5-օրյա այցելություններից դեպի Ներքին Սաքսոնիա, որտեղ 2016 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ:
Մասնակիցները կայցելեն տեղական ԶԼՄ-ներ, նախընտրական գրասենյակներ, հարցումներ կազմակերպող կենտրոններ և քարոզարշավում ու ընտրական գործընթացներում ներգրավված հաստատություններ:
Նրանք կծանոթանան, թե ինչպես է գերմանական մեդիան պատրաստվում լուսաբանել քարոզարշավը և կքննարկեն, թե ինչպես կարող են այդ փորձը կիրառել իրենց երկրում ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս: Մասնակիցները կանդրադառնան նաեւ լրագրողական անաչառությանն ու անկախությանը և հասարակությունում լրագրողի դերին: Այցելության ընթացքում նրանք պետք է պատրաստեն հոդվածներ, որոնք կհրապարակվեն ծրագրի կայքում, ինչպես նաև այն լրատվամիջոցնում, որտեղ աշխատում են:
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ համատեղ:
Մասնակիցները պետք է բնակվեն Հայաստանում, իմանան անգլերեն եւ ունենան առնվազն 1 տարվա մասնագիտական փորձ: Ճանապարհորդության և կեցության (երկտեղանոց համարներում) ծախսերը կհոգան կազմակերպիչները: Խրախուսվում է հատկապես մարզային լրատվամիջոցներում աշխատող լրագրողների մասնակցությունը:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել 250 բառից բաղկացած մոտիվացիոն նամակ անգլերենով, որով կնկարագրեք ձեր մասնագիտական փորձը և կնշեք, թե ինչու եք դիմել այս ծրագրին:
Անհրաժեշտ է նաեւ կցել մանրամասն ինքնակենսագրական (CV), անգլերենի ձեր իմացության մասին վկայող փաստաթուղթ (առկայության դեպքում) եւ մեկ- երկու լրագրողական աշխատանք (անգլերեն, գերմաներեն կամ հայերեն): Փաստաթղթերն ընդունվում են միայն էլեկտրոնային փոստով՝ pdf ձևաչափով: Փաստաթղթերի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 5 մեգաբայթը:
Մոտիվացիոն նամակն ու անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 2016 թվականի հուլիսի 24-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Քլեմենս Ա. Շյոլին (Clemens A. Schöll) հետևյալ էլ. հասցեով՝ [email protected] կամ հեռախոսահամարով՝ +49 30 2327 6009:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: