Հետաքննական լրագրության ամառային դպրոց

Ինչ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում կազմակերպում է Հետաքննական լրագրության ամառային դպրոց։

Ինչպես

Հետաքննական լրագրության ամառային դպրոցը կանցկացվի 2016 թ. հուլիսի 1-12-ը: Դպրոցը վարելու են ամերիկահայ լրագրող, Պուլիցերյան մրցանակակիր («Բոսթոն Գլոբի» Spotlight թիմի անդամ) Սթեֆըն Քուրքչյանը և «Հետքի» հետաքննող լրագրողները:

Մասնակիցները կուսումնասիրեն լրագրողական հետաքննություններ վարելու ամբողջ գործընթացը՝ սկսած նյութի որոնումից, աղբյուրների հետ աշխատանքից մինչև վարկածների մշակում,  փաստերի ստուգում, համադրում, նյութի պատրաստում: Տեսական դասերին զուգահեռ՝ նրանք կաշխատեն իրենց առաջարկած հետաքննական թեմաների վրա և հնարավորություն կստանան հրապարակել դրանք «Հետք» օնլայնում:

Ում համար

Եթե լրագրող եք և ունեք հետաքննության արժանի թեմաներ ու գաղափարներ, ապա այս հնարավորությունը ձեզ համար է: Ամառային դպրոցում ընդգրկվելու են 12 լրագրողներ։ Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Նախապատվությունը տրվելու է այն  դիմորդներին, ովքեր՝

  • ներկայացրել են լրագրողական հետաքննությունների ուշագրավ գաղափարներ առաջարկված թեմաների շրջանակում,
  • ունեն առնվազն 2 տարվա լրագրողական աշխատանքի փորձ:

Ինչ կլինի հետո

Դպրոցի ավարտից հետո մասնակիցների համար կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ՝ լրագրողական հետաքննություն կատարելու և հրապարակելու համար։ Հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն: Դրամաշնորհներին վերաբերող մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Երբ և որտեղ

Դասերն անցկացվելու են ամեն օր ժամը 10:00-18:00-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ): Մասնակցությունը դասընթացին անվճար է: Մարզերից մասնակիցների տրանսպորտի ու կեցության ծախսերը փոխհատուցվելու են:

Մասնակցության հայտերը կարելի է լրացնել հետևյալ հղումով: Դիմելու վերջնաժամկետը 2016թ-ի հունիսի 26-ն է:  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին (Հեռ.՝ 010 583620) կամ գրել  [email protected] էլեկտրոնային հասցեով:   

Հետաքննական լրագրության ամառային դպրոցը անցկացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը։ Ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *