«Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթը, որի նպատակն է խթանել Հայաստանում  իրականացվող բարեփոխումների լուսաբանումը, մասնավորապես հանրային սեկտորի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման հզորացմանը եւ սոցիալական բարեկեցությանն ուղղված միջոցառումները։ Մասնակիցներին առաջարկվում է ճկուն եւ համակողմանի մեկնաբանել մրցույթի առաջարկվող թեմաները։  Կազմակերպիչները ակնկալում են, որ կներկայացվեն որակյալ լրագրողական աշխատանքներ, որոնք կանդրադառնան վերոհիշյալ թեմաներին և աչքի կընկնեն իրենց քննադատական մտածողությամբ,  օբյեկտիվությամբ,  յուրահատուկ ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական եւ բացահայտող։ 

Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բոլոր լրատվամիջոցները՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն):

Կարող են ներկայացվել նյութեր տարբեր ժանրերում առանց սահմանափակման ՝ լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից  մուլտիմեդիա ժանրեր եւ այլն:

Մրցանակներ կշնորհվեն հետեւյալ անվանակարգերում՝

Homo Agendi (Գործող անձ)
Ներկայացվող նյութերի  առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու մտադրությամբ ու հնարավորությամբ: Այս անվանակարգի համար մրցանակ կշնորհվի ինչպես նյութի հեղինակին, այնպես էլ՝ հերոսին:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում
Անվանակարգում կգնահատվեն այն նյութերը, որոնք կպատմեն տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների էության, ընթացքի, խնդիրների եւ խոչընդոտների,  հաջողությունների եւ անհաջողությունների, ինչպես նաեւ՝  ներգրավված մասնակիցների (կառավարություն, հանրություն, տարբեր ինստիտուտներ) դերի, այդ թվում համագործակցության հաջողված փորձերի մասին։

Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում
Կարող են ներկայացվել նյութեր, որոնք պատրաստված են  ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, լսարանի հետ հետադարձ կապը  եւ նրան նյութի պատրաստման մեջ ներգրավելու հնարավորությունները:

Դիտակ. հետաքննական լրագրություն
Այս անվանակարգում կարող են ներկայացվել լրագրողական հետաքննության ժանրում կամ լրագրողական հետաքննության տարրեր պարունակող նյութեր՝ հրապարակված ցանկացած հարթակում: Նյութերը գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:

Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ
Հաղթողին կընտրեն  մեդիա սպառողները : Քվեարկությունը կկազմակերպվի մրցույթի համար ստեղծված հատուկ առցանց հարթակում: Քվեարկության են դրվելու ժյուրիի կողմից բոլոր անվանակարգերում ընտրված լավագույն քսան նյութերը։

Մրցույթին ներկայացված աշխատանքները գնահատելու համար կազմված ժյուրիի մեջ կընդգրկվեն  լրագրողներ, մեդիա փորձագետներ,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նյութերը պետք է հրապարակված լինեն լրատվամիջոցներում 2014 թ․-ի սեպտեմբերի 1-ից 2015 թ․-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2015 թ․-ի սեպտեմբերի 10-ը առցանց լրացնել հայտ, որը հասանելի կլինի հետեւյալ հասցեով հուլիսի 20-ից։ Բոլոր նյութերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տեսքով եւ ներբեռնվեն կայքում․համապատասխան հղումները պետք է նշվեն հայտի մեջ։  

Մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի սեպտեմբերի վերջին:

Մրցույթի հետ կապված մանրամասնությունների համար հետեւեք http://tvapatum.mediainitiatives.am կայքի նորություններին։ Լրացուցիչ կամ պարզաբանող հարցերի համար  խնդրում ենք դիմել Օկսանա Մուսայելյանին` [email protected] էլ. հասցեով, կամ 010 58 36 20,  095 58 36 30 հեռախոսահամարներով:

Մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը եւ Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործալալության ֆինանսավորմամբ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *