2018.06.21,

Նյուսրում

Լրագրողների նկատմամբ բռնության և «Զիբիլիկսի» քրգործը վերաբացվել է

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է 2017թ.-ին կարճված, լրագրողներ Տիրայր Մուրադյանի և Տաթև Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու, ինչպես նաև ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Նախորդ տարի, Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության օրերին armtimes.com կայքում «Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում» վերտառությամբ հոդվածներ էին հրապարակվել այն մասին, որ լրագրողներ Տիրայր Մուրադյանը և Տաթև Խաչատրյանն ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգն ստուգելու նպատակով այցելել են Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ, որտեղ մի խումբ անձինք խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը:

Իսկ news.am կայքում հրապարակվել էր «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ, Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» վերտառությամբ հոդված այն մասին, որ Երևան քաղաքի Կոմիտասի 56 հասցեում տեղակայված Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ այցելած Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նույն օրը «ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցների կողմից հիշյալ շտաբ գումար տեղափոխելու, այնտեղ ընտրակաշառք բաժանելու կամ դա կատարել պատրաստվելու մասին: Նույն օրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր հիշյալ շտաբից դուրս բերված` ընտրողներին առերևույթ կաշառք տալու մասին վկայող փաստաթղթեր:

2017թ. հուլիսի 25-ին որոշում էր կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 1542-րդ և 164-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Media.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սույն թվականի հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քրեական գործով նախաքննություն կատարելու համար: Հունիսի 11-ին վերը նշված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

Կատարվում է նախաքննություն: «Նախատեսվում են մեծածավալ հարցաքննություններ, կատարվում են քննչական գործողություններ: Նաև հաշվի առնելով նախաքննության շահերը, քրեական գործով առկա էական որոշ հանգամանքներ չեն պարզաբանվում»,-ասաց Մարինա Օհանջանյանը:

Գագիկ Աղբալյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *