2018.04.27,

Նյուսրում

Թավշյա հեղափոխութունը «Ֆուտբոլ+»-ի էջերում

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

«Մեր ժողովուրդը համոզվեց, որ սեփական երկրում բռնատիրությունից ազատվելն ավելի դժվար է, քան պատերազմում հաղթելը»,- այս ձևակերպումն ամենևին էլ «Հայկական ժամանակ» կամ «Չորրորդ իշխանություն» թերթերից չէ։ «Ֆուտբոլ+»-ի ապրիլի 25-ի համարը, որ տպագրվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր անց, Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության վերելքի օրերին, համեմված է քաղաքական տեքստերով։

Թերթի երկու էջը քաղաքական է, այդ թվում՝ խմբագրականը, որը հագեցած է քաղաքական լրագրությանը բնորոշ վերլուծություններով և գնահատականներով։ «11 օր շարունակ մի բռունցք դարձած համայն հայության ընդվզումը՝ այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պսակվեց հաջողությամբ։ Այս անգամ մեր ժողովրդի ընդվզման դրական հանգուցալուծումը պայմանավորված էր նաև նրանով, որ Ռուսաստանը չփորձեց միջամտել մեր ներքին գործերին։ Մեր ժողովուրդը համոզվեց, որ սեփական երկրում բռնատիրությունից ազատվելն ավելի դժվար է, քան պատերազմում հաղթելը»,- խմբագրականում գրում է թերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանը։

Բաղդասարյանը հեղափոխական իրադարձությունների ոգևորության ալիքի վրա բացեիբաց խոսել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի այսպես ասած փակ էջերից, գրելով, որ Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի հարաբերությունները լարված են։ Սա այսպես ասած ներքին ու հին ինֆորմացիա է, ինչի մասին մարզական մամուլը նախընտրում է չխոսել։

«Ֆուտբոլ+»-ի 15-րդ՝ շախմատային էջի կեսը նույնպես քաղաքական է։

«Արոնյանին և խաղընկերներին հարվածի տակ դրեցին» վերնագրով հոդվածի առիթը շախմատի տղամարդկանց հավաքականի հայտնի հայտարարությունն է, որով Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, հավաքականի մյուս շախմատիստները դեռևս մինչև հրաժարականը պաշտպանեցին Սերժ Սարգսյանին։

«Եթե ի վիճակի չեք ժողովրդի կողմն անցնելու, ապա ցանկացած անհատի, ով էլ որ լինի, բացեիբաց աջակցելը արդարացված չէ։ Եթե Սմբատ Լպուտյանը շախմատի ֆեդերացիայում Սերժ Սարգսյանի աջ թևն է և առաջին փոխնախագահը, մտել էր նաև քաղաքականության մեջ՝ դառնալով ավագանի, բարդ իրավիճակում տիրոջն իր հավատարմությունն ապացուցելու համար ստիպված էր ստորագրել նախապես կազմված հայտարարության տակ, ապա Լևոն Արոնյանին և մյուս գրոսմայստերներին ամենևին պետք չէր թիկունք կանգնել մեր հրաշալի երկրում ստրկատիրական կարգեր հաստատած Սերժ Սարգսյանին»,- նշված է հոդվածում։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *