2018.03.29,

Նյուսրում

ՀՀՌՑ-ն ընդդեմ «Իջևան ստուդիայի»

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

«Իջևան ստուդիա» հեռուստաընկերությունը պարտքերի պատճառով հայտնվել է դատարանում:

Հեռուստաընկերությունը մի քանի տարվա ընթացքում չի վճարել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի կողմից իրականացրած ծառայությունների դիմաց, ինչի արդյունքում կուտակվել է 2 միլիոն 559 հազար դրամի պարտք: ՀՀՌՑ-ն գումարը բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել դատարան:

«Իջևան ստուդիա»-ն չունի թվային հեռարձակման լիցենզիա և աշխատում է անալոգային տիրույթում: Հենց դա էլ ընկերության ֆինանսական խնդիրների պատճառն է:

Հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանն ասում է, որ մարդիկ հրաժարվել են անալոգային հեռարձակումից և նախընտրում են թվային որակի եթերը: «Իջևան ստուդիա»-ն կորցրել է լսարանը և զրկել է գովազդներից, արդեն մոտ երեք տարի գրեթե եկամուտ չի ստանում:

«2015 թվականից այս կողմ գովազդ չունենք: Փաստացի շատ վատ վիճակում ենք: Ես ՀՀՌՑ-ին տեղեկացրել եմ, որ հրաժարվում եմ վճարել հաղորդակի գումարը, քանի որ ֆինանսական միջոցներ չկան: Հիմա հաղորդիչները հանել եմ հեռուստաաշտարակից և տեղադրել հեռուստաընկերության շենքի տանիքին»,- ասում է Նաիրա Խաչիկյանը:

Հեռուստաընկերության տնօրենը պնդում է, որ կողմերի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2004 թվականին, ընդամենը մեկ տարի ժամկետով: «Այդուհանդերձ, ես մինչև 2015 թվականը վճարել եմ ամսական 65 հազար դրամ: Բայց քանի որ հիմա եկամուտ չունենք, այլևս ի վիճակի չենք: Մեր եկամուտը լսարանից պետք է լինի: Մենք հո չե՞նք կարող կոշիկ վաճառել՝ պարտքերը վճարելու համար»,- ասում է Խաչիկյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը ծանոթ է «Իջևան ստուդիա» հեռուստաընկերության խնդրին, ավելին, մարզային մոտ 10 հեռուստաընկերություններ են հայտնվել նույն վիճակում՝ զրկվել են լսարանից:

«Հեռուստատեսությունը ամեն դեպքում պայմանագիր է կնքել ծառայություն մատուցողի հետ և օգտվելով այդ ծառայությունից՝ չի վճարել: Ես խոսել եմ ՀՀՌՑ ղեկավարի հետ, ժամանակ խնդրել, որպեսզի հեռուստատեսությունը կարողանա մարել պարտքը:

Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, ինչի մասին խոսում ենք արդեն քանի տարի: Թվայնացման գործընթացից հետո 10-ից ավել հեռուստաընկերություններ հայտնվեցին ծանր պայմաններում, դուրս մնալով այդ գործընթացից: Յուրաքանչյուր մարզում մեկ հեռուստատեսության շնորհելով թվային հեռարձակման լիցենզիա, պետությունը սխալ մոտեցում որդեգրեց:

Այդ պայմաններում հեռուստաընկերությունները չէին կարող աշխատել այն գումարները, որքան՝ մարզայինները: Նրանք օրեցօր կորցնում են լսարան, գովազդատուներ»,- ասում է Մելիքյանը:

Մեդիափորձագետի կարծիքով՝ պետության մեղքով է, որ անալոգային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունները ծանր ֆինանսական կացության մեջ են: Նա հույս ունի, որ մեր դատարանները կկարողանան համակողմանի քննել գործը, պետության կողմից հարուցած արհեստական խոչընդոտները ճիշտ գնահատել և այնպիսի որոշում ընդունել, որը ճակատագրական չի լինի հեռուստաընկերության համար:

«Բողոքող կողմն էլ պետք է հասկանա, որ սա տարիների ընթացքում կուտակված պարտք է, տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետևանք: Դատարանը պետք է կարողանա ճիշտ դիրքորոշում ցույց տալ»,- ասում է ԽԱՊԿ նախագահը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀՌՑ-ի հայցը վարույթ է ընդունել: Առաջին դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին:

Գագիկ Աղբալյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *