2018.03.27,

vox populiհայ

«Իմ թեման իրաքահայերի կյանքն է»

Առավել փոքր հայկական գաղութներով հետաքրքրվում են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան է կատարվում՝ եկեղեցի է փլվում կամ ավերում են, պաշտոնական հանդիպումներ են լինում: Այս ամենից այն կողմ՝ ոչինչ չկա, ոչ մի հետաքրքրություն:

Վերջերս Մոսուլում գտնվող հայ ուղղափառ եկեղեցու վիճակի մասին բլոգումս տեղադրած տեսանյութը, ի զարմանս ինձ, մեծ հետաքրքրություն առաջացրեց որոշ լրատվամիջոցների համար:

Հրապարակումից 13 րոպե անց Aztag Arabic-ը հրապարակեց այն, իսկ հետո Արևելք լրատվականը: Եվ զարմանալին այն էր, որ ինձնից էին թույլտվություն հարցնում տեսանյութի հրապարակման համար, այնինչ ես չէի հեղինակը, այլ արաբերեն լեզվով կաթոլիկական ռադիոկայաններից մեկը:

Երբ դեռ ապրում ու աշխատում էի Իրաքում, կրկին տեսնում էի, որ լրատվամիջոցները հատկապես փոքր գաղութներով քիչ են հետաքրքրվում, չեմ լսել, որ ինչ-որ մեկը գա ու գրի, թե օրինակ իրաքահայերը ինչպես են ապրում, ինչ խնդիրներ ունեն: Մամուլում միայն պաշտոնական հանդիպումներ են, երբեմն էլ՝ եկեղեցական կյանք:

Իսկ երբ 2007-ին տեղափոխվեցի Հայաստան, դա ավելի ընդգծվեց. իրաքահայության թեման ակտուալ էր, երբ իրաքահայերի մի մասը տեղափոխվեց Հայաստան, որտեղ ծագեցին կեցության, կրթության և այլ հարցեր: Այս հարցերը դարձան լրատվամիջոցների ամենօրյա թեման, իսկ երբ սկսվեց սիրիական պատերազմը՝ իրաքահայերն իրենց տեղը զիջեցին սիրիահայերին: Այսօր այդ թեման էլ քիչ ակտուալ է:

Իրաքահայերի թեման իմ բլոգում եմ փորձում ակտիվ պահել, մինչ օրս կապեր ունեմ առաջնորդարանի հետ: Այնտեղից լուրեր եմ ստանում, տեղադրում բլոգումս, որը կապված է նաև ֆեյսբուքյան ու թվիթերի պրոֆայլիս հետ:

Այդ նյութերը լրատվամիջոցներն էլ են օգտագործում, երբեմն հղումով, երբեմն էլ՝ ոչ: Երբ հղում չեն տալիս, վատ չեմ զգում, պարզապես գողություն անելը և ուրիշի գրածը քեզ վերագրելն այնքան էլ լավ չէ:

Այժմ տեխնոլոգիաներն այնքան զարգացած են, որ տեղեկության ստուգումը վայրկյանների գործ է:

Նախկինում դա դյուրին գործ չէր: Ես Իրաքում աշխատած տարիներին հնարավորություններ քիչ էին, հատկապես, երբ երկրում համացանցը խիստ սահմանափակ էր:

Տեղական լուրերը ստուգում էի զանգերի կամ այցելությունների միջոցով, իսկ երբ արդեն գրում էի Հայոց ցեղասպանության, Սփյուռքի այլ գաղութների, Արցախի մասին՝ այդ սուղ պայմաններում գործս բարդանում էր:

Ամեն դեպքում փորձում էի չճշտված տեղեկատվություն չգրել այն թերթերում, որտեղ աշխատում էի: Ձգտում էի նաև հնարավորինս շատ գրել հայկական թեմաներով՝ այն էլ արաբերեն կամ արաբալեզու լրատվամիջոցների համար, քանի որ հայերի թեման արաբական մեդիայում շատ քիչ է, մի մասն էլ աղավաղված՝ թուրքական ազդեցության տակ:

Ցավոք, իրենց երկրի շահերից պետք է բխի այդ թեման թեժ պահելը: Ասենք, եթե խնդիր են ունենում Թուրքիայի հետ, իսկույն մեդիայում ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածներ:

Ես էլ այդ պահերը բաց չէի թողնում. 1991թ. սկսած հայերի, Հայոց ցեղասպանության և Ղարաբաղյան շարժման մասին իրաքյան մի քանի թերթերում, այդ թվում՝ պետական, նյութեր էի գրում:

Իհարկե անվտանգության խնդիրներ կային, կողքից միշտ ասում էին, որ զգույշ լինեմ, բայց անհրաժեշտությունն այնքան մեծ էր, որ վարանելու տեղ չունեի:

Հիշում եմ 1992-ին, երբ Ղարաբաղի մասին հոդվածս տպագրվեց պետական թերթում, քարտեզը ձեռքով էի գծել, քանի որ այսօրվա հնարավորությունները չկային: Նաև չէի ուզում ԼՂԻՄ տարածքով քարտեզը տեղադրեինք, այլ պատմական Արցախի:

Այդ ժամանակ դասախոսում էի Բաղդադի համալսարանում, միաժամանակ թղթակցում «Սաութ Ալ-Թալաբա, «Ալ-Մուսթաքբալ և «Ալ-Դիուան շաբաթաթերթերին:

Այդ և մյուս հոդվածները մեծ արձագանք էին գտնում, քանի որ արաբերենով քիչ էին Ղարաբաղի, Հայաստանի, նույնիսկ իրաքահայերի կյանքի մասին պատմող նյութերը: 2003-ից հետո համացանցի սահմանափակումների վերացումը նույնպես վիճակը չփոխեց. մինչև հիմա քիչ են հայկական թեմայով արաբերեն հոդվածները:

Հայերենով գրել հայկական հարցի մասին իմաստ չունի: Անգլերենով շատ կա, արաբերենով՝ քիչ:

2006 թվականին բացեցի բլոգս ու մինչև հիմա գրում եմ հայերեն, անգլերեն և արաբերեն: Գրածներս տարածում եմ նաև թվիթերով և Ֆեյսբուքով, այդ թվում իրաքահայերի իմ ստեղծած ամենաշատ մասնակիցներով երկու խմբերում: Տեսնում եմ, որ այդ նյութերը շատ են կարդում, ինչը նշանակում է, որ դրա կարիքը կա:

Ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ ինչ գրել, որ հետաքրքիր լինի:

Հայաստանում հիմա այնքան շատ են լրատվամիջոցները, այնքան շատ են լուսաբանվող թեմաները, որ ինձ մնում է միայն գրել արաբերեն վերլուծական հոդվածներ ցեղասպանության, ղարաբաղյան խնդրի ու իրաքահայերի մասին: Իրաքում հիմա 6-7 հազար հայ կա:

Իրաքահայերի կյանքն իմ թեման է, մինչև հիմա առաջնորդարանի հետ կապերիս շնորհիվ կարողանում եմ գրել ու տարածել:

 

Արա Աշճյան
Ճարտարագետ, ազատ լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *