Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանը դարձավ նյուզմեյքեր: Սեփական կամքով չէ, այլ կտրուկ միջամտության շնորհիվ, քաղաքապետարանի այս տարվա առաջին նիստը հետաքրքրեց բոլոր երևանցիներին, ինչը չլսված մի բան էր Երևանի և անգամ մարզերի համար:
«Երկիր ծիրանի» կուսակցության երկու անդամ (հետագա գործողությունները ցույց տվեցին, որ կարևոր է նշել նրանց կին լինելը) բժշկական դիմակներով ու բժշկական ձեռնոցներով մուտք գործեցին քաղաքապետարանի նիստերի սրահ ու ապակյա տարաներով ինչ-որ հեղուկ թափեցին հատակին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիմաց:
«Դեմն առեք, դեմն առեք… »,- հրահանգեց Տարոն Մարգարյանը, և վրա հասավ խառնաշփոթը, «վնասազերծումը» ու, ի վերջո, ամոթը:
Քանի որ դահլիճում ներկա էին բազմաթիվ լրագրողներ, դեպքը, հրմշտոցը, երկու կանանց ակցիոնիստական քայլն ու նրանց հանդեպ կիրառված բռնությունը տեսագրեցին ու հեռարձակեցին բոլոր լրատվամիջոցները:
Եվ պարզ դարձավ, որ նիստը այլևս նստակյաց չէ, ոտքի կանգնած ու սեփական (նաև պետական) անդորրը պաշտպանելու ցանկությամբ տոգորված մի խումբ կոստյումավոր ավագանու անդամներն ու նրանց թիկնապահները (կրկին կոստյումավոր) դուրս հանեցին քաղաքապետարանի ավագանու անդամ Մարինե Խաչատրյանին՝ հարվածելով, հրելով, ապտակելով ու քաշելով մազերից:
Տպավորություն էր, որ նիստի մասնակիցներն այնքան էին վախեցել մուգ գույնի հեղուկից, որ պատրաստ էին ոչնչացնել ավագանու իրենց գործընկերոջը:
Տարաների պարունակությունը սկզբում անհայտ էր:
«Երկիր ծիրանիի» ավագանին «կիսլատա» էր «նվեր» բերել քաղաքապետին»,- հայտնեց 1am-ը:
«Կիսլատա» բառը սարսափ առաջացրեց, պարզապես անհայտ էր, թե կոնկրետ ինչ թթվի մասին է խոսքը: Եթե ծծմբական թթվի, ապա, իհարկե, ստացվում է, որ Մարինե Խաչատրյանը ահաբեկչական քայլ էր նախատեսել:
Եթե նա որոշել էր այրել ու անդառնալիորեն տգեղացնել նիստին ներկա անձանց դեմքերը, ապա իհարկե, նրան հարկավոր էր հարվածել, հրել, մազերից քաշելով դուրս հանել (դեռ մի բան էլ ավելին, կարելի էր, ասենք, դանակահարել):
Հետո լուր տարածվեց, որ տարաներում տիղմ էր: Իսկ ավելի ուշ տեսագրությունները օգնեցին հասկանալ, որ Մարինե Խաչատրյանն ասում է, թե տարաների մեջ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի կոյուղու ջուր է, որի հոտը տարածված է Նուբարաշենում, քանի որ այնտեղ ջրամատակարարման ցանցը խափանումներով է աշխատում։
Լրատվական դաշտը (նաև Հանրապետական կուսակցությունը, որին պատկանում է քաղաքապետարանի աթոռը) երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե ինչպես որակել տեղի ունեցածը: Ի վերջո, կարծես հանգեցին «ծեծկռտուք» բառի վրա, որը ենթադրում է երկու կողմերի հավասար մասնակցության ու մեղավորության բաժին:
«Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև,- լուր տարածեց Azatutyun.am-ը:
«Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ»,- այսպիսի վերնագրով լուր հայտնեց Tert.am-ը: «Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստին»,- գրեց Aravot.am-ը: «Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում. ՀՀԿ-ական ավագանին ծեծեց կանանց»,- ի մի բերեց օրվա թեման armtimes.com-ը:
«Երկիր ծիրանին» կոյուղու ջուր էր բերել Տարոն Մարգարյանին»,- գրեց «Հետքը»: «Քաղաքապետարանում ՀՀԿ-ականները ապտակում, մազերից քաշում, հարվածում են Երկիր Ծիրանիի կանանց»,- գրեց «Հայկական ժամանակը»:
Կոյուղաջրի շփումը կոկիկ դահլիճում ու այն էլ դեռ սովետական ժամանակներից անվերապահ լրջություն ենթադրող նիստի ժամանակ այն ակցիաներից էր, որը կարող է համարվել քաղաքական ակցիոնիստական քայլ, եթե հանրությունը տեր կանգնի այդ ակցիային:
Այդ ակցիան կարծես հետաքրքրում է դեռևս միայն լրատվական դաշտին: Մանավանդ, որ բռնություն կիրառվեց նաև լրագրողների նկատմամբ, իսկ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները նաև խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը։
Ակցիա ու ռեակցիա
Պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է արվեստը սպասարկում պետությանը (դրա լավագույն օրինակը Երևանի քաղաքապետարանի ավագանու արվեստագետ անդամներն են), բայց քիչ են այն օրինակները, երբ պետությունն է սպասարկում արվեստագետներին:
«Երկիր ծիրանիի» ակցիան, իհարկե, նախատեսված չէր որպես քաղաքական արվեստի գործ, բայց այն դարձավ քաղաքական ակցիոնիզմի մի դրսևորում, որի իմաստը բնավ էլ կասկածելի ծննդով ու հոտով հեղուկի շաղ տալը չէր, այլ դրա հանդեպ ծագած ռեակցիան:
«Երկիր ծիրանիի» անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը, որոնք իրենց մարմնով զգացին մի քանի «պատասխանատու օղակների» հարվածները՝ մի քանի տասնյակ «պատասխանատու անձանց» լուռ ու շփոթված ներկայությամբ, իհարկե, սպասում էին, որ կլինի ռեակցիա:
Բայց կարևորն այն է, որ այդ ռեակցիան անսպասելի էր հենց արձագանքողների (հարվածողների, հրողների ու կրկին հարվածողների) համար: Նրանք հարվածում, հրում ու կրկին հարվածում էին տեսախցիկների առջև՝ ակամայից դառնալով մեդիադեմքեր:
Եվ երբ նիստը վերսկվեց, փոխքաղաքապետ Կամո Արեյանն այնպիսի բառեր ու այնպիսի եզրակացություն արեց, որ միանգամից ամբողջացրեց այդ «հեղուկային ակցիան», որն ուներ կանացի դեմք ու տղամարդկային հակահարված:
«Մեծարգո քաղաքապետ, խորին հարգանք Ձեր հավասարակշիռ վերաբերմունքի նկատմամբ ու քաղաքական գործչին վայել հավասարակշիռ, սառը ու սթափ քայլերին»,- սկսեց նա:
Հետո հարցրեց՝ իսկ ո՞վ է պատասխան տալու այս անկանխատեսելի արարքի ու կարգուկանոնի խախտման համար, քանի որ պիտի «երաշխավորված լինի, որ նիստը անցնելու է անվտանգ ու հանգիստ մթնոլորտում»:
«Հանգիստը» բանալի բառ է, որը բացատրվեց այսպես. «Որպեսզի մարդիկ կարողանան իրենց աշխատանքը կանոնակարգված ու ստեղծագործաբար իրականցնեն… Որ կամայական մարդ տնից դուրս գալուց այս շենք չգա կամայական նյութով ու գործիքով»:
«Կամայական» ու «հանգստի» արանքում շատ իմաստներ կան, որոնք կարելի է մեկնաբանել ստեղծագործաբար: Օրինակ` Արմքոմեդիի նման:
«Մենք պարտավոր ենք բարձր պահել ավագանու անդամի բարձր կոչումը, պատասխանատվության դիրքերը չզիջենք… Եվ ոչ մեկի պարտականությունները չզիջել և ոչ մեկին: Այն, ինչ արվեց անպատասխանատու, ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր: Անկանխատեսելի էր այդ կամայական նյութի հայտնվելը այդ ամանների մեջ»,- փոխքաղաքապետի այս բառերը շատ հանգիստ դեկոնստրուկցիա են լինում ու նորից կառուցվում որպես հարվածողների, հրողների ու կրկին հարվածողների արարքը մեկնաբանող տեքստ:
Լրատվական դաշտը շատ բան ունի անելու «ստեղծագործաբար» պահելու համար «բարձր կոչումը» ու «չզիջելու իր պարտականությունները»:
Մանավանդ, որ հենց այս ակցիայի հեղինակ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը նույն տեքստային ու իմաստային մակարդակն է առաջարկում, ինչ ակցիայի թիրախ քաղաքապետարանը: Ասում է, որ պետք է բոլորին «թունավորել»:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: