Հանրային նշանակության խոսքերը ստուգելու փորձ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Բուն» հարթակի «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» բաժինը ծագել է առօրյա պահանջից:

Հիմա, երբ բոլորն ու անդադար արտադրում են տեքստեր, գաղափարներ ու տարբեր մտային կառույցներ, առաջանում է անհրաժեշտություն դրանք դասակարգելու, վերծանելու ու նորից դասակարգելու: Մանավանդ, որ խոսք արտադրողները տիրապետում են նաև այդ խոսքը որքան կարելի է լայն լսարանին հասցնելու հմտությանը:

Եվ ցանկալի է հասկանալ, թե զանգվածայնորեն տարածվող խոսքը ինչպես է ազդում ու դրանով՝ ձևավորում հանրային կարծիք:

«Բուն»-ը, որը գիտամշակութային հիմնադրամ է, արդեն հասցրել է մասնագետների համայնք ձևավորել, և այդ ներուժը օգտագործելով էլ նախաձեռնել է հանրային կարծիքի վրա ազդող ուղերձների ուսումնասիրությունը:

Պոպուլիզմի ու պրոպագանդայի մասին խոսելու համար արվել է հետազոտություն, թե այդ հասկացությունները ինչպիսի պատումների՝ նառատիվների, միջոցով են հասնում մեր հանրային դաշտ: Եվ ընդհանրապես ինչպիսի գործիքներով են դրանք ստեղծվում: Հաշվի են առնվել, որ «դասական» գործիքակազմին գումարվել են ավելի նուրբ ու մեղմ ներգործություն ունեցող հնարքներ, որոնք անուղղակի են ազդում հանրային կարծիքի վրա:

Օրինակ, Հայաստանում պոպուլիզմն ու պրոպագանդան հաճախ կապվում են ազգայնականության ու աղքատության թեմաների հետ, որոնց շուրջ էլ կառուցվում են տարբեր մակարդակների պատումները:

«Բունի» համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը պատմում է, որ գաղափարը երեք հիմնական փուլերով է անցել: Առաջինը՝ հետազոտությունն էր ու պոպուլիզմի ու պրոպագանդայի մեթոդների նկարագրությունը:

Իսկ հետո տեսական բաժնին գումարվել է բանախոսությունների շարքը և ստեղծվել  detector.am կայքը, որը վերլուծում է Հայաստանի դեստրուկտիվ պրոպագանդայի և պոպուլիզմի օրինակները:

Detector.am-ում դիտարկվում են հանրային կարևորություն ունեցող հայտարարությունները, բայց փորձ է արվում ոչ թե անձնավորել այդ խոսքը կամ ուղերձը, այլ գտնել մանիպուլյացիայի չափաբաժինը ու կազմաքանդել դա: Օրինակ, աղքատության ու գնաճի կամ «ազգ-բանակ» կապի շուրջ մանիպուլյացիաները:

Տեքստերին ուղեցում է կարճ բաղադրատոմսը (ինչպես ճաշատեսակի դեպքում), որը ցույց է տալիս, թե ինչ բաղադրիչներից է կազմվում ուսումնասիրվող հայտարարությունը: Օրինակ, փաստերի ուռճացումը, խեղաթյուրումը, պիտակավորումը և այլն…

«Փաստերի ստուգում» ասելով՝ սովորաբար նկատի ունեն սուտն ու ճիշտը տարբերակելը: Իսկ մեզ ավելի շատ հետաքրքրում են դրանց արանքում գտնվող շերտերը: Ի վերջո, և փաստերը կարելի է այնպես դասավորել, որ արդյունքում առաջանա քարոզչական մանիպուլյացիա»,- ասում է Գեմաֆին Գասպարյանը:

Եթե ճանաչում ես քարոզչական հնարքները, ուրեմն հետագայում կարող ես դրանք տարբերակել նաև այլ տեքստերում:

«Դա պետք է թե՛ մեդիա դաշտին, թե՛ հայտարարություններ անողներին: Բոլորս էլ ուզում ենք, որ լրագրողները կարողանան տալ այնպիսի հարցեր, որոնք չեն արժանանա մանիպուլյատիվ պատասխանների: Եվ իհարկե, որոշակի պատասխանատվության կանչել այն մարդկանց, որոնք անում են նման մանիպուլյատիվ հայտարարություններ»,- ասում է Գեմաֆին Գասպարյանը:

Նա հիշեցնում է, որ շատ պաշտոնյաներ հեշտ ու հանգիստ անտեսում են իրենց հասցեին արված վիրավորանքներն ու մեղադրանքները, իսկ երբ քննադատությունը հիմնավորված ու այսպես ասած՝ «պատկառելի» է, ավելի մեծ է հավանակությունը, որ այդ պաշտոնյան հաջորդ անգամ պոպուլիստական բան ասելուց առաջ, գոնե մի քիչ կմտածի:

«Բունը» հասկանում է, որ միշտ կա վտանգ, որ հենց իրենք կարող են ընկնել պոպուլիզմի ծուղակը:

«Փորձում ենք խոցելի չլինել թե՛ մեր խոսքում, թե՛ թեմաների ընտրությամբ: Իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, բայց փորձում ենք այդ ռիսկը հասցնել նվազագույնի:

Եթե մի փոքր դետալում կամ ձևակերպումում դառնում ես ոչ հավաստի, միանգամից կորցնում ես վստահությունը: Շատ բարդ է փաստեր գտնելը, ճիշտ հղում տալը, քանի որ երբեմն նույն փաստը կամ թիվը տարբեր աղբյուրներում տարբեր կերպ է ներկայացվում»:

Detector.am-ի համար հիմք են դառնում միայն բաց աղբյուրներից տվյալները: «Ներքին, ինսայդերական ինֆորմացիան շատ հաճախ հենց ինքն է մանիպուլյատիվ»,- ասում է Գամաֆինը:

Օրինակները դեռ տնտեսագիտական ու քաղաքագիտական ոլորտներից են: Այդ երկու ճյուղերը ստուգելի են: Մի դեպքում կան փաստեր, իսկ մյուս դեպքում՝ կոնկրետ մեթոդաբանություն:

«Բունը» նպատակ ունի ընդլայնել թեմաների շրջանակը՝ անդրադառնալով վիզուալ մանիպուլյացիաներին ու սոցիոլոգիային: Հիմա փնտրում է գործընկերներ, քանի որ վերլուծական տեքստերի ստեղծումը ժամանակ ու ջանք պահանջող գործ է: «Նաև մանրամասներ սիրող գործ է, իսկ մանրամասները ամենաբարդն է հավաքելն ու ստուգելը»,- ավելացնում է Գեմաֆինը:

Եվ հենց մանրամասներն ու միջակայքում հայտնվող իմաստներն են, որ հաճախ տեղերով փոխվում են քարոզողի ու քարոզի հասցեատիրոջ շղթայում: Պրոպագանդան հղում է անում հանրային կարծիքին՝ առաջ տանելու համար բացառապես ոչ հանրային շահերից բխող գաղափարները:  

«Այսօրվա հայաստանյան պրոպագանդան ես տեսնում եմ երկու հիմնական դիսկուրսներում՝ քրիստոնեական (մենք բոլորս մեղավոր ենք, հետևաբար ոչ ոք մեղավոր չի) և հումանիստական (բոլորս հավասար ենք, նույնն ենք, մեկ ազգ ենք, մեկ մշակույթ, մեկ բանակ):

Տեղի է ունենում պատասխանատվության լղոզում և հայտնվում են բազմաթիվ պատումներ: Այս երկու դիսկուրսները կազմաքանդելը շատ բարդ է, քանի որ դրանք արքետիպային բնույթ ունեն»,- ասում է Գեմաֆին Գասպարյանը:

Հայաստանի մեդիայում ընդունված չէ շղթայական աշխատանքը, երբ մի լրատվամիջոցի կամ հարթակի աշխատանքը դառնում է հումք ու հիմք՝ թեմաների հետագա արծարծման ու շեշտադրման համար:

Միշտ ավելի արդյունավետ է, երբ թեմաները շարունակվում, ճյուղավորվում ու մուտք են գործում քննարկման դաշտ: Առավելևս, երբ քարոզ իրականացնողը փորձում է որոշ թեմաներ ներկայացնել որպես անձեռնմխելի, սուրբ ու անքննելի:

«Միգուցե ռոմանտիկ հնչի, բայց ի վերջո, մեր նպատակը երկխոսությունն է, իսկ դա վիրավորանքով չի սկսվում: Ի վերջո, եթե ուզում ենք, որ հանրությունը արձագանքի, պիտի քննարկման որոշակի մակարդակ առաջարկվի: Մեր մեդիա դաշտում շատ է (կներեք այս բառի համար) հիստերիկ հնչերանգը: Իմ կարծիքով՝ դա խանգարում է հասկանալ խնդիրները»,- ասում է Գեմաֆինը:

«Բունի» այս նախագիծը ընդամենը քայլ է, որը կօգնի մտքերը ոչ թե հեգնել, ձեռ առնել կամ ծաղրել, այլ վերլուծել դրանց հեռանկարային նշանակությունը: Ասենք, բառերի վրայից մաքրել մանիպուլյատիվ փոշին ու ուսումնասիրել իմաստների կմախքը:

Հանրությունը հաճախ անգիտակցաբար է տարածում քարոզչական կամ պոպուլիստական նյութերը: Օրինակ, սոցցանցերում կան խմբեր, որոնք կարծես ստեղծվել են մեդիագրագիտություն տարածելու, մանիպուլյացիաների դեմ պայքարելու համար, բայց առաջինը հենց դրանք ենք մանիպուլյացիա անում:

Բայց բոլոր դեպքերում իմաստները վերանայելն ու վերադասավորելը օգնում է պահպանել հանրային էներգիան, այլ ոչ թե բեկորացնել, փշրել ու անհետացնել այն:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *