2017.11.14,

Նյուսրում

«MediaNavigator»՝ ուղեցույց հետխորհրդային երկրների մեդիասպառողների համար

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիա դաշտում կողմնորոշվելու ու մեզ շրջապատող ահռելի տեղեկությունը վերլուծելու համար հարկավոր են ոչ միայն տեսական, այլև գործնական գործողություններ:

Կողմնակալ ու մանիպուլյատիվ տեղեկատվությունը տարբերակելը հատկապես կարևոր է երիտասարդ լսարանի համար: Այդ պատճառով էլ մեդիագրագիտության հիմնարար հմտությունները ցանկալի է զարգացել դեռ դպրոցական տարիքից, որպես տարբեր դպրոցական առարկաների հավելված:

Մեդիագրագիտության այդպիսի գործնական ուղեցույց՝ «MediaNavigator», վերջերս ստեղծել է միջազգային փորձագետների, դասախոսների, լրագրողների ու խմբագիրների խումբը  յոթ երկրներից՝ Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա, Բելառուս, Հայաստան, Վրաստան և Մոլդովա:

Ուղեցույցը գործիքների ու վարժությունների հավաքածու է, ավելի շուտ՝ տուփ, որը նախատեսված է ռուսալեզու լսարանի համար ու ներառում է տարբեր թեմաներով վարժություններ՝ բարդության մի քանի աստիճանին համապատասխան:

Վարժություններն ու խմբակային աշխատանքները կարելի է կատարել միջին դպրոցի աշակերտների հետ՝ ներգրավելով նրանց ինֆորմացիայի ստեղծման, ընկալման ու դասակարգման հետաքրքիր գործում: Բայց այս «գործիքների տուփը» օգտակար կլինի նաև տարբեր տարիքային խմբերի համար, քանի որ ուղեցույցներ հարկավոր են բոլորին:

«MediaNavigator»-ը օնլայն գործիքի նպատակը Արևելյան Եվրոպայի, Եվրամիության ու Ռուսաստանի մեդիագրագիտության մասնագետների համախմբումն ու ընդհանուր հարթակի ստեղծումն է:

Ձեռնարկում տեղ գտած վարժությունները կօգնեն տարբերակել լուրի կառուցվածքը, վերլուծել միևնույն իրադարձության տարբեր մեկնաբանությունները, անջատել փաստը կարծիքից, ներկայացնել իրադարձությունը տարբեր պերսոնաժների տեսանկյունից և այլն:

Դասընթացների տարբերակները «MediaNavigator»-ում ներկայացված են ըստ փուլերի: Դպրոցի ուսուցիչները կարող են դրանք օգտագործել՝ տեղայնացնելով ու համալրելով կոնկրետ երկրների մեդիա բովանդակությամբ:

«MediaNavigator»-ի աշխատանքը համակարգել են գերմանական n-ost կազմակերպությունը, Ուկրաինական մամուլի ակադեմիան, ուկրաինական «Դետեկտոր Մեդիա»-ն և ռուսական «Բումագա մեդիան»: Ֆինանսավորել է գերմանական կառավարությունը:

Նախագծի հեղինակները ցանկանում են ընդլայնել մեդիագրագիտության տարածումն ու նպաստել դասավանդման պրակտիկային:

Սա փորձ է ստեղծելու ունիվերսալ ուղեցույց, որը հետագայում կթարգմանվի այլ լեզուներով ու իր օգտակար հղումներով կօգնի տարբեր երկրների ուսուցիչներին, լրագրողներին ու փորձագետներին:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *