Հոկտեմբերի 29-ին Գյումրիի քաղաքային ստադիոնում տեղի ունեցավ տհաճ միջադեպ, որը լայն արձագանք ստացավ հայկական մեդիայում:
Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն առաջնության «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումից երեք օր անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց կարգապահական կոմիտեի որոշումը:
Համաձայն այդ արձանագրության, «Շիրակ»-ի ադմիստրատորը խաղից հետո հարվածել է մրցակցի մարզչին, ինչի համար ստացել է համապատասխան պատիժ (որակազրկում՝ 5 խաղ, տուգանք՝ 150 հազար դրամ):
Եվ քանի որ Գյումրիի ստադիոնում կարգուկանոն է խախտվել, կրկին սահմանվել է համապատասխան պատիժ (1 խաղ՝ առանց հանդիսատեսի, տուգանք՝ 150 հազար դրամ):
«Ալաշկերտի» մարզիչ Աբրահամ Խաշմանյանն էլ անվայել պահվածքի համար որակազրկվել է և տուգանվել (որակազրկում՝ 10 խաղ, տուգանք՝ 200 հազար դրամ):
ՀՀ առաջնությունում կայացած 11 տուրերի ընթացքում Աբրահամ Խաշմանյանը արդեն երրորդ անգամ է «անվայել» պահվածքի համար պատժվում:
Խաղի ավարտից ընդամենը րոպեներ անց ArmSport.am-ը տեղեկացրեց, որ «… խաղի ավարտից հետո գյումրեցի երկրպագուները հայհոյել, այնուհետև հարձակվել և ծեծի են ենթարկել «Ալաշկերտի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին»:
Այս լուրը անմիջապես, հղում անելով ArmSport.am-ին, հրապարակեցին armeniasputnik.am, newsinfo.am, aravot.am, radioaurora.am և այլ կայքեր, մի քանիսն էլ լուրը հրապարակեցին գրեթե նույնությամբ՝ առանց աղբյուրը նշելու:
Հետաքրքիր է, որ դեռևս չկային ականատեսների, առավել ևս՝ հանդիպումը լուսաբանող լրագրողների (եթե եղել են այդպիսիք) ռեպորտաժները:
Ժամեր անց միջադեպի մասին հայտարարություններով հանդես եկան «Շիրակ» և «Ալաշկերտ» ակումբները, իրենց մեկնաբանություններն արեցին Աբրահամ Խաշմանյանը, «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը:
Այդ ժամանակ բացառապես հայաստանյան մեդիայից օգտվողների համար ակնհայտ էր, որ Աբրահամ Խաշմանյանը անմեղ տեղը տուժել է մրցակցի երկրպագուների ագրեսիվ պահվածքի հետևանքով, չի պահպանվել կարգ ու կանոն ստադիոնում:
Երեկոյան «Շիրակը», հետո «Ալաշկերտը» հրապարակեցին միջադեպի տեսանյութը, ինչը ամբողջապես փոխեց իրավիճակի ընկալումը. պարզ էր արդեն, որ կողմերը միգուցե հավասարապես են մեղավոր:
Կրքերը մի փոքր հանդարտվեցին: Ավելի ուշ «Շիրակի» «Սև հովազներ» կոչվող ֆան ակումբը տեսանյութ հրապարակեց:
Փաստերը, տեսանյութերը ցույց տվեցին, որ գյումրեցի երկրպագուները չեն հարձակվել, առավել ևս՝ ծեծի չեն ենթարկել Աբրահամ Խաշմանյանին՝ ինչպես գրված էր առաջինը այս միջադեպի մասին գրած ArmSport.am-ի տեքստում, և որը վերահրապարակել էին մեծ թվով կայքեր:
ArmSport.am-ը իր կայքից հեռացրեց հրապարակումը:
«Շիրակ» – «Ալաշկերտ» հանդիպումից հետո գրանցված միջադեպի լուսաբանումը կրկին հաստատեց հայկական մարզական մեդիայում խորը ճգնաժամի առկայությունը. կարելի է ընդամենը մեկ կայքի միջոցով ցանկացած լուր (ցանկալի է, իհարկե, սկանդալային) «պտտեցնել» և թյուրիմացության մեջ գցել հանրությանը:
Արմեն Նիկողոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: