Համացանցը ամբողջապես փոխել է լրագրության դերը: Եվ սպորտը բացառություն չէ: Եթե մոտ 20 տարի առաջ լրագրողները ցանկացած բնագավառում շատ ավելի ինֆորմացված էին հասարակությունից, ապա ինտերնետի հայտնվելով այս հարաբերակցությունն ամբողջապես փոխվել է:
20-րդ դարում լրագրողները մի քանի քայլ առաջ էին հասարակությունից առնվազն տեղեկատվություն ստանալու իրենց հնարավորություններով: Մարզաշխարհում անբողջ տեղեկատվությունը լրագրողների «ձեռքերում» էր, որոնց ճաշակին և գիտելիքներին համապատասխան էլ ձևավորվում էր հասարակական կարծիքը:
70-80-ական թվականներին Հայաստանում, օրինակ, որևէ մարզական լուր ստանալու հնարավորությունը սահմանափակվում էր ճանաչված երկու պարբերականներով. հայկական «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» և ռուսական «Советский спорт» թերթերով:
Ընդ որում՝ երկուշաբթի օրերին ԽՍՀՄ-ում թերթեր չէին տպագրվում և հանգստյան օրերին՝ շաբաթ և կիրակի կայացած ԽՍՀՄ առաջնության (ֆուտբոլի, հոկեյի և այլն) հանդիպումների արդյունքներին, մրցաշարային աղյուսակին ծանոթանալու համար պետք էր սպասել մինչև երեքշաբթի՝ երբ լույս էին տեսնում այս երկու թերթերը:
Բնականաբար, այդ տարիներին արտասահմանյան և անգամ տեղական սպորտի մասին մեր ինֆորմացիան բացառապես այս պարբերականների լրագրողներն էին ներկայացնում. չկար տեղեկատվության այլ աղբյուր:
Պելեի, Գարինչայի, համաշխարհային սպորտի այլ հանճարների մասին ավելի քիչ էր գրվում, քան ասենք խորհրդային քաղբյուրոյի որոշումների, կոմունիստ մարզիկների «հրաշալի արդյունքների» մասին:
Ներկայիս մարզասեր սերնդի համար միգուցե անգամ անհասկանալի կարող է լինել, թե ինչպես կարելի էր ապրել առանց Իսպանիայի, Անգլիայի առաջնությունների, առանց համաշխարհային սպորտի աստղերի մասին տարատեսակ ինֆորմացիայի, միջազգային մեծ մրցաշարերի հեռարձակումների: Բայց դա ԽՍՀՄ-ն էր:
Այդ տարիներին լրագրությունը, լրագրողները «ցուցափայտով քայլող ուսուցչի» դերում էին: Հասարակությունը ստանում էր այն ինֆորմացիան, որը հրահանգավորվում էր վերևներից և ոչ թե այն, ինչը ցանկանում էր ստանալ՝ սա թերևս 20-րդ դարի խորհրդային լրագրության ամենաէական հատկանիշներից էր:
Ինտերնետի դարաշրջանում արդեն մեզ հետաքրքրող որևէ ինֆորմացիա ստանալու համար պետք չէ սպասել ընդհանրապես. ցանկացած տեղեկատվություն հասանելի է:
Փոխվել են նաև լրագրության արտահայտչամիջոցները. նախկինում գրեթե 100 տոկոսանոց «ծածկույթ» ունեցող թերթերին և հեռուստատեսությանը այսօր լրջագույն մարտահրավեր է նետել համացանցը՝ սոցիալական, որոնողական ցանցերի միջոցով: Ֆեյսբուքը, Թվիթերը, Յություբը համաշխարհային մարզական լրագրության այլևս անքակտելի մասն են կազմում և շատ դրվագներով գերազանցում են հեռուստատեսությանն ու թերթերին:
Իհարկե, Հայաստանում, մասնավորապես մարզական լրագրության բնագավառում բոլորովին այլ պատկեր է: Տեղական ու ժամանակակից խնդիրների մասին կխոսենք հաջորդող հոդվածներում:
Արմեն Նիկողոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: