Հայկական մեդիադաշտ է մուտք գործել նոր օնլայն հեռուստատեսություն, որի բովանդակությունը (տեղական արտադրության ֆիլմեր և տեսահոլովակներ) դիտելու համար սպառողը պետք է վճարի:
Arev TV-ին (Armenian Exclusive Videos) անվանումով ալիքը պատկանում է «Old School» ընկերությանը, որը հիմնադրել և ղեկավարում են պրոդյուսերներ Արմեն Գրիգորյանն ու Ռուբեն Թումանյանը:
Նրանք վստահ են, որ այս հեռուստաալիքը ստեղծվում է նրանց համար, ում չի բավարարում այսօրվա հեռուստատեսությունը:
Եվ քանի որ պահանջները ժամանակակից հեռուստատեսությունից մեծ են, կարելի է ենթադրել, որ նախագծի հեղինակները գրեթե հեղափոխական առաջարկ պիտի անեն:
Նախագծի համահիմնադիր Ռուբեն Թումանյանն ասում է, որ իրենց թիրախային սպառողները Ամերիկայում և Ռուսաստանում ապրող հայերն են, որոնք կարող են դիտել յուրահատուկ բովանդակություն օրվա ցանկացած ժամի և կապված չլինել հեռարձակողի հետ:
«Անխուսափելիորեն աշխարհն այսօր գնում է վճարովի հեռուստաարտադրանքի սպառմանը, Հայաստանում էլ արդեն հասունանում է այդ պահը: Չնայած մեծ հույսեր չենք կապում տեղացի սպառողների հետ, բայց հետագայի համար խնայած հույսեր ունենք»,-ասում է Ռուբեն Թումանյանը:
Ալիքը գովազդվում է որպես «լրատվամիջոց աշխարհի հայերի համար»:
Հարթակը հանրությանը ներկայացնում է արվեստագետների, որոնք «ագրեսիվ» առաջխաղացում են ապահովում «Arev TV»-ի համար: Գրող Վահրամ Սահակյանը, երգիչ Արամոն, դերասան Հրանտ Թոխատյանը թիրախավորում են իրենց պոտենցիալ լսարանը որպես «ճաշակով, գլխով մտածող և առաջադեմ մարդկանց» հետ:
«Դու «Arev TV» չես նայու՞մ, ինչու, դու հայ չե՞ս» կարգախոսը վճարողի արտադրանք թողարկող լրատվամիջոցի համար բավականին ռիսկային է: Հարցը միայն այն չէ, որ Հայաստանում մարդիկ դեռ պատրաստ չեն վճարել մեդիաբովանդակության համար, այլ այն, որ անհայտ է, թե որն է միայն «հայ» լսարանին ուղղված բովանդակությունը:
«Ագրեսիվությամբ ուշադրություն գրավել ենք ուզում: Եթե վախենանք ագրեսիվության հետևանքներից, ոչինչ չենք անի: Միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր հավանում են և մարդիկ, ովքեր չեն հավանում նորույթը»,- բացատրում է Թումանյանը:
«Arev TV»-ն «հայ» լսարանին առաջարկելու է սեփական արտադրության 18+ հաղորդումներ՝ հիմնականում հումորային, որոնք պարունակելու են ցենզուրայից դուրս արտահայտություններ: Դրանք առանձնացված են 18+ մակնշմամբ:
«Ինտերնետային ֆորմատն ավելի շատ ազատություն է տալիս, քան էթիկային հետևող ավանդական հեռուստատեսությունը: Մեր հաղորդումներում կտեսնեք այն, ինչ կա իրական կյանքում և ինչպես որ կա: Պարզապես բարեխղճորեն զգուշացնում ենք ոչ նորմատիվ լեքսիկայի մասին»,-ասում է նա:
Այժմ եթեր են հեռարձակվում Արամոյի «Ասողին լսող ա պետք», Արմեն Թադևոսյանի «Չարբախ-Գլենդել տրանզիտ» 18+, Վահրամ Սահակյանի «VaHram. Online» 18+, Հրանտ Թոխատյանի աղջկա՝ Լիլիթիկ Թոխատյանի «Հանդիպում մանկության հետ» և մի շարք սեփական արտադրության հաղորդումներ:
Հարթակը բաց է նաև այլ արտադրողների համար:
«Մեծ քանակի սեփական արտադրանք ունենք, տեսնենք ինչպիսի ակտիվություն կլինի: Ընդունված է, որ նման նախագծերի կայացման համար կես տարուց մինչև 2 տարի է պետք»,-ասում է նախագծի համահեղինակը:
Կայքում գործում է մեկական գնման սկզբունքը, այլ ոչ թե բաժանորդային վճարը: Հաղորդումների գները տարբեր են՝ 1-ից մինչև 3 դոլար արժողության: Մեկ անգամ որևէ հաղորդման համար վճարելուց հետո այն դառնում է դիտողի սեփականությունը: Սակայն հնարավոր չէ ներբեռնել բովանդակությունը, տարածել կամ տեղադրել յութուբում:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: