Արտաշատի մասին յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի շրջանավարտ որոշ բաներ գիտի:
Օրինակ, որ Արտաշատը Արարատի մարզում է, որ հիմա այն Արարատի մարզկենտրոնն է, որ եղել է Մեծ Հայքի մայրաքաղաքը շատ հին ժամանակներում՝ մեր թվարկությունից առաջ, որ Արտաշատը կառուցել է Արտաշես առաջին թագավորը:
Նույնիսկ Արտաշատի հին թատրոնի մասին որոշ բաներ գիտենք. Արտաշատում թատրոնը ծաղկել է Արտավազդ թագավորի օրոք, որը թատերգությունների հեղինակ էր:
Բայց իրոք չգիտեի 1946 թվականին Արտաշատի կոլխոզնիկների ու կոլխոզնիկուհիների դիմումի մասին՝ ուղված Հայկական ՍՍՌ բոլոր աշխատավորներին: Առավել հետաքրքիր է այն փաստը, որ Հայկական ՍՍՌ բոլոր աշխատավորներին ուղված Արտաշատի շրջանի կոլխոզնիկների և կոլխոզնիկուհիների դիմումը ես գտա Ս.Էջմիածնի Հայրապետական աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրում:
1946թ-ի ապրիլ-մայիս–ի համարում կարդում ենք. «ՍՍՌ Միության ժողկոմսովետը հատուկ որոշում ընդունեց, որով թույլատրեց արտասահմանյան հայերին արտասահմանից վերադառնալ Սովետական Հայաստան: Այդ որոշումը հանդիսացավ բոլշևիկյան պարտիայի, սովետական կառավարության և անձամբ ընկեր Ստալինի հոգատարության նոր արտահայտությունը հայ ժողովրդի նկատմամբ»:
Խորհրդային մեծ առաջնորդի շռայլության մասին է պատմում նյութի շարունակությունը, որտեղ նշվում են այն մեծ գումարները, որ սովետական պետությունը տրամադրել է հայրենադարձվողներին տեղավորելու համար:
Իսկ հետո, նորից շրջանը փոքրանում է. մեծ Ստալինից, Մեծ հայրենականից, մեծ երկրից վերադառնում ենք Հայկական ՍՍՌ Արտաշատի շրջանի աշխատավորներին.
Արտաշատի կոլխոզնիկներն ու կոլխոզնիկուհիները, իբր սեփական նախաձեռնությամբ դիմում են խորհրդային երկրի աշխատավորներին, որ հայրենադարձվող հայրենակիցների համար գումար հավաքեն: Կոնկրետ թվեր են բերվում. Մենք որոշել ենք ստեղծել արտասահմանից վերադարձող հայերի տեղավորմանը օգնելու ֆոնդ, այդ նպատակով միանվագ տալով բանվորների ու ծառայողների 4-5 օրվա աշխատավարձը և յուրաքանչյուր աշխատունակ կոլխոզնիկի խնայողությունից որոշ գումար»:
Ապա, Արտաշատի շրջանի կոլխոզնիկների ու կոլխոզնիկուհիների դիմումի մեջ նշվում է, որ արդեն հավաքել են ավելի քան մեկ միլիոն ռուբլի:
«Երևանի ստալինյան ռայոնի բանվոր-ծառայողների միայն տասներկու կոլեկտիվներ ֆոնդին հատկացրին 630 հազար ռուբլի»:
«Ալրաղաց կոմբինատի բանվոր-ծառայողներն իրենց ընդհանուր ժողովում ջերմորեն պաշտպանեցին Արտաշատի շրջանի կոլխոզնիկների դիմումը արտասահմանից վերադարձող հայերի տեղավորմանը օգնելու ֆոնդ ստեղծելու մասին: Ժողովի մասնակիցները որոշեցին այդ նպատակի համար հատկացնել իրենց հինգ օրվա աշխատավարձը: Հենց նույն օրը բանվոր ծառայողները հատկացրին քսանհինգ հազար վեց հարյուր ռուբլի»:
Հոդվածում մի քանի էջ շարադրվում է մեծ և փոքր ձեռնարկությունների հրավիրած ժողովներում հավաքված գումարների մասին տվյալները: Բերված թվերը պատկառելի են:
Դիմումն ավարտվում է՝ «կեցցե մեր մեծ հայրենիքը, կեցցե մեր փառապանծ սովետական կառավարությունը, կեցցե Լենին-Ստալինի մեծ պարտիան, թող երկար ու երկար տարիներ ապրի մեր բոլոր հաղթանակների ստեղծող, սովետական ժողովուրդների հարազատ հայր, մեր իմաստուն առաջնորդ մեծ Ստալինը»: Դիմում-նամակը ստորագրել են Արտաշատի շրջանի մի շարք կոլխոզի նախագահներ, կոլխոզնիկներ ու կոլխոզնիկուհիներ ու մի ուսուցչուհի:
Ապա, «Էջմիածնի» նույն համարում հետևում է Հայաստանի աշխատավորության խանդավառ արձագանքը արտաշատցիների դիմումին.
«Աշխատանքից անմիջապես հետո Ձեթ-օճառ կոմբինատի բանվոր ծառայողները ժողովի հավաքվեցին, քննության առան Արտաշատի շրջանի կոլխոզնիկների ու կոլխոզնիկուհիների դիմումը»:
«Կիրովի անվան գործարանում արատաշատցիների դիմումի քննությանը նվիրված ժողովները վերածվեցին սովետական կառավարության և հարազատ Ստալինի նկատմամբ սիրո և երախտագիտության վառ ցույցերի»:
«Արտաշատցիների կոչը ստանալուն պես, «Արարատ» տրեստի և գործարանի բանվորները հավաքվեցին միտինգի: Մեծ ոգևորությամբ կոլեկտիվը որոշեց հինգ օրվա աշխատավարձը հատկացնել հայրենիք վերադարձող հայերի օգտին»:
Դիմումը «Էջմիածին» ամսագիրն արտատպել է «Սովետական Հայաստան» թերթի 81,82,83,84,85/1946 համարներից: Բայց ամսագրի ընթերցողը, եթե չիմանա խորհրդային երկրի տվյալ պահի իրավիճակը, պիտի տարակուսի, թե ինչ աղերս ունեն Արտաշատի շրջանի կոլխոզնիկների ու կոլխոզնիկների դիմումը Հայրապետական աթոռի՝ սուրբ Էջմիածնի պաշտոնական ամսագրի հետ:
Ապա, տարակուսանք երկրորդ՝ ինչպես կարող է գյուղական բնակչությունը իր նախաձեռնությամբ կոչ անել ամբողջ պետության աշխատավորներին դրամահավաքի մասին, իսկ երկրի բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, գիտությունների ակադեմիան, ակադեմիական թատրոնը և այլ մեծ, միջին ու մանր հաստատություններ անմիջապես հրավիրեն ժողովներ ու միտինգներ՝ մի քանի գյուղացու և գեղջկուհու կազմակերպած ակցիային արձագանքելու համար:
Կամ, կարող են մտածել, թե ինչ բարեկեցության մեջ են սկսել ապրել հայրենիքում մեր հայրենադարձված հայրենակիցները, երբ նրանց համար Հայկական ՍՍՌ բնակչությունը սեփական կամքով այդքան մեծ գումարներ են հավաքել՝ թվերն իրոք խոսուն են:
Բայց այդ տարակուսանքը նրանց տարակուսանքը կլինի, ովքեր տեղյակ չեն լինի անցյալում տևական գոյություն ունեցած ֆանտաստիկ կեղծ երկրի բովանդակությանը:
Մեզ դա չի սպառնում: Բայց նույնիսկ մեզ՝ այդ պետության միայն վերջին տարիների վկան եղածներիս մեջ էլ հաստատ տարակուսանք կառաջացնի և առաջացրեց Արտաշատի շրջանների կոլխոզնիկների ու կոլխոզնիկուհիների դիմումը «Էջմիածին» ամսագրում տեսնելը: Բայց՝ կարճատև:
Մեր եկեղեցուն միշտ վիճակված է եղել կամ փոխարինել պետությանը, կամ՝չափազանց համատեղվել:
Իսկ մամուլը խորհրդային բիրտ ժամանակներում էլ մամուլ էր ու կատարում էր իր դերը: Խորհրդային գաղափարական հասարակությունը թերթ կարդում էր: Քիչ թե շատ գրագետ մեկը կուսակցական մամուլի հրապարակումները պետք է կարդար, պետք է տեղյակ լիներ բոլոր որոշումներին, առաջնորդների ելույթների բովանդակությանը: Քառասունվեց թվականի այս հրապարակումը երկրում ստեղծում էր հայրենադարձվողների բարեկեցությանն ուղված երկրի մտահոգության մեծ պատրանք: Բացի այդ, մամուլը հրապարակավ ստեղծում է մեծ, համաժողովրդական դրամահավաքի պատրանք: Խորհրդային մամուլի հրապարակումները շփոթեցնում էին, մեղմ ասած, նաև հայրենադարձվողներին: Մամուլը այսպիսի հրապարակումներով բարեկեցիկ կյանքի խաբկանք էր ստեղծում հայրենադարձվելու որոշում կայացնողների մեջ: Իսկ ավելի կոնկրետ՝ խաբում էր և մարդիկ ճակատագրական որոշումներ էին կայացնում:
Որպես կանոն, եկողների առաջին մեծ ցնցումը միշտ կապված է եղել կյանքի պայմանների մակարդակի հետ, բարեկեցության իսպառ բացակայության հետ: Մամուլն այս գործում արել է իր «գործը»:
Լուսինե Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: