2017.09.05,

Քննադատ

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի. «Լափված մազութի» գործը

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը դեռ ավելի շատ խաղի է նման, գոնե արդյունավետության տեսանկյունից։

«Լափված մազութի» գործը

Անկախ Հայաստանի առաջին կոռուպցիոն սկանդալները «անցյալի ծանր ժառանգություն» էին։ Այս արտահայտությունը ՍՍՀՄ-ում օգտագործում էին ցարական իշխանությունը քննադատելու համար, բայց 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի ու ահռելի ավերածությունների մեղավորը հենց սովետական ղեկավարների կաշառասունությունն էր՝ շինանյութերի համարյա օրինականացված գողությունը։

Ավելին՝ նրանցից շատերը հասցրին իրենց գրպանն ուղղել հանրապետության ստացած ահռելի օգնության զգալի մասը, տնակների ու բնակարանների բաշխման լծակներին տիրապետելու «եկամուտները» (թեմային մանրամասն անդրադարձել եմ իմ «Երկրաշարժ սովետական մեդիայում» հոդվածաշարում)։

Իշխանափոխությունից հետո ևս աղետի գոտում կարգուկանոն ու արդարություն չհաստատվեց։ Նոր իշխանության օրոք նպատակային չօգտագործված մի խոշոր նվիրատվության հանելուկային ճակատագիրն է հիշում «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը։

1990-ականների սկզբին աղետի գոտում քաոսային վիճակ էր, իսկ Երևանում, մտնելով որևէ դատարկ մթերային խանութ, կարելի էր տեսնել… ֆրանսիական կոնյակների զորաշար. Երևանի քաղաքապետարանի 51 միլիոն ռուբլու գնումն էր, որ արվել էր քաղաքի բյուջեն համալրելու նպատակով։

Գործարքը քննադատվեց ժամանակի ընդդիմադիր մամուլի կողմից, բայց ի վերջո կոռուպցիոն բաղադրիչ չհայտնաբերվեց։

Այս զարմանալի պատմությունը չհաշված, համակարգային, «բարձր հովանավորությամբ» իրականացված կոռուպցիոն հանցագործության առաջին մեղադրանքը թերևս հնչել է «լափված մազութի» գործի առթիվ։

Ո՞րն էր գործի էությունը։ 1992-95 թթ. Հայաստանում ծանրագույն վիճակ էր, հատկապես էներգետիկ ոլորտում։ Կենտրոնացված ջեռուցման դադարեցում, օրական երկժամյա էլեկտրամատակարարում։ Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ կար 24-ժամյա հոսանք, էժան, 1 կվտը՝ 4 կոպեկ (միջին աշխատավարձի 0,025%-ը), ընդ որում, շատ-շատերը լեզու էին գտնում «լույսի մարդու հետ» ու, գրպանը փող դնելով, կանգնեցնում հաշվիչը։

Եվ ահա, լուրեր տարածվեցին, որ «մութուցուրտ» Հայաստան բավարար չափով մազութ է ներկրվել է, հոսանքն էլ արտադրվում է, բայց իշխանությունը հողանցում է անում, որ ժողովրդին խեղճացնի: Խորհրդարանի I-III գումարումների անդամ Արշակ Սադոյանը դարձավ մեկ ուրիշ վարկածի առաջամարտիկը՝ որ մազութը «լափվել» է։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո (1998թ.), նաև Սադոյանի բուռն պահանջով և նոր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ Ազգային ժողովում ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր այդ գործը՝ պաշտոնական նպատակ հռչակելով «1992-99 թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի օգտագործման, ինչպես նաև էներգետիկային ուղղված առանձին վարկերի արդյունավետությունը»։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Տեր-Պետրոսյանի ընդդիմադիրները, որոնցից մեկը՝ Մանուկ Գասպարյանը, տեղի ունեցածը «թալան» կոչեց դեռ մինչև արդյունքների ամփոփումը։

2000 թ. հունիսին հրապարակվեց հանձնաժողովի կիսամյա գործունեության հաշվետվությունը (ամբողջական տարբերակը լույս տեսավ «Հայոց աշխարհ» թերթում, 15.06.17), որի համաձայն՝ «1992-95 թթ. Հայաստան չներկրված մազութի քանակը կազմում է 305 հազ տ, ընդհանուր արժեքով մոտ 25 մլն ԱՄՆ դոլար»։

Հետագայում ԱԺ-ում լսվեց նաև «Կառավարության և Գլխավոր դատախազության հաղորդումը հանձնաժողովի հաշվետվությունում նշված խնդիրների ու եզրահանգումների վերաբերյալ», որը, ըստ նույն թերթի, «մեղմ ասած, հիասթափեցրեց բոլորին» («Դատախազության փաստարկները առայժմ տպավորիչ չէին», «Հայոց աշխարհ», 26.10.2000)։

Անշուշտ պետք է նկատի ունենալ, որ «բոլորը» ՀՅԴ-ն էր՝ իր լրատվամիջոցներով, 90-ականների սկզբի այլ ընդդիմադիր ուժեր։ Այս հիասթափությունից հետո նրանք դադարեցին «լափված մազութով» զբաղվել։

Մինչ այդ էլ մեդիայի քննադատական բնույթի հրապարակումներն ավելի շատ նկարագրել են ծանր իրավիճակը, քան հիմնավորել մեղադրանքները։

Ծավալուն վերլուծական հոդված տպագրել է «մեղադրյալների»՝ նախկին իշխող կուսակցության «Հայք» պաշտոնաթերթը («Խառնարան», 05.03.1999), որտեղ թվարկվում են մազութի ներկրման կամ այդ գործի բացահայտման անմիջական պատասխանատուներ, որոնք Քոչարյանի օրոք ավելի բարձր պաշտոն են զբաղեցնում:

«ՀՀ էներգետիկայի փոխնախարար Երվանդ Զախարյանը պետք է վառելիք բերեր` լուծելով ճակատի և թիկունքի հարցերը։ […] 1993-ի մարտի սկզբին կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի մի քանի իրար հաջորդած նիստերի օրակարգը մեկն էր` ո՞ւր կորավ իբր գնված 70000 տոննա մազութը: […] Ասենք, որ կառավարությունն այդպես էլ չգտավ այդ հարցի պատասխանը: […] Կառավարությունը բավարարվեց 1993 թ. մարտի 17-ին Երվանդ Զախարյանին աշխատանքից ազատելով։ […] ՀՀ վարչապետը գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին հանձնարարեց հետաքննել «մազութի գործը»: Դատախազն իր հերթին գործի քննությունը հանձնարարեց հատուկ կարևորագույն գործերով քննիչ, ԳԽ պատգամավոր Աղվան Հովսեփյանին» (05.03.1999)։

Տեր-պետրոսյանական շրջանակների հետ սերտ կապված մեկ այլ լրատվամիջոց՝ «Չորրորդ ինքնիշխանությունը», կոչ արեց Արշակ Սադոյանին հավատալ գոնե նոր՝ «քոչարյանական» իրավապահ մարմիններին.

«Մազութի Արշակի համար կարևորը ոչ թե փաստն է, այլ գոռալը: Իսկ մեր հասարակությունը, հայտնի է, միշտ էլ սիրել է լաչառներին: Եվ այն, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, գործադրելով իր բոլոր հնարավոր և անհնար ճիգերը, այդպես էլ չկարողացավ գտնել անգամ հանձնաժողովի նախնական զառանցանքը՝ 200 մլն դոլարը, մազութի Արշակի համար փաստ և հիմնավորում չէ» («Էներգետիկ մառազմ.Արշակ Մազութիչի ոդիսականը», 21.12.2001)։

«Լափված մազութի» թեման մի պահ վերակենդանացավ 2007-ին, ըստ ամենայնի, 2008-ի նախագահական ընտրություններին «ընդառաջ», երբ «Հայելի» ակումբում բանավիճեցին Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, դաշնակցական Բագրատ Եսայանն ու ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։

«168 ժամ» թերթը մանրամասն ներկայացրեց կողմերի փաստարկները. «Բանավեճի հենց սկզբում Ռ. Քոչարյանի խորհրդականը հայտարարեց, թե ինքը ՀՀՇ փոխնախագահին մի քանի հարցեր ունի, որոնք, ըստ նրա, շատ են հուզում հասարակությանը: Ու սկսվեցի՜ն… «մութ ու ցուրտ» տարիների, մազութի և Ղարաբաղը «հանձնելու» մասին «լոլոները»: Ի պատասխան՝ Ա. Հովակիմյանը նշեց, թե չէր սպասում նման պրիմիտիվ մակարդակի խոսակցության, սակայն այնուամենայնիվ հիշեցրեց, որ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում առաջացած էներգետիկ ճգնաժամն առաջինը հաղթահարվել է Հայաստանում՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք՝ 1995-ին՝ հրադադարի հաստատումից անմիջապես հետո: Քննարկումը վարող «Հայելի» ակումբի ղեկավարը նկատեց, որ թեև, օրինակ՝ երբ 2-րդ աշխարհամարտի տարիներին Լենինգրադը պաշարված էր, մարդկանցից շատերը սովամահ էին լինում ու անասելի զրկանքներ կրում, սակայն այսօր այդ տարիները հպարտությամբ են հիշվում, որովհետև հնարավոր եղավ դիմակայել այդ դժվարություններին ու հաղթել հակառակորդին» («Նրանց զենքը դեմագոգիան է», 14.09.2007):

Վերջին մեծ անդրադարձը «լափված մազութին», որ հասանելի է թվային որոնման միջոցով, եղել է tert.am-ում, 2013-ին, Արշակ Սադոյան-Հրանտ Բագրատյան հեռակա բանավեճի առթիվ: «Սադոյանը Բագրատյանի «լափված մազութի» մասին հայտարարությունը համարում է լկտի սուտ, թեպետ արխիվն այլ բան է ասում» վերնագրով կայքը տեղեկացնում է.

«Tert.am-ին չհաջողվեց Գլխավոր դատախազությունից այս մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալ։ […] Համացանցում համապատասխան՝ «որոնում» բառը տալով գտանք «Չորրորդ իշխանություն» թերթի 2004 թվականի արխիվացված մի հոդված, որում տեղեկացվում էր, որ Դավիթ Լոքյանի ղեկավարությամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովի զեկույցում «մազութի գործով», բացի Հրազդանի ՊՇԷԿ-ի տնօրեն Մարատ Մարտիրոսյանից, որևէ այլ անուն չի հիշատակվում, ով էլ ըստ «ՉԻ»-ի՝ ձերբակալվել է միանգամայն այլ գործով: «Ուշագրավ է, որ ավելի ուշ նա ոչ միայն ազատ արձակվեց, այլև 2003-ին հայտնվեց ՀՅԴ նախընտրական ցուցակում» («Թերթ», 29.09.13)։

Հատկանշական է, որ կայքը չի շարունակել հետաքննությունը, բավարարվելով Գլխավոր դատախազության խորհրդավոր լռության առթիվ տարակուսանքով։ Էլ ավելի զարմանալի է այն, որ մեդիան համարյա չի զբաղվել 1998-99 թթ.՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք կատարված չարաշահումներով, երբ ընդամենը երկու տարում էներգետիկ ոլորտի կորուստները կազմել էին 1992-95 թթ. համեմատ բազմապատիկ ավելի՝ 150 միլիոն դոլար։

«Լրագիր» կայքի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանի կարծիքով, կոռուպցիան համակարգային է դարձել Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Մինչ այդ եղել է անփութություն, անճարակություն, անկասկած նաև՝ չարաշահումներ, բայց կոռուպցիոն բուրգ, որպես այդպիսին գոյություն չի ունեցել։  

Զարմանալի է մեկ ուրիշ բան՝ ոչ միայն հիմնարար վերլուծություններն են քիչ «լափված մազութի» թեմայով, այլ նույնիսկ մազութի պարզ հիշատակությունը 1992-95 թթ. մեդիայում։

Միգուցե «լափված մազութի» առեղծվածը կարելի է լուծել այն ժամանակի ընդհանուր պատկերի վերականգնման շնորհիվ, որը վերականգնվում է նաև մեդիայի առօրյա հրապարակումների օգնությամբ։  

(Շարունակելի)

Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ 

Վահրամ Մարտիրոսյան,
ՄՆԿ «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար
Կոլաժը՝ Նորայր Այվազյանի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *