«Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը երեկ՝ մայիսի 10-ին, ժամը 18:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում ենթարկվել է գնդակոծության:
Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը։ Նա Ստեփանակերտի հոսպիտալում բարեհաջող վիրահատվել է:
«Շանթ» հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից Media.am-ին տեղեկացրեցին, որ Դավթի վիճակն այս պահին կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հետվիրահատական խնդիրներ առաջանալու դեպքում օպերատորին կտեղափոխեն Երևան:
«Նկարահանող խումբն աշխատում է առաջնագծում և, հաշվի առնելով բարձր ռիսկայնությունը, պահպանում է անվտանգության բոլոր կանոնները: Բացի օպերատորից, աշխատանքային խմբի մնացած անդամները լուրջ վնասվածքներ չեն ստացել և այժմ ոտքի վրա են»,-փոխանցեցին հեռուստաընկերությունից։
Այս միջադեպն, ըստ հեռուստաընկերության, պետք է ուշադրության կենտրոնում պահել, իրականացնել ռազմական հետաքննություն, քանի որ կիրառվել է խոշոր տրամաչափի զենք:
Գնդակոծության արդյունքում տուժել է նկարահանող խմբի ավտոմեքենան: «Շանթ»-ից հայտնեցին նաև, որ իրենք կապ են պահպանում նկարահանող խմբի հետ և միջադեպի պատճառով հաղորդման բնականոն ընթացքը չի խաթարվի. «Որոշ նյութեր, որոնք համապատասխանում են հաղորդման դինամիկային և բխում կոնտեքստից, անպայման տեղ կգտնեն առաջիկա եթերում»:
«Դիրքերում» հաղորդաշարը եթերում է 2016թ.-ից, այն պատրաստվում է ՀՀ Զինված Ուժերի հետ համագործակցությամբ: Հաղորդաշարը կազմված է ռեպորտաժներից՝ նկարահաված սահմանային դիրքերում և առաջնագծում:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: