Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) ամփոփել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանում իրականացված մշտադիտարկման արդյունքները:
Կոմիտեն մշտադիտարկել է Հայաստանի տնտեսական և սոցիալական խնդիրները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում և նախընտրական ու հետընտրական մամուլի ասուլիսներում:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից իրենց նախընտրական ծրագրերում տնտեսական և սոցիալական խնդիրներին ամենաշատն անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքը (100 տոկոս). դաշինքի 1.3 էջանոց նախընտրական ծրագիրը ամբողջությամբ այդ հարցերին է նվիրված:
Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էր (72 տոկոս), իսկ երրորդը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը (67 տոկոս):
Ասուլիսների մշտադիտարկման համար ԽԱՊԿ-ն ընտրել էր փետրվարի 6-ից ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածը՝ մինչև քարոզարշավի մեկնարկը, բուն քարոզարշավը և հետընտրական շրջանը: Նշված երեք փուլերի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է 182 մամուլի ասուլիս՝ 330 մասնակիցներով:
ԽԱՊԿ-ը նաև հաշվել է, թե քանի ներկայացուցիչների մասնակցությամբ են ասուլիսներ կազմակերպվել. 1-ին փուլում անցկացված 63 ասուլիսից 32-ը եղել է մեկ, 15-ը միևնույն ճամբարից 2 կամ ավելի հոգու մասնակցությամբ: Բանավեճային, այսինքն տարբեր ճամբարներից 2 և ավելի ներկայացուցիչների մասնակցությամբ ասուլիսների թիվը 16 էր:
Երկրորդ փուլում (քարոզարշավի ժամանակ) 110 ասուլիսից 37-ն էր բանավեճային:
Հետընտրական շրջանում տեղի է ունեցել ընդամենը 9 ասուլիս, որից 1-ը՝ բանավեճային: Ի դեպ, հետընտրական շրջանում ասուլիսի ընդհանրապես չեն մասնակցել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Ծառուկյան», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները և ՀՅԴ-ն:
Քաղաքական ուժերից ամենաակտիվը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, որն ամենաշատն է մամուլի ասուլիսների մասնակցել: Ասուլիսների տևողությամբ առաջատարը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էր:
ԽԱՊԿ-ն պարզել է նաև, թե որ մամուլի ակումբներն են ակտիվը եղել. «Հայելի» ակումբը հրավիրել է 54 մամուլի ասուլիս, «Փաստարկ»-ն ու «Հայացք»-ը՝ 22 և 19:
Քաղաքական ուժերի մասնակցությամբ 17 ասուլիս էլ անց է կացվել հյուրանոցներում, կուսակցությունների գրասենյակներում և նախընտրական շտաբերում:
Ասուլիսների ընթացքում քաղաքական բոլոր ուժերը ավելի շատ ժամանակ են հատկացրել տնտեսական, քան սոցիալական հարցերին: Տնտեսական և սոցիալական հարցերին ասուլիսների ընթացքում ամենաշատ ժամանակը հատկացրել է «Ելք» դաշինքը:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: