Իննսուներկու-իննսուներեքի աշխատանքային օրն անցնում էր վատ լուրի սպասումով ու մեկ-մեկ թվում էր, եթե աշխատանքային օրն ավարտվի՝ պատերազմի դաշտում էլ աշխատանքային օրը կավարտվի, ու վատ բան չի լինի:
Հատկապես ձմեռները, թերթով վառվող վառարանի մոտ, աշխատանքային օրվա ռիթմը շատ էր խղճահարություն առաջացնում. ամեն դեպքում աշխատում էինք, բայց ինչ-որ պահի որևէ մեկն անպայման բարձր ասում էր «Լույսը գնաց» ու ձեռքը խփում էր սեղանին՝ կարծես մյուսները չեն տեսնում, որ գնաց:
Դրանից հետո անպայման լսվում էր կիսամեռ մի ձայն. «Սեյվ չէի արել»: Եվ դարից երկար ձգվում էր աշխատանքային օրը՝ չվառվող վառարանի, դրսի տաք շորերով դեսուդեն անող լրագրող, մուտքագրող, ծրագրավորողների կիսասնված միջավայրում ու արանքում տուն հասնելու հնարավորությունները քննարկելով:
Դժվար էր ուրախ լինել 92-93-ին: Խմբագրությունում, որտեղ աշխատում էի 22 տարեկանում, գործն ավարտելուց անմիջապես հետո, խիստ կուսակցական մթնոլորտ էր ու՝ առաջնորդի խիստ պարտադիր մեծարում:
Ու մինչև կամաց-կամաց մտածում էի որևէ այլ տեղ տեղափոխվելու մասին, խմբագրությունում հայտնվեց Մանուկ Բիլբուլյան անունով ծրագրավորող մի մարդ, որը խոսում էր բոլորովին ուրիշ բաներից: Իննսուներկուսի անարատ տխրության մեջ նա պատմում էր Սելինջերի կյանքի մանրամասներն ու աչքերը փակած հիանում Սելինջերով, հետո արտասանում «Տարեկանի արտում»-ն այնպես, ոնց որ բանաստեղծություն կամ՝ պոեմ:
Տարօրինակ մարդը առաջարկում էր բոլորիս ապրել ուրիշ մտքերով, որովհետև եթե չես կարող օգնել, տանջվելն անիմաստ է:
Ինձ միշտ թվացել է, թե Մանուկը Սելինջերին ճանաչել է: Ու էդպես՝ Սելինջեր, Կոնֆուցիոս խառնած իրար, մեր օրն անց էր կացնում իրականությունից լրիվ տարբեր այս մարդը:
Մանուկ Բիլբուլյանը մի երազանք էլ ուներ՝ հասնել Ամերիկա ու հանդիպել իր պլատոնոկան սերը դարձած «Ամերիկայի ձայնի» հաղորդավար Լիլի Դրամփլյանին: Էն ժամանակ ծիծաղում էինք, բայց Մանուկ Բիլբուլյանը հաստատ էր որոշել: Չգիտեմ հանդիպեց, թե՝ չէ, բայց վճռական էր երազում:
Տարօրինակ մարդը հեծանիվով էր գալիս աշխատանքի ու գնում տուն՝ մթի, ձյան ու տխրության մեջ կորած քաղաքում: Բայց նրա տարօրինակության գլուխգործոցն այլ էր:
Մանուկ Բիլբուլյանն իր երկու աղջիկների անունները Նանե էր դրել: Երկու տարբեր թվերի ծնված աղջիկներին մարդը նույն անունն էր տվել ու շատ պարզ էր հիմնավորում արածը՝ ես էդ անունն եմ սիրում:
Մի քանի օր առաջ ֆեյսբուքի լրահոսում մի քանի անգամ հանդիպում եմ ԿԸՀ նախագահ Մուկուչյանի պատկերով տեսահոլովակը, որտեղ նա բարձրացնում է երկու օրիորդի նկար: Որևէ հետաքրքրություն չտածելով հետընտրական զարգացումների հանդեպ, կանխատեսելիութան բարձր տիտրի պատճառով, մի քանի անգամ անտարբեր անցնում եմ ու, ի վերջո, միացնում եմ՝ հասկանալու համար, թե ինչ է ասում Մուկուչյանը, ովքեր են այս օրիորդները ու …
Երևանը մի ուրիշ քաղաք է, անցյալ ու նախանցյալ կյանքերից մի այնպիսի պատմություն կգա-կխաչվի ընթացիկ կյանքի ամենապրագմատիկ ու ռացիոնալ իրադարձությանը, որ մի պահ մարդուն կթվա, թե թվում է …
Մուկուչյանը պատասխանում էր բարձրացված կրկնակի քվեարկության բողոքին, թե Նանե Մանուկի Բիլբուլյանը, որ իրոք «հազվադեպ պատահող ազգանուն է», բայց իրականում էս աղջիկները երկու տարբեր աղջիկներ են: Ու ես հասկանում եմ, որ իրենք մեր տարօրինակ Մանուկ Բիլբուլյանի երկու Նանեներն են: Տեսանյութը մեծ ուրախությամբ ֆեյսբուքյան իր պատին էր դրել Մանուկ Բիլբուլյանը:
Երբ Նանեները փոքր էին՝ հարցնում էի. «Մանուկ, բա չեն բողոքու՞մ էրեխեքը», ասում էր. «Փոքր են, չեն հասկանում»: Իսկ հետո Մանուկին մի տասնութ տարի չէի հանդիպել ու երբ մի քանի տարի առաջ հանդիպեցի, հիշեցի աղջիկներին ու պարզվեց, որ խեղճ էրեխեքը բողոքել, բողոքել են ու հարմարվել են հոր զարմանալի ընտրությանը ու արդեն կատակներ են անում:
Իրենք համակերպվել են, բայց ԿԸՀ –ն՝ ոչ:
Ու տարօրինակ է, բայց տարօրինակ Մանուկի շնորհիվ Մուկուչյանն այս անգամ ճիշտ էր. Նանեները տարբեր մարդիկ են՝ նույն հորից, նույն անունով, որովհետև հայրը սիրում էր Նանե անունը …
Լուսինե Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: