Այս տարվա մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածեց 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները և եզրակացրեց, որ դրանք վկայում են այդ տնօրենների կողմից իշխող կուսակցության օգտին ցուցակներ հավաքելու, հետևաբար՝ վարչական ռեսուրսը չարաշահելու մասին:
Այս հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց, այսուհանդերձ, որևէ հետևանք չունեցավ այդ տնօրենների համար (ավելին, թե՛ իրենք, թե՛ ՀՀԿ ղեկավարներն ամեն կերպ արդարացնում էին նրանց գործողությունները), փոխարենը` ընտրություններից հետո պարզ դարձավ, որ 30 տնօրեններ զրպարտության դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի:
Նախ, եթե միաժամանակ 30 հոգով հայց են ներկայացնում, ապա մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ սա կազմակերպված և ուղղորդված գործողություն է և իրավունք ունենք եզրակացնելու նաև, որ այն ուղղորդված է իշխող կուսակցության կողմից:
Երկրորդ, մեր կարծիքով այս տնօրեններին ուղղորդողները լավ չեն կարդացել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան՝ 1087.1 հոդվածը: Ահա զրպարտության սահմանումն ըստ օրենսգրքի այդ հոդվածի.
«3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Տվյալ հրապարակման մեջ փաստացի տվյալներ են միայն ձայնագրությունները:
Սակայն tert.am լրատվական կայքին տված հարցազրույցում հայցվորների պաշտպանը պնդում է, թե «խոսքը վերաբերում է ոչ թե նրան, որ ձայնագրությունը չկա, բայց ներկայացվում է, այլ որ հոդվածի մեջ ասվում է, թե վարչական ռեսուրս է չարաշահվում դպրոցի տնօրենների և մանկապարտեզների տնօրենների կողմից»:
Զրպարտության հայցը, ինչպես տեսանք վերը բերված սահմանումից, կարող է ներկայացվել միայն փաստերի վերաբերյալ:
Այն, որ «հոդվածի մեջ ասվում է, թե վարչական ռեսուրս է չարաշահվում դպրոցի տնօրենների և մանկապարտեզների տնօրենների կողմից», բերված փաստերի վրա հիմնված գնահատող դատողություն է, ինչը հերքելու պահանջ ներկայացնելն ընդամենը նշանակում է, որ այդ տնօրեններն ու նրանց ուղղորդողները չեն տարբերում փաստը գնահատող դատողությունից:
Ավելին, եթե մի քիչ ծանոթ լինեին Եվրոպական դատարանի նախադեպերին, ապա կհասկանային, որ նման հայցը դատական հեռանկար չի կարող ունենալ: Ահա՝ «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» գործով Եվրոպական դատարանի վճռի (08.07.1986 թ.) համապատասխան հատվածը.
«Դատարանի կարծիքով, պետք է հստակ տարբերակել փաստերն ու գնահատող դատողությունները: Փաստերի առկայությունը կարող է ապացուցվել, այն դեպքում, երբ գնահատող դատողությունների ճշմարտացիությունը միշտ չէ, որ ապացուցելի է»:
Հայաստանում, ըստ Քաղաքացիական օրենսգրքի նույն հոդվածի, «Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը»:
Նորից կարդանք՝ փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պետք է ապացուցվի: Իսկ փաստական հանգամանքը, կրկնենք հատուկ օժտված իրավաբանների համար, միայն ձայնագրություններն են: Մնացյալը դրանց հիման վրա արված գնահատող դատողություն է, որի ճշմարտացիությունը ապացուցելի չէ:
Ահա և իմ գնահատող դատողությունը. այս շինծու գործը չի կարող դատական հեռանկար ունենալ, եթե Հայաստանի դատարանը գործի անկախ, ենթարկվի օրենքին և ոչ թե իշխանության ճնշումներին:
Իսկ եթե, համենայն դեպս, դատարանը որոշի բավարարել 30 տնօրենների (հնարավոր է դրանց թիվը ավելանա) հայցը, իսկ վերին ատյաններն էլ այդ վճիռը թողնեն անփոփոխ, ապա վստահաբար ասում եմ՝ Եվրոպական դատարանում այս գործով Հայաստանը հերթական պարտությունը կկրի:
Մեսրոպ Հարությունյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: