Այս ամառ Երեւանի 7 հուշարձանների վրա տեղադրվեցին QR կոդերով ցուցանակներ: Facebook-ում այս երեւանյան նորարաության քննարկումների ժամանակ կարծիքներ կային, որ Երեւանը շատ խնդիրներ ունի եւ QR կոդերի բացակայությունը դրանցից ամենակարեւորը չէ: Բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ Հայաստանում քչերը ճշգրիտ պատկերացում ունեն, թե ինչ է QR կոդը:
Դեռ Բարքեմփ Երեւան 2009-ում QR կոդերի մասին պրեզենտացիա էր ներկայացրել Միքայել Ղազարյանը՝ պատմելով, թե ինչ է QR կոդը եւ ինչ գործածություն կարող է ունենալ: Հայաստանում QR կոդերի նկատմամբ նոր հետաքրքրության ալիք առաջացրին երեւանյան խորհրդավոր ցուցանակները:
Արձանների մոտ տեղադրված ցուցանակներին հետեւեց ինքնատիպ շապիկների առաջարկը դիզայներ Արա Ասլանյանի կողմից: Արային QR կոդեըը հիշեցնում են իր մանկությունը, երբ ինչ-որ տարօրինակ սիմվոլներով գաղտնի այբուբեններ էր հորինում: «Այս երեւույթը շատ մեծ տարածում չունի Հայաստանում եւ ավելի շատ ակումբային կողմնորոշում ունի: Արտասահմանում QR կոդերը շապիկի կամ նման կրիչների վրա օգտագործում են հիմնականում սոց. ցանցերում ընկերանալու նպատակներով: Շապիկիս առկա է QR կոդը որը սքան անելով կարելի է տեսնել իմ անձնական էջի հղումը: Ընդամենը սքան անելով շապիկը հնարավոր է գտնել անծանոթ մեկի կոնտակտները և ընկերանալ սոց ցանցերում»- ասում է Արա Ասլանյանը:
«QR կոդերի համաշխարային լայն տարածման 2 բացասական կողմ ունեն` 1. չգիտեմ ինչու մարդիկ համարում են որ QR կոդն այնքան տգեղ է, որ դժվար թե լայն տարածում ունենա, 2. QR կոդն օգտագօրծվում է բաց տիրույթում` դա նշանակում է անվերահսկելի բովանդակության ազատ տարածում: Հնարավոր է ինչ-որ տեղ լինի ցուցանակ, որը ունենա հղում դեպի ինչ-որ վիրուսակիր կայք/հղում, և խորհուրդ չի տրվում սկան անել անվստահելի տեղերում օգտագործվող QR կոդով ցուցանակը»,- ասում է դիզայները:
QR կոդը «շտրիխ» կոդի մի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկատվություն տվյալ օբյեկտի մասին:
QR Codes = Quick Response Codes, բառացիորեն երեւի կարող ենք թարգմանել որպես արագ արձագանքող/պատասխանող կոդեր, ինչի իմաստը կայանում է նրանում, որ այս կոդը կարող է պարունակել բավական մեծ ծավալով ինֆորմացիա եւ շատ հեշտ ու արագ կարդացվել/ապակոդավորվել: Ի տարբերություն մյուս շտրիխ կոդերի այս կոդերը հնարավոր է կարդալ ցանկացած դիրքից, այսինքն կապ չունի որ դիրքից եք/360°/ նայում կամ նկարում, համապատասխան ծրագիրը միեւնույնն է կկարողանա ճիշտ կարդալ կոդը:
Օրինակ, երեւանյան կոդավորված ցուցանակները կարդալու համար անհրաժեշտ է 1) ինտերնետ կապով ապահովված հեռախոս 2) QR կոդը կարդացող որեւէ ծրագիր, որը կարելի է նախօրոք ներբեռնել հեռախոսի մեջ:
Սմարտֆոններ ունեցողները պետք է գնեն/ներբեռնեն ապակոդավորող ծրագիրը համապատասխան առցանց խանութներից, իսկ հասարակ հեռախոսների համար ծրագիրը կարող եք ներբեռնել համացանցում առկա համապասխան կայքերից, օրինակ` այստեղից:
Ի դեպ, QR կոդերն արդեն 17 տարվա պատմություն ունեն: Դրանք ստեղծվել են 1994թ.-ին Ճապոնիայում Denso-Wave ընկերության կողմից: Մշակման սկզբնական շրջանում QR կոդերը նախատեսված էին մեծ ծավալի ինֆորմացիան փոքր մակերեսի վրա տեղավորելու համար եւ լայնորեն փակցվում էին բոլոր տեսակի ապրանքների վրա: Վերջին 10 տարվա ընթացքում շատացան դրանց այլընտրանքային կիրառումները` սկսած այցեքարտերից, ինքնակենսագրականներից ընդհուպ մինչեւ գերեզմանների վրա տեղադրել, հնարավորություն տալով բացի ստանդարտ անուն/ազգանուն/ ծննդյան եւ մահվան տարեթվերը, մեծ ծավալով ինֆորմացիա փոխանցել:
Մեր իրականության մեջ այս կոդերի այլընտրանքային գործածության ոլորտներն, իրոք կարող են բազմաթիվ լինել՝ սկսած այցեքարտերի վրա տպագրելուց մինչեւ պաստառների, բաժակների կամ ինքնատիպ վերնաշապիկների արտադրությունը:
QR կոդով ցուցանակ պատրաստելը դժվար չէ: Կարելի է օգտվել կոդը գեներացնող այս հղումին: Բավական պարզ է նաև այս կայքը, որտեղ հնարավոր է ինչպես գեներացնել, այնպես էլ ապակոդավորել QR կոդով նկար:
Հասմիկ Սողոմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: