Առաջին քայլեր, առաջին դասարան, առաջին կուրս ու առաջին ընտրություններ. ինչպես աում են` առաջին քայլն ամենադժվարն է, սակայն բոլոր առաջին զգացողությունների մեջ կա ինքնահաստատվելու և ինքնաարտահայտվելու անհագ պահանջ, որոնց կողքին անբաժանորեն քայլում են վախն ու ինքնաթերագնահատումը:
Սկսնակ լրագրողի համար թերևս ինքնահաստատվելու լավագույն միջոցն ընտրություններ լուսաբանելն է: Ես էլ, պայքարելով կասկածների ու սեփական կարողությունների նկատմամբ անվստահության դեմ, ապրիլի 2-ին որպես ԶԼՄ ներկայացուցիչ մասնակցեցի 2017թ-ի ԱԺ ընտրություններին:
Մեկ անգամ լուսաբանելով ընտրությունները` արդեն ինձ լիազորված եմ զգում խորհուրդներ տալ բոլոր սկսնակ լրագրողներին… Եվ այսպես, 7 խորհուրդ սկսնակ լրագրողից՝ մնացած սկսնակներին, ընտրությունների վերաբերյալ:
Կարող ես հուզվել ու անհանգստանալ մինչ հավատարմագրման վկայականը կրելը:
Առաջին քայլի դժվարությունն արդեն նորություն չէ, սակայն երբ սկսում ես կրել հավատարմագրման վկայականը, ապա կարծես դերի մեջ ես մտնում` հատելով մարդ-լրագրող սահմանը: Թղթի կտորը ոչ թե գերբնական ուժ է տալիս, այլ ստիպում է գիտակցել իրավիճակի լրջությունն ու մասնագիտական պարտքի կարևորությունը: Կրիր վկայականը հպարտությամբ, բայց ոչ չարաշահելով:
ԽԾԲ-ն արգելվում է:
Իհարկե սա չի նշանակում, որ պետք է առանց հայացք գցելու հեռանալ ընտրատեղամասից, որտեղ հայտնաբերել ես հանձնաժողովում աշխատող բարեկամ կամ հարազատ: Սակայն մասնագիտական պարտականություններին հավատարիմ մնալու նպատակով սկսնակ լրագրողի համար ավելի նպատակահարմար կլինի աշխատել անծանոթ շրջապատում, որտեղ ոչ ոք չի ցանկանա իմանալ, թե ինչպես են ծնողներդ, կամ էլ վատագույն դեպքում կփորձի շեղել ուշադրությունդ:
Լրագրողի լավագույն ընկերը ուղիղ եթերն է:
Անկախ նրանից, թե ինչպիսի ԶԼՄ ես ներկայացնում, միշտ հնարավորություն ունեցիր ուղիղ եթեր միանալու ընտրատեղամասից, թեկուզ սոցիալական ցանցի միջոցով: Ցանկացած ընտրախախտում, ընտրողների կուտակումներ, վերահսկողության պակաս կարելի է արագ ֆիքսել անգամ հեռախոսի միջոցով` ապահովագրելով թե ՛ ընտրությունների բնականոն ընթացքը, թե ՛ ինքդ քեզ:
Մի կորցրու ընտրատեղամասի նախագահին:
Ընտրատեղամասի նախագահը տեղեկատվության գլխավոր աղբյուրն է և իրավիճակի գլխավոր պատասխանատուն: Աչքիդ տակ պահելով նախագահին և ժամանակին նրա ուշադրությունը հրավիրելով խախտմանը` կարելի է և ՛ վերահսկել ընտրատեղամասի գործընթացը, և՛ թարմ տեղեկատվություն ստանալ:
Ինքնավստահ եղիր:
Սեփական ուժերի ու գիտելիքների վրա վստահ լինելը մեծ առավելություն կտա ցանկացած լրագրողի: Ինքնավստահություն ցուցաբերելով կարելի է պարզաբանումներ պահանջել, հիմնավորել հայտնաբերած խախտումներն ու վերջապես լուրջ ու կայացած լրագրողի տպավորություն թողնել, եթե անգամ դեռ այդպիսին չես: Հիմնավորված ինքնավստահություն ցուցաբերելու դեպքում կարելի է ակնկալել նաև դիտորդների վստահությունը և տեղեկատվությամբ կիսվելու պատրաստակամությունը:
Ունեցիր մեկին, ով միշտ պատրաստ է քեզ օգնության հասնել:
Սկսնակ լրագրողի համար (մասնավորապես ինձ համար) կարևոր է զգալ, որ դու պաշտպանված ես և ունես մեկը, ով անգամ հայացքով հետևում է քեզ ու ուղղորդում` ճանապարհին էլ հարկ եղած դեպքում շոկոլադով ու հեռախոսի մարտկոցի լիցքավորումով ապահովում: Անգամ հեռախոսային կապը կարող է լարված իրավիճակից հանել ու ընտրական խառնաշփոթից հետ բերել` հիշեցնելով, որ մենակ չես:
Թարմ ուղեղով աշխատելն ավելի արդյունավետ է:
Եվ վերջապես, պետք է իմանալ ժամանակին դադար առնելու կարևորության մասին, քանի որ սնվելն ընտրությունների պես կարևոր է: Մի փոքր հանգստանալուց հետո կարելի է ավելի արդյունավետ լուսաբանել ընտրությունները:
Թերևս վերջին անգամ դնեմ #armvote2017 թեգը` հույս ունենալով, որ առաջին անգամ ընտրություններ լուսաբանող լրագրողները, անտեսելով բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, ինձ պես լավ տպավորություններով կկիսվեն մասնագիտական իրենց փորձի մասին:
Էլեոնորա Անտաշյան,
Վանաձորի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի 4րդ կուրսի ուսանող:
Վերահրապարակված է «ԱԺ ընտրություններ 2017» բլոգից
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: